

Շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը դրական փորձաքննական եզրակացություն է տվել «ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման ժամկետի երկարաձգման նախագծին։
2026թ. հոկտեմբերի 14-ին ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի կողմից հաստատված թիվ 151-26 փաստաթղթի համաձայն՝ դրական եզրակացությունը տրվել է մի շարք պարտադիր պայմանների կատարման պահանջով։
Փաստաթղթում նշվում է, որ հանքավայրի տարածքը գտնվում է Զառիթափ բնակավայրից մոտ 4.5 կմ, Զառիթափ բնակավայրի վարչական տարածքից՝ 6 կմ, Եղեգիսի ջրամբարից՝ 2 կմ, իսկ Արփա գետի միջին հոսանքից՝ մոտ 210 մ հեռավորության վրա։
Նախագծով նախատեսվում է բաց եղանակով արդյունահանում։ Եզրակացության մեջ նշվում է, որ հանքավայրի շահագործման բացահանքի խորությունը նախատեսվում է 94 մ, երկարությունը՝ 710 մ, լայնությունը՝ 166 մ։ Բացահանքի առավելագույն բարձրությունը նշված է 80 մ, ընդհանուր մակերեսը՝ 21.5 հա, իսկ վերին հրապարակի մակերեսը՝ 13 հա։ Լեռնատեխնիկական ռեկուլտիվացման ենթակա ընդհանուր մակերեսը նախատեսված է 31.2 հա։ Բացահանքի ծառայության ժամկետը նախատեսվում է 13.8 տարի։
Փորձաքննական եզրակացությամբ սահմանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության կանխարգելման և մեղմացման մի շարք պահանջներ։ Դրանց թվում են մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, հողերի և կենսաբազմազանության վրա ազդեցությունների վերահսկողությունը, փոշենստեցման միջոցառումների իրականացումը, աղմուկի և թրթռումների սահմանափակումը, ինչպես նաև խախտված տարածքների վերականգնումը։
Փաստաթղթով նախատեսվում է նաև իրականացնել ջրերի որակի և քանակի, օդի փոշու պարունակության, հողի և կենսաբազմազանության մշտադիտարկում։ Մշտադիտարկման արդյունքները պետք է ներկայացվեն համապատասխան մարմիններին։
Եզրակացության մեջ առանձին անդրադարձ կա անտառային և բուսական ռեսուրսների պահպանությանը, կենդանական աշխարհի պաշտպանությանն ու կենսամիջավայրերի վրա հնարավոր ազդեցությունների նվազեցմանը։ Նախատեսված են նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման միջոցառումներ։
Փաստաթղթի համաձայն՝ բնապահպանական միջոցառումների իրականացման համար նախատեսվում է տարեկան 1 մլն 687 հազար 700 դրամ, իսկ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման և մեղմացման միջոցառումների համար՝ տարեկան 700 հազար 400 դրամ։
Դրական եզրակացությունը տրվել է՝ նախագծով նախատեսված փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով։
Նոյեմբեր 03, 2026 at 17:42
