

Ազդակիր 6 համայնքի 33 բնակավայր գումարներ կստանա մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների կողմից վճարված ռոյալթիներից: Բնակավայր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունը հրապարակել է համայնքների ցանկը՝ համաձայն ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի կողմից ստորագրված 2022թ. սեպտեմբերի 26-ի N16-Ն հրամանի:
Նշենք, որ 2022թ. ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ազդակիր համայնքների բյուջե կուղղվի մետաղական հանքեր շահագործող ընկերությունների վճարած ռոյալթիի 2 տոկոսը: Այդ մասհանումը բաշխվելու է տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի և Հայաստանում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջև` 50/50 հարաբերակցությամբ։ Ազդակիր համայնքները իրենց հատկացված գումարները կկարողանան օգտագործել 2024թ.:
ՀՀ կառավարության կողմից 2022թ. սեպտեմբերի 1-ին հաստատված N1370-Ն որոշման համաձայն՝ սահմանվել է համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների 9 ուղղություն, որոնք ներկայացված են ըստ առաջնահերթության՝
1) գյուղատնտեսություն
2) կրթություն և գիտություն
3) առողջապահություն
4) սոցիալական ապահովություն
5) մշակույթ, սպորտ և երիտասարդության զբաղվածություն
6) քաղաքաշինություն
7) ջրամատակարարում և ջրահեռացում
8) տրանսպորտ և ճանապարհաշինություն
9) զբոսաշրջություն:
Այսպիսով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վճարված ռոյալթիից կօգտվեն Քաջարան համայնքի՝ Քաջարան, Քաջարանց, Լեռնաձոր, Ներքին Գիրաթաղ, Կավճուտ, Անդոկավան, Կաթնառատ, Նոր Աստղաբերդ ու Գեղի և Կապան համայնքի՝ Կապան, Արծվանիկ, Սյունիք, Աճանան, Սևաքար ու Չափնի բնակավայրերը: «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ից՝ Մեղրի համայնքի Ագարակ, Մեղրի, Կարճևան, Կուրիս և Գուդեմնիս բնակավայրերը: «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն նույնպես մեկ ազդակիր համայնք ունի՝ Կապանը, որում ընդգրկված Կապան, Գեղանուշ, Սյունիք և Աճանան բնակավայրերը կկարողանան ռոյալթիներից օգտվելու ծրագրեր ներկայացնել:
Լոռու մարզում ռոյալթիներից 2024թ. կկարողանա օգտվել Ալավերդի խոշորացված համայնքը, որի Շնող ու Թեղուտ և Շամլուղ ու Ճոճկան բնակավայրերը ազդակիր են համապատասխանաբար՝ «Թեղուտ» և «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ներին:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք, Կուտավան, Կախակն և Տրետուք բնակավայրերը մասհանում կստանան «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի վճարած ռոյալթիներից, իսկ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր, Արտավազ, Մարմարիկ և Աղվանաձոր բնակավայրերը՝ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի:
Մայիս 31, 2023 at 16:40