Արտասահմանյան հինգ ընկերությունների լաբորատորիաներ կորոշեն Հայաստանում հանքաքարի խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը

Արտասահմանյան հինգ ընկերությունների լաբորատորիաներ կորոշեն Հայաստանում հանքաքարի խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը

Արտասահմանյան հինգ ընկերությունների լաբորատորիաներ կորոշեն Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը։ Որոշումը ՀՀ կառավարությունն ընդունեց սույն թվականի հունվարի 19-ին՝ սահմանելով այդ լաբորատորիաների ցանկը։ Դրանք են ավստրալիական «էՅԷԼԷՍ» Լիմիթեդ ընկերության («ALS» Limited), անգլիական «Ալֆրեդ Էյջ Նայթ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի («Alfred H Knight International» Ltd), բրիտանական «Ալեքս Ստյուարտ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի («Alex Stewart International» Ltd), ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» Ս.Ա. ընկերության («Bureau Veritas» S.A.), շվեյցարական «ԷՍՋԻԷՍ» Ս.Ա. ընկերության (SGS» S.A.) լաբորատորիաները։

Ըստ որոշման հիմնավորման՝ ներկայում հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը որոշող լաբորատորիաների ցանկ սահմանված չէ, ինչը չի ապահովում մատակարարված խտանյութում մետաղների պարունակության վերաբերյալ թափանցիկության և կանխատեսելիության անհրաժեշտ մակարդակ:

«Ոլորտում հարկման համակարգի արդյունավետության բարձրացման և հավասար պայմանների ստեղծման նպատակով անհրաժեշտ է սահմանել լաբորատորիաների ցանկ, որոնց կողմից տրամադրված եզրակացությունները հիմք կհանդիսանան ռոյալթիի հաշվարկման նպատակով խտանյությում մետաղների վերջնական պարունակության որոշման համար», - նշված է գործադիրի որոշման հիմնավորման մեջ:

Որոշումը, որը մշակել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից եղել է առաջարկ ցանկում ներառել LSI - Laboratory Services International B.V. և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի լիցենզավորված հարգորոշիչ լաբորատորիաները: Սակայն առաջարկը չի ընդունվել։ ՀՀ ֆինանսների նախարարությունն արձագանքել է, որ       այդ հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի, քանի որ չեն ներկայացվել այդ լաբորատորիաները ներառելու առաջարկության համապատասխան հիմնավորումներ: «Արարատի ՈԿՖ լիցենզավորված հարգորոշիչ լաբորատորիան նախագծով սահմանվող ցանկում չի ներառվել՝ հաշվի առնելով նաև այն, որ այդպիսի լաբորատորիա Հավատարմագրման ազգային մարմնի փորձարկման լաբորատորիաների ցանկում ներառված չէ, ինչը նշանակում է, որ նշված լաբորատորիան հավատարմագրված չէ Հավատարմագրման ազգային մարմնի կողմից», - արձագանքել են որոշման հեղինակները՝ նշելով, որ ցանկում ներառված լաբորատորիաները միջազգային ճանաչում ունեցող լաբորատորիաներ են։

Ցանկով սահմանված լաբորատորիաները ՀՀ-ում ներկայացուցչություն չունեն և չեն հանդիսանում ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններ, ինչը, ըստ փաստաթղթի, խոչընդոտ չէ, որպեսզի ՀՀ-ում արտադրվող խտանյութի փորձանմուշները փորձաքննության ներկայացվեն այդ լաբորատորիաներին: «Ռոյալթի վճարող ընկերությունները տարիներ շարունակ համագործակցում են այդպիսի ընկերությունների հետ և ՀՀ-ում ներկայացված չլինելու հանգամանքը որևէ խնդրի չի հանգեցրել: Ընդ որում, խտանյութը հիմնականում արտահանվում է, և խտանյութի մատակարարման պայմանագրերում հիմք են ընդունվում ոչ թե ՀՀ լաբորատորիաների կողմից որոշված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունները, այլ միջազգային հեղինակություն ունեցող լաբորատորիաների կողմից որոշված պարունակությունները»,- նշված է որոշման ամփոփաթերթում։

Հունվար 20, 2023 at 15:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր