

ԷկոԼուր
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն աշխատանքից հեռացրել է 22 աշխատակցի, ովքեր փետրվարի 15-ին մասնակցել են կոմբինատի դեմ ուղղված բողոքի ակցիային: Բողոքի պատճառը կոմբինատի 100 տոեկոսանոց նոր բաժնետեր «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ՓԲԸ-ի ղեկավարության որոշմամբ աշխատավարձերի կրճատումն է եւ աշխատանքային վատ պայմանները: Ինչպես տեղեկանում ենք «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության կայքից, կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել նաեւ փետրվարի 17-ին: Նրանք պահանջել են ազատված 22 աշխատակիցներին վերականգնել աշխատանքում, վերանայել աշխատավարձերը եւ բարելավել աշխատանքային պայմանները:
«…Ընդհանուր աշխատավարձը երեք ամիս առաջ իջեցվել է: 100 հազար աշխատավարձ ստացողինը դարձել է 70 հազար, 65 հազար: Բանավոր կերպով զգուշացվել է, որ պլանի կատարման դեպքում դուք այդ 25 տոկոս աշխատավարձը որպես պրեմիա կստանաք, կգա նույն աշխատավարձը: Պլանը կատարվել է, բայց այդ 25 տոկոսը չկա որպես պարգեւատրություն: Ու դա եղել է բանավոր, աշխատանքային պայմանագրերում ոչինչ չկա նշված, եւ իրավական հիմք չկա, որ կարողանաս բողոքես…
…. Ես հանքի ներսում եմ աշխատում: Շաբաթվա միջին մի օր ազատ ենք, վեց օր աշխատանքային օր է: Իրենց ասած պրեմիալնի սիստեմով ես ստանում էի 112 հազար դրամ: Իսկ հիմա պրեմիան կտրում են, ես հանքի ներսում ստանում եմ 85 հազար դրամ, որից վնասակարությունն էլ հետը: Եթե վնասակարության չափն էլ հանում ենք, 54-54 հազար դրամ է կազմում աշխատավարձը: Իսկ դա մեզ ձեռք չի տալիս. 55 հազար դրամով կամ 85 հազար դրամով մարդ չի կարողանում` ընտանիք պահի: Իսկ իրենք ասում են` սեփականատեր ենք, ոնց կուզենանք, այնպես էլ կվարձատրենք, ուզենանք հաջորդ ամիս ավելի քիչ կվարձատրենք…
…Թող մեկը կանգնի, ասի, որ այդ արտադրամասում նորմալ պայմաններ կան ու ճիշտ է, որ այդպես է: Ասում է, որ օդափոխիչ համակարգ աշխատացնենք, տոկի փող պետք է տամ, մատոռի գինն է թանկ: Բա էն վախտ որ աշխատում էինք, ո՞նց էր… Էնքան բաներ պետք է արվի, որ չի արվում, ու այդ գումարները հետ է ընկնում իրանց…»,- դժգոհել են կոմբինատի աշխատակիցները:
Այսպիսով` Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարության գործողություններն ու տված խոստումները չեն համընկնում: Հիշեցնենք, որ ընկերությունը մտադիր է Մեծ Այրում համայնքի վարչական տարածքում նոր պոչամբար կառուցել: Պոչամբարի վերաբերյալ Մեծ Այրումում փետրվարի 12-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտաքին կապերի եւ բնապահպանական բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը մասնավորապես ասաց. «..Մենք կշռենք, դնենք նժարին, տեսնենք, որն է մեզ համար այսօր կարևոր: Այսօր ինչն է մեր խնդիրը, ինչպես պետք է ընկած ժողովուրդը ոտքի կանգնի:…Փառք ու պատիվ պարոն Հակոբյանին՝ Մաքսիմին, որ ասում է՝ ոչ մի մարդու ձեռք չտաք, ամեն ընտանիքից էլ մեկին կբերեք, թող աշխատի: Մեր ընդհանուր մոտեցումն է, նաև Մաքսիմ Հակոբյանի մոտեցումը, հնարավոր սոցիալական աջակցությունը համայնքի բնակիչներին»:
Փետրվար 18, 2015 at 15:27
