Լիճքի պղնձի հանքի շահագործման վերաբերյալ «ԶՊՄԿ»-ի նախաձեռնած լսումները տապալվեցին

Լիճքի պղնձի հանքի շահագործման վերաբերյալ «ԶՊՄԿ»-ի նախաձեռնած լսումները տապալվեցին

Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքի շահագործման վերաբերյալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նախաձեռնած հանրային լսումները տապալվեցին: 2023թ. ապրիլի 5-ին Մեղրի համայնքի բնակիչները թույլ չտվեցին ընկերության ներկայացուցիչներին մուտք գործել համայնքապետարան՝ Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի առաջին քննարկումն անցկացնելու համար։ 

Բնակիչները բարձրաձայնեցին հանքի շահագործմանը դեմ լինելու մասին իրենց դիրքորոշումը, նշեցին սոցիալ-տնտեսական, առողջապահական ու բնապահպանական խնդիրների մասին: «Եթե հանքը շահագործվի, մեղրեցին էլ Մեղրիում չի մնա, տուրիզմը հեչ կլինի», - ասացին նրանք:

Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը դիմելով բնակիչներին՝ ասաց. «Որոշողը ժողովուրդն է, ժողովրդավարական երկիր է: Ցանկացած հանրային լսում պետք է լինի բաց և թափանցիկ: Հանրային լսման ժամանակ ձեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնել իր կարծիքը՝ և՛ բացասական, և՛ դրական: Եթե այստեղ կանգնում ու գոռգոռում ենք, հանրային լսումն ընկնում է ջուրը: Հանրային լսումը չի կայանում»: Ի պատասխան բնակիչները նշեցին, որ իրենք հենց դա էլ ուզում են: «Ոչ մի լսում էլ չի լինելու, հեռացե՛ք: Մենք ուզում ենք ապրել մաքուր միջավայրում»,- ասացին բնակիչները: 

Բագրատ Զաքարյանը նշեց, թե ինչպես որոշեն բնակիչները, այնպես էլ կլինի: «Քանի որ ժողովուրդը թույլ չի տվել իրականանա հանրային լսում, այն համարում ենք չկայացած»,- հայտարարեց նա: 

Մանրամասները դիտեք Meghri News-ի տեսանյութում:



Ապրիլ 05, 2023 at 11:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր