

ԱրմԻնֆո
Deno Gold Mining ընկերության դեմ հայցը մերժելու Սյունիքի մարզային դատարանի վճիռն առաջվա պես բազմաթիվ հարցեր է հարուցում: Հիշեցնենք, որ հայցը ներկայացրել էր «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը, որը ներկայացնում է DGM կողմից մշակվող Շահումյանի հանքավայրի մերձակայքում ապրող 34 սեփականատերերի շահերը: 2008 թվականին Deno Gold Mining ընկերությունը վերաբնակության համար փոխհատուցում էր տրամադրել Շահումյանի շրջանում ապրող ընդամենը 8 սեփականատերերի: Մնացած 140 ընտանիքները փոխհատուցում չեն ստացել:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հիշեցրել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը, հոկտեմբերի 23-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր որոշում փոքր-ինչ անորոշ ձևակերպմամբ` «Շահումյանի շրջանի բնակիիչների կյանքի և առողջության համար վտանգի կանխարգելման մասին, որն առաջանում է համայնքի տարածքում լեռնահանքային գործունեության հետևանքով»: Ընդ որում փաստաթղթից այդպես էլ դուրս է մնացել այն, թե հատկապես ինչ միջոցներ են նկատի առնվում «կանխարգելում» բառի տակ: Որոշ ժամանակ անց, արդեն նոյեմբերին, հենց նույն դատավորը` Անահիտ Թումանյանը, մերժել է DGM-ի դեմ հայցը, որոշումը հիմնավորելով այն բանով, որ գործի նյութերում ներկայացված չեն մարդկանց կյանքի և առողջության համար սպառնալիքի ապացույցներ: «Մենք կարծում ենք, որ դատարանը կայացրել է իրավաբանորեն ոչ ճիշտ որոշում: Եթե հոկտեմբերի 23-ին դատարանը որոշել է կանխարգելել Շահումյանի բնակիչների կյանքի և առողջության համար սպառնալիքը, նշանակում է, այն ժամանակ նա տնօրինել է բոլոր անհրաժեշտ ապացույցներին», - հայտարարել է Ի.Զարաֆյանը:
Նրա հավաստմամբ, փորձագետներն արդեն բազմիցս նշել են մի շարք խախտումներ, որոնք հայտնաբերվել են Deno Gold Mining-ի գործունեության ընթացքում: «Մեզ չափազանց մտահոգում է թունավոր հողաշեղջերի հարցը: Դրանք արդեն հազար տոննա են և թափված են ուղղակի Կապանի կենտրոնում: Ուշագրավ է, որ Բնապահպանության նախարարությունն ի պատասխան մեր հացմանը հայտարարել է, թե հողաշեղջերը գտնվում են ընկերությանը պատկանող տարածքում: Սակայն իրականում այդ տեղամասերը Կապանի համայնքի սեփականությունն են», - հաղորդել է Ի.Զարաֆյանը: Եվս մեկ հանգամանք, որին լիազոր ատյաններում նայում են մատների արանքից, Աճանան գետի հունի ապօրինի փոփոխումն է` հանքում հանքաքարի մշակումը հեշտացնելու նպատակով: Անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ DGM ընկերությունը թափոններով ապականում է ինչպես գետը, այնպես էլ ափամերձ տարածքը: «Մեր կարծիքով, ՀՀ բնապահպանական տեսչությունը չափազանց սերտ կապերի մեջ է DGM ընկերության հետ», -հայտարարել է Ի.Զարաֆյանը:
Ավելացնենք, որ Հայաստանում DGM ընկերության գործունեությանն առնչվող բոլոր հարցերը Ինգա Զարաֆյանը կբարձրացնի նոյեմբերի 24-ին Լոնդունում` միջազգային խորհրդաժողովի շրջանակներում:
Նոյեմբեր 24, 2009
