Շահերի բախում՝ Վերին Վարդանիձորի ոսկի բազմամետաղային հանքավայրի շահագործման հայտն ընդդեմ մեղրեցիների

Շահերի բախում՝ Վերին Վարդանիձորի ոսկի բազմամետաղային հանքավայրի շահագործման հայտն ընդդեմ  մեղրեցիների

ԷկոԼուր

«Ղարագուլյաններ» ՍՊԸ-ն մտադիր է շահագործել Վերին Վարդանիձորի ոսկի բազմամետաղային հանքավայրը: Այս հանքավայրը մեկն է  Մեղրիի տարածաշրջանի այն հանքերից, որոնց շահագործմանն ու  երկրաբանահետախուզման աշխատանքներին դեռ 2013թ-ին դեմ արտահայտվեցին մեղրեցիները և տարածաշրջանում հանքարդյունաբերության ծանր հետեւանքների մասին ահազանգեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Մեղրու տարածաշրջանի նման ստրատեգիական տարածքի վրա նմանատիպ էկոլոգիական  գրոհը հղի է աղետալի հետևանքներով. հրաշալի բնակլիմայական պայմանների և մեղրեցու  քրտնաջան աշխատանքի  արդյունքում ստեղծված մրգի այգիներն այսօր վերացման վտանգի տակ են: Չորանում են ընկուզենիները, թթենիները, կեռասենիները, դեղձենիները: Ծիրանենիները վաղուց ի վեր եզակի ծառատեսակներ են մեր տարածաշրջանում: Գյուղատնտեսությամբ զբաղվելն ապարդյուն և անօգուտ է. մեղրեցին լքում է իր հողը, որը տարիներ ի վեր նրան պահում էր սահմանային  այս տարածքում…»,- մասնավորապես նշված էր մեղերցիների` ՀՀ նախագահին ուղղված նամակում: Ավելին, նամակից բացի 5000 բնակիչ ունեցող Մեղրիից 2382 մեղրեցիներ նույն տարում ստորագրահավաքի միջոցով դեմ արտահայտվեցին Մեղրիում իրականացվող հանքարդյունաբերությանը:

Մեղրեցիների բողոքից ընդամենը 3 տարի անց նեչկայումս «Ղարագուլյաններ» ՍՊԸ-ի կողմից բնապահպանական փորձաքննության են ներկայացվել  Վերին Վարդանիձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման և Վերին Վարդանիձորի հանքային դաշտի 2016-2019թթ երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտերը:

Հանքավայրին մոտակա բնակավայրերն են` Վարդանիձոր, Լեհվազ, Այգեձոր, Թխկուտ, Լիճք, Տաշտուն, գյուղերը և Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքները:

Հանքավայրի շահագործման հայտից պարզվում է, որ նախատեսվող հանքարդյունահանման աշխատանքները իրականացվելու են ստորգետնյա եղանակով և արդյունաբերական հարթակը ու թիվ 2 բովանցքը, որից կատարվելու է հանքաքարի արդյունահանումը, գտնվում են «Արևիկ» ազգային պարկի սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա: Հաշվի առնելով «Արևիկ» ազգային պարկի հարակից լինելը՝ որոշվել է, որ  մոտակայքում հանքաքարի վերամշակման ֆաբրիկա և պոչամբար չի կառուցվի: Նախատեսվում է արդյունահանված հանքաքարը  վաճառել համապատասխան վերամշակող կազմակերպություններին, պահանջարկի բացակայության դեպքում՝ հանքաքարը հետագա վերամշակման նպատակով  կտեղափոխվի Կապանի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա:

Հաշվարկված է, որ ստորգետնյա եղանակով արդյունահանվող ապրանքային հանքաքարի  քանակը   կազմում է 6072.47հազ.տ: Մետաղների  պարունակությունները  ապրանքային     հանքաքարում հետևյալն է՝   ոսկի -2.57 գ/տ,  արծաթ-46.67 գ/տ, պղինձ – 0.62%, կապար – 0.93%,  ցինկ - 1.72%:

Հանքավայրի տարեկան արտադրողականությունը կազմելու է 150 հազար տոննա հանքաքար:

Վերին Վարդանիձորի ոսկի-բազմամետաղների հանքարդյունահանման համար հայցվող հողատարածքները հիմնականում Վարդանիձոր համայնքի  գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն են:

Հուլիս 11, 2016 at 14:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր