

ԷկոԼուր
Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած քննարկման վերջաբանը
Հունվարի 18-ին Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանում «DENО GOLD MINING» ընկերության էկոլոգիական-սոցիալական նկարագիրը» գրքույկի քննարկումը:
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, քննարկման կազմակերպչին` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին չնախազգուշացնելով, նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը եւ ներկայացրեց քննարկման սեփական ընթացակարգը: «Deno Gold Mining» ընկերության ներկայացուցիչներ` հասարակայնության հետ կապերի գծով մենեջեր Նորայր Աղայանին եւ ինժեներ- էկոլոգ Հասմիկ Մկրտումյւանին ելույթի համար անսահմանափակ ժամանակ տրվեց: Միեւնույն ժամանակ, Արթուր Ղազարյանին, ով «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ից էր, եկել էր Կապանից եւ «ԷկոԼուր»-ի գործընկերն էր` հասարակական մոնիտորինգի անցկացման գործում, սահմանափակեց ժամանակը մինչեւ 3 րոպե եւ կտրուկ ընդհատեց, երբ Արթուր Ղազարյանը ցանկանում էր պարզաբանել Կապանում տիրող իրավիճակը: Արթուր Ղազարյանը հասցրեց հաղորդել միայն այն, որ ողջ տեղեկատվությունը, որը տրամադրվել է հրապարակման համար, նա կարող է ապացուցել իր ունեցած փաստաթղթերով («ԷկոԼուր»-ն ունի այդ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները):
Քննարկումը կառուցողական չէր. չմեկնաբանվեցին գրքույկի էական կետերը, որոնք շտապ որոշումների ընդունման կարիք ունեն, ինչպես օրինակ`
• Շահումյան բանավանի բնակիչների բողոքները, ովքեր ստիպված դիմել էին դատարան` ընկերության կողմից շահագործվող հանքհորերում փլուզումների ռիսկերի համար
• «ԳԵՈՌԻՍԿ» գիտահետազոտական ընկերության եզրակացությունն ու առաջարկությունները, որտեղ «Deno Gold Mining» ընկերությանն առաջարկվում է շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Շահումյան բանավանում նվազեցվի փլուզումների վտանգը
• Նորաշենիկ (Աճանան) գետի հունը անօրինաբար փոխելը
• Գեղանուշ համայնքի բնակիչների բողոքն ընդդեմ Գեղանուշի պոչամբարի կառուցման եւ նրանց գանգատներն ընկերության կողմից շրջակա միջավայրի աղտոտման համար, ինչի համար գործնականորեն փոխհատուցում չկա
• Սյունիք համայնքի աղտոտումը չծածկված պոչերով, որոնք մնացել են 2006-2007թթ-ից, երբ ընկերությունը շահագործում էր Արծվանիկի պոչամբարը
• Նորաշենիկ գետի ափերի ամրացումը պոչերով, ինչը հանգեցնում է Սյունիք համայնքի հողերի աղտոտմանը
• Կապանի եւ շրջակա տարածքի աղտոտումն ապարներով, որոնք պարունակում են տոքսիկ տարրեր եւ ծանր մետաղներ
• անդրսահմանային Ողջի գետի շարունակվող աղտոտումը:
Հասարակությունը չկարողացավ գլխավոր հարցերից մեկի պատասխանը ստանալ, թե ով է պատասխանատվություն կրում Կապանի եւ նրա հարակից տարածքների աղտոտման համար, թեպետ քննարկմանը մասնակցում էին Բնապահպանական պետական տեսչության ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ պետտեսչության գործառույթներից է` որոշել, թե որ ձեռնարկությունն ինչ աստիճանով է վնասում շրջակա միջավայրը, եւ ինչպես է այդ վնասը փոխհատուցվելու:
Մենք պաշտոնական կառույցների եւ բիզնես սեկտորի հետ երկխոսության կողմնակիցն ենք: Հույս ունենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունում եւ մյուս նախարարություններում եւ գերատեսչություններում, ինչպես նաեւ ընկերությունում հասկանալի կդառնա այն, որ գրքույկում ներկայացված տեղեկատվությունը նախազգուշական բնույթ է կրում եւ նպատակ ունի` բարձրաձայնելու Կապանից եւ մոտակա համայնքներից առկա ռիսկերի վերաբերյալ ստացվող ահազանգերը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն` դրանք նվազեցնելու համար:
Ինչ վերաբերում է ինքնին քննարկմանը, ապա ցանկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանին հիշեցնել, որ Օրհուս կենտրոնի գործունեությունը պայմանավորված է Օրհուսի կոնվենցիայի դրույթներով, որոնց համաձայն` հասարակայնությունն իրավունք ունի` մասնակցելու էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացներին, իսկ պետական կառույցներն ունեն պարտականություներ, եւ ոչ հակառակը:
Հունվար 29, 2010
