

ԷկոԼուր
Հրազդանի երկաթահանքի շահագործման շուրջ կրքերը գնալով ավելի են թեժանում: Հայ ազգային կոնգրեսն ահազանգում է, որ Հրազդանի երկաթահանքում ուրան կա եւ պատրաստվում է պայքարել հանքի շահագործումը կասեցնելու համար: Մի քանի օր առաջ Հրազդանի բնակելի շենքերի մուտքերում փակցվել են Հայ ազգային կոնգրեսի լոգոյով թռուցիկներ, որոնցում մասնավորապես ասված է. «Անտեսելով մեր բնակիչների եւ բնապահպանական կազմակերպությունների բողոքները` շարունակվում են Հրազդան քաղաքի երկաթի հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` այս հանքավայրում դեռեւս 1962թ. կատարված հետազոտություններում պարզվել է, որ այնտեղ ուրանի պարունակություն կա: Ժամանակին դադարեցվել է դրա շահագործումը: Բայց, այնուամենայնիվ, հաշվի չառնելով ժողովրդի առողջությանը սպառնացող վտանգը, ՀՀ կառավարությունը պատրաստվում է շահագործել այդ հանքերը 2012 թվականին: Մենք մեր երեխաների թշնամին չենք եւ ամեն գնով պետք է ՊԱՅՔԱՐԵՆՔ ՈՒ ՄԻՋԱՄՏԵՆՔ հանքավայրի շահագործման գործընթացը կասեցնելու համար»: Հիշեցնենք, որ Հրազդանի, ինչպես նաեւ Աբովյանի եւ Սվարանցի երկաթահանքերի շահագործման արտոնագիրը պատկանում է չինական «Fortune Oil» ընկերությանը:
Ներկայումս հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները, որոնք չինական ընկերությունը սկսել էր մոտ մեկ ամիս առաջ, դադարեցված են: Հրազդանցիները ուրանի մասին լուրերից հետո մտավախություն ունեն, աշխատանքների դադարեցման պատճառը հանքում ուրանի հայտնաբերումն է:
Հուլիս 26, 2011 at 16:06


