

ԷկոԼուր
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրը ստեղծվել է 2013 թ.: ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի բնութագրմամբ՝ այն լավագույն բնապահպանական ծրագիրն է՝ 8.25 միլիոն եվրո արժողությամբ:
Խնդիրը
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ միացված են տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը: Մեկ միավորի կառավարման ներքո է ընդհանուր 70 000 հեկտար տարածք:
Նպատակներն են՝
-կազմակերպել միջազգային մրցույթ` ծրագիրն իրականացնելու համար ընտրելու կազմակերպություն
- քարտեզագրել եւ հստակեցնել «Արեւիկ» ազգային պարկի սահմանները
-ուսումնասիրել եւ տալ հարեւան համայնքերի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատական:
Իրավիճակը
- Համալիրի սահմանների քարտեզագրումն ավարտված չէ
- Համալիրի կանոնադրությունը չկա, քանի որ մշակված չէ կառավարման համակարգը
- «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում չկա «կենսոլորտային համալիր» սահմանումը, որին կհամապատասխաներ նրա կարգավիճակը եւ պահպանման ռեժիմը
- «Լավագույն» բնապահպանական ծրագիրը համայնքներում չի քննարկվել, տեղեկատվություն գործնականում չկա, կամ այն լիարժեք չէ:
Համայնքները չգիտեն, թե բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության ինչ ռեժիմի սահմաններում են գտնվում եւ որ գործունեությունն է համապատասխանում ՀՀ բնապահպանական օրենսդրությանը, ինչ տնտեսական գործունեություն իրենք կարող են իրենց թույլ տալ, ինչը` ոչ:
ԷկոԼուրը ներկայացնում է «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանի զրույցները Լիճք եւ Տաշտուն համայնքների ղեկավարների հետ: Այդ համայնքները գտնվում են կամ «Արեւիկ» ազգային պարկի հարեւանությոամբ, կամ պարկի բուֆերային գոտում, կամ տնտեսական, կամ արգելոցային գոտում: Տարածքի հստակեցումը կլինի այն բանից հետո, երբ ազգային պարկի սահմանները գրանցվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:
ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի համայնքապետ Հովհաննես Միրզոյան.
- Իմանալով մի բան, որ, իբր, խոսքը վերաբերում է պետանտառի մասով, ինձ թվում էր՝ միայն այդ տարածքները պետք է լինեն «Արևիկ» ազգային պարկի տարածքի մեջ, բայց այս մոտ օրերս /2015 թ., ապրիլ/ կոնկրետ մի հատվածի պահով ճշտում կար, որը համայնքի վարչական տարածքն է, պարզվեց, որ դա էլ է ազգային պարկինը:
Արթուր Ղազարյան` «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» ՀԿ-ի նախագահ.
- Այսինքն, համայնքի ղեկավարից կամ համայնքից ոչ մեկը ոչինչ չի՞ հարցրել:
Հովհաննես Միրզոյան.
-Ոչ:
Արթուր Ղազարյան.
- Հասարակական լսումներ, քննարկումներ՝ կապված տարածքների հետ, եղե՞լ են:
Հովհաննես Միրզոյան.
- Ընդհանրապես լսումներ չեն եղել ազգային պարկի հետ կապված... Ես ընդամենը երկու օր առաջ տեղեկացա, որ մի հատվածը, փաստորեն, մեր վարչականը չի, լինելով որպես արոտ, փաստորեն, ես իմացա, որ ազգային պարկինն է:
ՀՀ Սյունիքի մարզի Տաշտունի համայնքապետ Հենրիկ Գաբրիելյան.
- Երբ ազգային պարկի տարածքը համայնքից ընդգրկվել է, մենք տեղյակ չենք եղել: Երբ արդեն քարտեզագրում է արվել, նոր ենք իմացել:
Արթուր Ղազարյան.
- Այսինքն ձեզանից չե՞ն էլ հարցրել:
Հենրիկ Գաբրիելյան.
- Չեն հարցրել ոչ համայնքի բնակչից, ոչ ինձանից: Արդեն 6-րդ տարին է` համայնքի ղեկավարն եմ, նման հարց չի եղել՝ կողմ եք, թե` ոչ, նման բան չի եղել... Այն ժամանակ, որ անտառտնտեսություն էր, ես դա լավ եմ հիշում, անտառտնտեսության ժամանակ ավելի մեծ էր խնդիրը, որ կողքի անտառները չպետք է մտնել, անտառի ներսում անասունները չպետք է արածեն...Բայց այդ ժամանակ հենց վառելափայտից օգտվելու տեսակետից հատատեղ էր տրվում, ժողովուրդը գնում էին, վճարում և բերում էին վառելափայտ: Դա սոցիալական հարց էր լուծում, իսկ հիմա հատատեղ չի տրվում, կամ էլ որ հարցը բարձրացվում է, ասում են՝ ազգային պարկի տարածք է, հնարավոր չի, չի տրվում, կամ ինչ-որ մի բան:… 700 հեկտար անտառային ֆոնդ ունի համայնքը, բայց որ բնակչության քանակը այսօր հաշվում ենք, ամենաշատը 30 ծուխ ունենք, բայց այսօր այդ 30 ծխի վառելափայտի խնդիրը լուրջ է: Վաղը ավելի լուրջ է լինելու:…Մենք ընդամենը կողքից լսում ենք, որ ազգային պարկ է դառնալու, արդեն ազգային պարկ է դարձել, բայց համայնքի բնակիչներից ոչ ոք տեղյակ չի:
ԷկոԼուր.
-Մեղրասարի հանքավայրը հիմա շահագործվո՞ւմ է:
Հենրիկ Գաբրիելյան.
- Ոչ, այս տեխնոլոգիայով կորզումը չեն կարողանում անել...
դեկտեմբերից չեն աշխատում, կրճատումներ արեցին,:
ԷկոԼուր.
-«Արևիկ» ազգային պարկը ձեզ ի՞նչ է տալիս:
Տաշտուն համայնքի բնակիչ.
-Ոչ մի բան, ամեն ինչ արգելում է, փայտ չի տալիս, էլ ի՞նչ պետք է տա մեզ, արգելանոցա:
ԷկոԼուր.
-Այսինքն, սոցիալական վնա՞ս է ձեզ հասցնում:
Բնակիչ.
-Հա, վնասա հասցնում, օգտվում էինք մենք անտառից, հիմա արգելված է խիստ կարգով: Անտառի մեջ ապրի, գնա, Ղափանից փայտ առ, բեր:
Տաշտուն համայնքի մեկ այլ բնակիչ.
-Այն, ինչ ունի հատուկ ռեժիմ, նամանավանդ այս գյուղի համար...մենք 6-7 ամիս ձմեռ ենք անցկացնում, գազ չունենք, էդ ոնցա՞ լինելու: Լավը այն ժամանակ կլինի, որ այսօր մեզ անտառում հատատեղ հատկացնեն, ասեն, գնացեք, փայտ բերեք: Գալիս են, մի երկու ծառ ցույց տալիս, գիտեն էդա, այն էլ նոյեմբեր ամսին, որ զոռով կարողանաս՝ գոյատևես:
ԷկոԼուր.
-Բա ինչի՞ հաշվին եք ապրում:
Բնակիչ.
-Այգիների հաշվին: Խնձորի ծառեր ունենք, կտրտում ենք, սովխոզի ժամանակ տնկած խնձորի ծառերը վերացնում ենք: Երեխան չի հարցնում, ծառը բերքա տալիս, էսա անում, էնա անում, մրսումա, կարգը այ էսա...գյուղն արդեն մարումա, այսօր ոչ մի ծրագիր չկա, որ մեր գյուղին օգնի:
ԷկոԼուր.
-Իսկ Մեղրասարի հանքը ինչ-որ բան տվե՞ց ձեզ:
Բնակիչ.
-Ոնց բացվեց, էդպես էլ փակվեց, բացվելն ու փակվելը մեկ եղավ: Բանվորները տանը նստել են, ասել են՝ գնացեք, հանգստացեք:
ԷկոԼուր.
-Իսկ գյուղատնտեսությամբ զբաղվո՞ւմ եք:
Բնակիչ.
- Ո՞նց զբաղվենք: Ոչ վառելիք կա, ոչ սերմացու կա, ոչ մի բան չկա, ոչ մի բան էստեղ չի հասնում: Գյուղատնտեսության նախարարը որ խոսումա, քեֆդ գալիսա, ասում ես, սաղ լցվելա, բայց էսօր կոնկրետ այս գյուղը ամեն ինչից զրկվումա:
Եզրակացություն
Նոր համալիրի կառավարման խնդիրը բախվել է ամենագլխավոր խնդիրներից մեկին՝ համայնքների համար սոցիալական եւ տնտեսական ծրագրերի բացակայությանը:
Հարցեր:
- Կօգնե՞ն արդյոք համայնքներին գերմանական զարգացման KfW բանկի «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին խոստացած 8.2 միլիոն եվրոն
- Կքննարկվե՞ն արդյոք համայնքների հետ այդ ծրագրերը
- Կանցկացվի արդյոք գազ անտառը պահպանելու համար
- Բաց եղանակով կշահագործվի՞ կրկին Մեղրասարի հանքավայրը (երկրաբանների հրապարակումների համաձայն՝ «ոսկի-ուրանային հանքավայր») «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում: Եւ ինչպե՞ս այս ամենի հետ մեկտեղ կպահպանվի «Արեւիկ» ազգային պարկը կամ «Շիկահող» արգելոցը, որոնց ստեղծման եւ պահպանման համար վերջին տարիներին ծախսվել են միջազգային բնապահպանական հիմնադրամների միջոցները:
Պատասխաններ:
Պատասխաններ դեռ չկան, բայց շուտով դրանք կլինեն, քանի որ KfW բանկը խոստացել է վերոնշյալ 8.2 միլիոն եվրոյի առաջին տրանշի փոխանցումը:
Մայիս 07, 2015 at 14:02








