Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի բնակիչները դեմ են Փամբակում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելուն

Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի բնակիչները դեմ են Փամբակում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելուն

Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի բնակիչները դեմ արտահայտվեցին «Կոմպոզիտ Մետալ» ՍՊԸ-ի կողմից նշված բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելուն: Այս մասին նրանք նշեցին 2025թ. հունվարի 21-ին Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ:

Փամբակ 

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը նշեց. ««Կոմպոզիտ մետալը» Արջուտ բնակավայրում գործող ոսկու հանքի և ոսկու գործարանի հետ համագործակցող ընկերություն է»: 

«Կոմպոզիտ մետալ»-ի բնապահպանական խորհրդատու Զարուհի Զուռնաչյանը նշեց. «Ընկերությունը մտադիր է իրականացնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, որպեսզի պարզի, թե տվյալ տարածքները հետագայում որպես հանքավայր հեռանկարային են, թե՝ ոչ, կլինեն այդտեղ արդյունագործական պաշարներ, թե՝ ոչ: Լինելու են շատ կարճ ուսումնասիրություններ, նմուշառման աշխատանքներ»: 

Փամբակի համայնքապետարանում նախաձեռնված լսումներին բնակիչները բարձրացրեցին հանքավայրի հնարավոր շահագործման դեպքում բնության աղտոտման, զբոսաշրջությանը վնասելու մասին հարցեր: 

«8 միլիոն դոլարի ներդրում ենք արել, որ տուրիստ բերենք, դուք ուզում ենք հանք շահագործել մեր քթի տակ: Հյուրանոցային համալիր է կառուցված, ճոպանուղի ենք կառուցելու: Ես սաղ թողել եմ, դրսից եկել եմ այստեղ՝ նեդրում անեմ, որ դուք թոզ անեք»,- նշեց ներկա բնակիչներից մեկը: 

«Այստեղ ինչ արվում է, չեն պահպանվում նորմերը, մենք ուզում ենք տուրիզմ զարգացնել: Հանքերով չի կարող զարգանալ տուրիզմը: Մեր հյուրանոցն ուղիղ գծով մոտ 1000 մետր հեռավորության վրա կլինի այդ տեղամասից»,- նշեց մեկ այլ բնակիչ: 

«Ձեր ուզած տեղում գյուղի ժողովուրդը 100 տարի հնձելա, բա էդ հողերն ի՞նչ կլինեն: Մենք ստեղ ապրելու ենք, մեր երեխաներն են ապրելու, էդ եքա սարի գլուխը որ կտրեք, ոսկու հանք բաց անեք, ոնցա՞ լինելու...»:

«Ամեն ինչին էլ խանգարելու է: Մարդիկ ասում են, որ կողքը քարի հանք կա, ոնց գանք էդ հյուրանոց: Հիմա իմանան ոսկու հանք է, էլ ոնց կգան...»:

«10 մատիս պես ամեն ինչ պատկերացնում եմ, փոշի կլինի, պայթեցում անեն, համայնքի համար լուրջ խնդիր կլինի: Որտեղ ուզում եք՝ բացեք, ստեղ չեք բացելու»:

Ընկերության ներկայացուցիչն արձագանքեց, որ դեռ միայն ուսումնասիրությունից են խոսում, շահագործման մասին խոսք չկա: 

Քարաբերդ

Քարաբերդում նույնպես բնակիչները բարձրաձայնեցին խնդիրների մասին:

«Ուրեմն կով չտենք պահի, խոտհարքները վերանում են, մենք ըտեղ խոտ ենք հնձում, ավտոմատ քոչացնում են: Երկու կով եմ պահում, փաստորեն մեզ գյուղից հանո՞ւմ եք»:

«Մեր գյուղը ոնց որ ավտոմատ ոչնչացնեն: Մենք համաձայն չենք, երկու ապրանքն ենք պահում, դրանով ենք ապրում էս ձորում, որ սաղ ոսկու հանք դառնա, էլ ինչպե՞ս ենք ապրելու ստեղ»: 

«Ավելի ճիշտը հիմա չուսումնասիրելն է, քան հետո դեմ կանգնելը: Բոլորիս էլ վնաս է  հանքը, չենք ուզում այդ տարածքներից մի բահ հող վերցնեն, տանեն նմուշ»:

Բնակիչներին ի պատասխան` ընկերության ներկայացուցիչն ասաց, որ հանքավայրի շահագործման հետ կապված լսումները երբ լինեն, այդ ժամանակ այս հարցերը բարձրացնեն:

Բազում 

Ընկերության ներկայացրած գործունեությանը դեմ արտահայտվեցին նաև Բազում բնակավայրում: 

«Դեմ ենք նմուշառմանն ու հանքի շահագործմանը: Սա էկոլոգիայի վատթարացման ծրագիր է, բնակիչների անունից ասում եմ՝ բոլորս դեմ ենք»,- նշեց մի բնակիչ: 

«Եթե հանքում պաշար լինի, էսքան մարդ դեմ է, էլ ինչ իմաստ ունի ուսումնասիրություն կատարելը: Եթե վնաս պատճառվի, ո՞վ է փոխհատուցելու: Ինչի՞ համար եք նմուշ վերցնում: Եթե մեր կարծիքը հաշվի եք առնելու, մենք ասում ենք՝ դեմ ենք»:

«Սա կոնկրետ մեր տների վերևնա, էդ ջրերից ենք մենք օգտվում, էդ ջրով լիճ ունենք սարքած՝ ձուկ ենք պահում»,- նշեցին բնակիչները:

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը լսումների ավարտին տեղեկացրեց, որ համայնքի ավագանին հնչած կարծիքների և արձանագրության հիման վրա որոշում կկայացնի: «Մեր ավագանին լեգիտիմ է, լսումներին ներկա են եղել ավագանու անդամները»,- ասաց նա: 

Նշենք, որ շրջակա միջաավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի համաձայն՝ հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ավագանին որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ, որը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին։



Հունվար 21, 2025 at 17:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր