

2025թ. մարտի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետություն «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի առաջին փոփոխության» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը։
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությունը կնքել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության հետ 2024թ. մայիսի 22-ին։ Ծրագիրն ուղղված է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության ստանձնած հանձնառությունների իրագործմանը։ Այն ընդգրկում է կենսաբազմազանության պաշտպանությունը, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացիան, անտառվերականգնումը, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորումը։
Համաձայնագրի փոփոխության անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում ամրագրված զարգացման ռազմավարությունից։ Իսկ նախատեսված միջոցառումները բխել են Կառավարության ծրագրի մի շարք առաջնահերթություններից, ինչպես օրինակ՝ անտառների կայուն կառավարում, կենսաբազմազանության պահպանում, բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարում, ընդերքօգտագործման արդյունքում խախտված տարածքների ռեկուլտիվացիա և ազգային օրենսդրության մոտարկում ԵՄ շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությանը` համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի:
Ըստ նախագծի հիմնավորման՝ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9,100,000 դոլար: Ծրագիրը միաժամանակ ներառված է Հայաստանի 2025թ. պետական բյուջեում՝ 679.6 միլիոն դրամ ֆինանսավորմամբ՝ առանց համաֆինանսավորման պահանջի։ «Համաձայնագրի կնքման պահին հասանելի ֆինանսական միջոցները կազմել են 6,946,863 դոլար։ Ծրագրի բյուջեի մնացած մասը նախատեսվում էր փոխանցել հետագա փուլերում՝ համաձայնագրի փոփոխված տարբերակի միջոցով: Հաշվի առնելով, որ բազմադոնոր տրաստային հիմնադրամի կողմից հատկացվող միջոցներն արդեն հասանելի են, նախատեսվում է կատարել փոփոխություն համաձայնագրի 3.01 կետում՝ վերանայելով ֆինանսական հատկացումները։ Այս փոփոխությամբ 1,496,863.0 դոլարի փոխարեն հատկացվելու է 2,506,748.0 դոլար»,- նշված է պաշտոնական փաստաթղթում:
Մարտ 26, 2025 at 16:18