«Սագամար» ՓԲԸ-ն մտադիր է Լոռու մարզի Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ-Արմանիս» տեղամասում 2024-2027թթ. երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել: 2024թ. հունվարի 26-ին ընկերությունը հանրային լսումներ (երկրորդ փուլ) է նախաձեռնել Ստեփանավան համայնքի Ուրասար և Արմանիս, Գյուլագարակ համայնքի Պուշկինո և Փամբակ համայնքի Արջուտ գյուղերում:
Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը: Նախատեսվում է 2024-2027թթ. ընթացքում կատարել Ստեփանավանի հանքային դաշտի Չքնաղ-Արմանիս հեռանկարային տարածքի առանձին երևակումների, հանքայնացված գոտիների, հանգույցների որոնողագնահատողական աշխատանքներ:
Հայցվող տեղամասը զբաղեցնում է մոտ 5149.7221 հեկտար:
Նախատեսվում է վերցնել 800 երկրաքիմիական նմուշ: Մակերեսային հետախուզական փորվածքների հիմնական նմուշարկման ձևը ակոսային նմուշարկումն է: Ընդամենը նախատեսվում է վերցնել է 900 ակոսային նմուշ՝ յուրաքանչյուրը մինչև 20 կգ քաշով։ Միաժամանակ նախատեսվում է կառուցվածքային-որոնողական շուրջ 15 հորատանցքերի հորատում:
Հորատման աշխատանքների կատարման, սարքավորումների տեղադրման, ինչպես նաև հորատող հաստոցի շրջադարձի համար անհրաժեշտ աշխատանքային տարածք ապահովելու համար նախատեսվում է 70 քառ/մ չափերով 15 հորատման հարթակի շինարարություն: Հորատման հարթակների կառուցման ժամանակ հանված գրունտի ծավալը կկազմի մոտ 1050 խմ: Հարթակների շինարարության ընթացքում 0.2 մ միջին հզորությամբ հողաբուսական շերտը հանվելու է և կարճաժամկետ կտրվածքով կուտակվելու է հարթակի հարևանությամբ:
Որոնողագնահատողական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է կատարել խախտված հողերի ռեկուլտիվացիա: Հետ է լցվելու հետախուզաառուների, մաքրվածքների և հորատման հարթակների տարածքից հանված գրունտը և հողաբուսական շերտը: Ռեկուլտիվացիայի աշխատանքների արժեքը կազմում է 10230.13 հազար դրամ:
Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ընթացքում ընկերությունը իրականացնելու է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելմանն և մեղմացմանն ուղղված մշտադիտարկումներ: Մասնավորապես՝
- մթնոլորտային օդ կատարվող աղտոտող նյութերի արտանետումների որակական և քանակական պարամետրերի պարբերական չափումներ
- կենսաբազմազանության ուսումնասիրություն, նկարագրում՝ տարածքին բնորոշ վայրի բնության ներկայացուցիչների քանակ, աճելավայրերի և ապրելավայրերի տարածք, պոպուլյացիայի փոփոխություն
- երևակման տարածքով հոսող գետակի ջրերի մոնիթորինգ և այլն:
Հիշեցնենք, որ «Սագամար» ՓԲԸ-ին է պատկանում Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: 20.12.2012թ. ՊՎ-093 ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն` ընկերությունը հանքը պետք է շահագործեր 2012-2049թթ. ընթացքում: Սակայն 2015թ-ից հանքը չէր շահագործվել։ ՏԿԵ նախարարությունը վարչական վարույթ էր սկսել «Սագամար» ՓԲԸ-ի նկատմամբ, քանի որ ընկերությունը շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին չէր վճարել 9 միլիոն 481 հազար 120 դրամ, ինչպես նաև 2016-2019թթ. չէր շահագործել Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը: Ընկերությունը 2021թ․ Կենտրոնական գանձապետարանի հաշվին էր փոխանցել 9 միլիոն 124 հազար 557 դրամ և 2021թ-ի մարտ ամսից սկսել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները։
Դեռևս 2022թ. հուլիսին ընկերությունը Ուրասարում, Ստեփանավանում, Պուշկինոյում, Արջուտում և Նոր Խաչակապում կազմակերպել էր հանրային լսումներ՝ Ստեփանավանի հանքային շրջանի Դեղին և Սև գետերի ավազանի հանքերևակումների տեղամասում նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ: Լսումները մի քանի բնակավայրերում հայտարարվել էին չկայացած, քանի որ տեղի բնակիչները ներկա չէին գտնվել:
Հիշեցնենք, որ Արմանիսի հանքավայրին և արդյունաբերական թափոնների լցակույտերին հարակից հողատարածքներում ու ջրաղբյուրներում չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող ՀԿ-ի կողմից հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի աջակցությամբ 2021թ. իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ տարածքներն աղտոտված են ծանր մետաղներով՝ մկնդեղ, քրոմ, կադմիում, կապար, ցինկ, մոլիբդեն և այլն։ Այս նույն մետաղները նորմային մոտ կոնցենտրացիաներով հայտնաբերվել են նաև Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի և արդյունաբերական թափոնների լցակույտերի ազդեցության տակ գտնվող Լոռու մարզի խոշորացված Ստեփանավան համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերի բնակիչներից վերցված կենսանմուշներում:
Հունվար 25, 2024 at 17:50