

ԱրմԻնֆո
EBRD-ի կողմից «Deno Gold Mining» ընկերությանը 25 միլիոնանոց վարկի տրամադրման նախօրեին հայ էկոլոգները կրկին մարտի են դուրս գալիս:
«Հնարավոր է՝ EBRD-ն չի տիրապետում Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ «Deno Gold Mining» ընկերության գործունեության հետեւանքով առաջացած իրական իրավիճակի մասին տեղեկատվությանը: Էկոլոգների գնահատականների համաձայն՝ արդեն երեք համայնքներ՝ Գեղանուշը, Սյունիքը եւ Շահումյանը, կանգնած են էկոլոգիական եւ սոցիալական աղետի շեմին»,- ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտնեց «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը: Նա հիշեցրեց, որ 2006-2007թթ. վթարային արտահոսքերի արդյունքում Սյունիք գյուղում թունավորվեցին հողեր, բանջարանոցներ եւ այգիներ, սատկեց նախիրը, երեխաների վրա նկատվեցին ալերգիկ ուժեղ ռեակցիաներ, ընդհուպ մինչեւ այն, որ ձեռքերից պլոկվեց մաշկը: Դրա հետ մեկտեղ Պետական բնապահպանական տեսչությունն արձագանքեց այդ իրավիճակին լրատվամիջոցների կողմից բարձրացած աղմուկից հետո միայն:
Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը, որը շահագործում է DGM-ը, տեղակայված է Շահումյան համայնքի հողատարածքների վրա: «Դա բարձր վտանգավորության գոտի է. բնակիչների տները քանդվում են պայթյուններից: Շահագործողները գետնացքի վրայի` շահագործման կանոներով սահմանված վերին շերտը գործնականորեն չեն թողել, եւ հողը փլվում է` առաջացնելով փոսեր»,- ընդգծեց Ի. Զարաֆյանը: Նա հայտնեց, որ թափոնների հիմնական արտահոսքը փակվեց Գեղանուշ գյուղի համայնքային հողերի վրա Գեղանուշի պոչամբարի կառուցումից հետո: Սակայն այստեղ գործնականորեն բուֆերային գոտի չկա, եւ նրանք, ովքեր հողակտորներ ունեն պոչամբարի կողքին, զրկվեցին եկամուտ ստանալու հնարավորությունից: Բացի 19 հեկտարանոց սեփական հողակտորներից, դադարեց բերք տալ անտառային ընկուզենին, որն աճում է թափոններով կիրճի լանջերին: «Բացի այդ, մինչեւ հիմա կան «պոչեր», որոնք ընկերության կողմից բաց վիճակում են թողնվել: Նրանց կողքին հոսում է Նորաշենիկ գետը, որի ափերը ամարցվում են այդ նույն «պոչերով»»,- տեղեկացրեց Ի. Զարաֆյանը:
Այսպիսով, ինչպես նշվեց, «Deno Gold Mining»-ի գործունեությունը չի համապատասխանում EBRD բանկի կողմից հայտարարված էկոլոգիական եւ սոցիալական քաղաքականությանը, քանի որ խախտում է ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաեւ մարդու իրավունքները, այդ թվում նաեւ կյանքի եւ առողջության իրավունքը: «Մենք կարծում ենք, որ EBRD-ի կողմից մոնիտորինգի անցկացման համար կան բոլոր հիմքերը, հատկապես բանկի եւ ընկերության միջեւ բանակցություններ են ընթանում վարկի տրամադրման կապակցությամբ: Հնարավոր է, որ դա կստիպի ընկերությանն ավելի ուշադիր վերաբերվել իր պարտավորությունների կատարմանը եւ երկրի օրենքների պահպանմանը, որտեղ նա գործում է»,- նշեց Ի. Զարաֆյանը:
Նրա կարծիքով, EBRD-ի` 25 միլլիոն դոլլարանոց վարկի տրամադրման մասին որոշումը պետք է բաց լինի հասարակայնության համար: «EBRD –ի կայքից «Deno Gold Mining»-ի վարկին վերաբերող փաստաթղթերի հանելը չի նպաստում ընկերության գործունեության թափանցիկությանը` նախատեսված վարկային համաձայնագրով, եւ չի նպաստում EBRD-ի գործունեության թափանցիկությանը»,-հայտնեց Ի.Զարաֆյանը: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 24-ին Լոնդոնում կմասնակցի միջազգային կոնֆերանսի, որտեղ էլ կբարձրացնի DGM-ի գործունեությանը վերաբերող բոլոր հարցերը: «Ընկերությունը խախտում է բնապահպանական օրենսդրության մի ամբողջ շարք օրենքներ` ներառյալ Հողային օրենսգիրքը, Ջրային օրենսգիրքը, Անտառային օրենսգիրքը եւ Հողային օրենսգիրքը: Իրենց հերթին վերահսկող մարմինները, որոնց թվում է ՀՀ բնապահպանության նախարարության տեսչությունն է եւ ՀՀ առողջապահության նախարարության սանիտարական տեսչությունը, ընկերության առաջ օրենսդրության պահպանման անհրաժեշտ պահանջներ չեն դնում»,- հայտնեց Ի. Զարաֆյանը:
Նոյեմբեր 20, 2009
