

Սիլվա Այվազյան, Երևանի Օրհուս կենտրոն
ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի Շահումյան թաղամասի տասնյակ հազարավոր ծառերի հատման հեռանկարով անհանգստացած են տեղի բնակիչները և հանրապետության շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները:
Սյունիքի մարզը հարուստ է օգտակար հանածոներով և համարվում է Հայաստանում հանքավայրերով ամենահարուստ մարզը` մետաղական 9 և ոչ մետաղական 38: Բնական է, որ որտեղ հանքարդյունահանում այնտեղ աղտոտվածություն: Ցավոք աղտոտվածությունով նույնպես Սյունիքի մարզը Հայաստանում առաջինն է:
Մարզի ջրային, անտառային, հողային ռեսուրսներն իրենց վրա կրում են ձեռնարկությունների պոչամբարների, արտադրական կեղտաջրերի և հեռացվող հոսքերի բացասական ազդեցությունները: Էկոլոգիական աղետալի վիճակը նախ և առաջ պայմանավորված է մի շարք խոշոր լեռնահանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությամբ, որոնց թվում է` «Deno Gold Mining» ընկերությունը, որը ստորգետնյա եղանակով շահագործում է Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը:
«Deno Gold Mining» ընկերությունը առաջարկել է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման ծրագիր: Եթե ծրագիրը հաստատվի, ապա 45,6 հազար բնակչությամբ Կապան քաղաքը կստանա բաց հանք և կհայտնվի պայթեցումների, փոշու և տոքսիկ տարրեր պարունակող ապարների ազդեցության տակ: Ներկայումս հանքի ստորգետնյա շահագործման պայմաններում Կապանում օդի աղտոտվածությունը նորմայից գերազանցում է մի քանի անգամ: Բաց եղանակով հանքի շահագործումը աղետալի կլինի տեղի բնակիչների համար: Բացի այդ բաց եղանակով հանքի շահագործման նպատակով հատվելու է 50.000 ծառ, որոնց 90 տոկոսը մրգատու է, իսկ 20 տոկոսը գրանցված է Կարմիր գրքում:
Խնդրի վերաբերյալ հունվարի 13-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Էկոլոգիական հասարակական դաշինքի հերթական նիստը, որի նպատակն էր հասկանալ էկոլոգների հետագա քայլերը: Մասնակիցների ներկայացմամբ, որպեսզի նշված տարածքում ծառերը հատվեն, պետք է լինի հողերի կատեգորիայի փոփոխության կառավարության որոշում և դա անհանգստանալու տեղիք է տալիս, քանի որ նման դեպքերում որոշումն ընդունվում է հետևյալ ձևակերպմամբ` հողատարածքը հանրային գերակա շահ ճանաչել:
Դաշինքի անդամները որոշեցին նամակ ուղարկել Կանադա` «Deno Gold Mining» ընկերության տնօրինությանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (EBRD) , որին մտադիր է դիմել ընկերությունը վարկ ստանալու նպատակով: «Բանկը պետք է հետևի իր կողմից հայտարարած սոցիալական և բնապահպանական քաղաքականությանը և վարկ չտրամադրի այն դեպքում, երբ նախագիծը չի համապատասխանում այդ քաղաքականությանը»-նշեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահը:
Որոշվեց նաև ակտիվ պայքար ծավալել ծրագրի ՇՄԱԳ նախագծի հասարակական լսումների փուլում: Իսկ երիտասարդ ակտիվիստները առաջարկեցին բողոքի ակցիա անցկացնել Կապանում եւ անտառում նստացույց կազմակերպել:
Հունվար 19, 2011
