

ԷկոԼուր
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Հրազդանի Օրհուս կենտրոնից, Հրազդանում` թիվ 13 դպրոցում, ուսուցիչներից տեղափոխման համաձայնության մասին ստորագրություներ են հավաքել: Օրհուս կենտրոնի կամավորները հարցումներ են անցկացրել ստորագրած մարդկանց շրջանում եւ պարզել, որ մարդիկ այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ստույգ ինչի տակ են նրանք ստորագրում: Գիտեն միայն, որ դա կապված է շրջանում վերամշակող ֆաբրիկայի կառուցման եւ Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման հետ: Ասում են որ իրենց նոր տուն են խոստացել հնի փոխարեն:
Նշենք, որ Հրազդանի հանքավայրի շահագործման եւ ֆաբրիկայի կառուցման դեմ 2009թ. հանդես եկավ տեղի հասարակայնությունը` Հրազդանի Օրհուս կենտրոնի գլխավորությամբ: Կազմակերպվեց «Նագին» ընկերության նախագծի անկախ փորձաքննություն,եւ ապա հավաքվեց մոտ 2000 ստորագրություն «դեմ»: Արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն չտվեց` ընկերության կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացման ուշացման պատճառով: Այսինքն` նախագիծը սառեցվեց:
Այժմ «Նագին»-ի բաժնետոմսերը ձեռք է բերել չինական «Fortune Oil» ընկերությունը: Օրենքով ընկերությունը պետք է բնապահպանական փորձաքննությանը նոր նախագիծ ներկայացնի եւ նոր հասարակական լսումներ կազմակերպի: Բացառված չէ, որ ստորագրահավաքն անցկացվում է այդ լսումների նախօրեին:
Իր հերթին, Հրազդանի հասարակայնությունը նույնպես քնած չէ եւ նոր կամպանիա է սկսում: Առաջին հերթին Հրազդանի Օրհուս կենտրոնը մտադիր է տեղեկացնել հրազդանցիներին ռիսկերի մասին, որն իր մեջ կրում է հանքի բաց շահագործման նախագիծը:
Մարտ 15, 2011
