ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ

Անահիտ Մնացականյան, Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող, www.aarhus.am

Մարտի 10-ին Հրազդանի Օրհուս կենտրոնում կայացավ հանդիպում կենտրոնի կամավորների հետ: Քննարկվեց Հրազդանի «Երկաթի հանքաքարի հանքավայրի» շահագործման խնդիրը: Նշված հանքավայրը պատրաստվում է շահագործել Չինական «Fortune Oil» ընկերությունը: Ըստ Ամերիկյան համալսարանի «Հակոբյան Բնապահպանական Կենտրոն»-ի տնօրեն` կենսաբանական գիտությունների թեկնածու Ջ. Լայմնի և նույն կենտրոնի մասնագետ Թ. Լայմնի կատարած փորձաքննության` հանքավայրի շահագործումը կարող է պատճառ հանդիսանա Հրազդան քաղաքի շրջակա միջավայրի բաղադրիչների ծանր մետաղներով աղտոտման և բնակիչների մոտ վտանգավոր հիվանդությունների առաջացման: Հանքավայրն ամենամոտ բնակելի տներից ընդամենը 650 մետր հեռավորության վրա է գտնվում: Կա նաև ջրի պոմպակայանների ջրային ռեսուրսները աղտոտելու հիմնական ռիսկ, որոնք տեղադրված են բլրի ստորոտում: Ակնհայտ է, որ հենց հանքի շահագործումը հաստատվի, այն կտևի մի քանի տարի կամ տասնամյակ, այսպիսով ավելացնելով օդի աղտոտվածությունը, որն արդեն երկար ժամանակ առկա է Հրազդանի ցեմենտի գործարանի պատճառով: Բնակչությանը իրազեկման նպատակով Հրազդանի Օրհուս կենտրոնի կողմից պատրաստվել են տեղեկատվական թերթիկներ` քաղաքի շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը սպառնացող վտանգների համառոտ նկարագրով: Կենտրոնի կամավորները պատրաստակամություն հայտնեցին բնակչության շրջանում նշված թերթիկների բաժանման և հանքավայրի շահագործման դեմ ստորագրահավաքի կազմակերպման գործում:

Կամավորներն իրենց հերթին տեղեկացրեցին, որ մի քանի օր առաջ Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց էին այցելել «Էկոլոգիայի» ֆակուլտետն ավարտած 2 երիտասարդ, ովքեր ստորագրություններ էին հավաքում Հրազդանի Բանավան թաղամասում վերամշակման ֆաբրիկայի կառուցման համաձայնության համար: Նշեմ, որ Բանավան թաղամասը հանքավայրից 1,5 կմ հեռավորության վրա է գտնվում:

Ըստ բացատրության` բնակիչներին որոշակի պայմանների դիմաց պետք է տարհանեն` նրանց տարածքները օգտագործելու նպատակով: Ի դեպ, այդ թաղամասի բնակիչներն ունեն մեծ հողատարածություններ, որոնք իրենց ապրուստի մի մասն են ապահովում: Եվ մի՞թե առաջարկված պայմանները կփոխհատուցեն այն ունեցվածքը, որ ունեն Բանավանի բնակիչները:

Ցավալին այն է, որ որոշ մարդիկ համաձայն են ներկայացված պայմաններին` գուցե չգիտակցելով խնդրի լրջությունը:

Մարտ 17, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր