

ԷկոԼուր
Այն ժամանակ, երբ Եվրոպան իրեն հայտարարում է ցիանիդից ազատ գոտի, Հայաստանում ցիանային տեխնոլոգիաները նոր կյանք են ստանում: Արարատում արդեն իսկ գործող ցիանային արտադրությանը Սյունիքի մարզում պետք է ավելանա նորը: Այդ տեխնոլոգիաներն օգտագործվում են թանկարժեք մետաղների` ոսկու եւ արծաթի կորզման համար: Կառավարության` 2012թ. փետրվարի 23-ի 186 – Ա «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար նատրիումի ցիանիդի ներմուծման թույլտվություն տալու մասին» որոշմամբ Հայաստան ներկրվեց 600 տոննա նատրիումի ցիանիդ: Թե որքան տոննա հարկավոր կլինի նոր արտադրության համար, դեռ պարզ չէ, քանի որ ֆաբրիկան դեռ գոյություն ունի միայն նախագծում: Նախագիծը ներկայացրել է «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որն իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործումը: «Գեոթիմ»-ի 95% բաժնետոմսերի սեփականատեր «Lydian International» ընկերության մամլո հաղորդագրության համաձայն` ընկերության կույտային տարալվացման ցիանային տեխնոլոգիան ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության հավանությունը:
Բնապահպանության նախարարությանն ուղղված «ԷկոԼուր»-ի հարցին, թե իսկապես ցիանային արտադրությունը դրական եզրակացություն է ստացել եւ արդյոք անցել է հասարակական լսումների ընթացակարգ, նախարարությունից ստացվել է կարճ պատասխան. «Ձեր կողմից հայցվող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության էլեկտրոնային կայքում /mnp.am/» (նամակ 5/33/50838` նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի ստորագրությամբ, 03.04.2012թ.): Իրականում նախարարության կայքում տեղադրված է Ամուլսարի 2 նախագիծ` մեկը ցիանային արտադրության նկարագրությամբ, մյուսը` առանց դրա: «ԷկոԼուր»-ի հավաստի տեղեկության համաձայն` մարտի 12-ին Սարավանում տեղի ունեցած Ամուլսարի նախագծի վերաբերյալ հասարակական լսումների ընթացքում քննարկվել է առանց ցիանային տեխնոլոգիայի նախագիծը: «ԷկոԼուր»-ը հիշեցնում է, որ առանց հասարակական լսումների անցկացման Ամուլսարի նախագծի` ներառյալ ցիանային տեխնոլոգիան, վերաբերյալ բնապահպանական փորձաքննության ցանկացած եզրակացություն կհամարվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի եւ Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտմամբ անցկացված:
Ապրիլ 10, 2012 at 15:41
