

ԷկոԼուր
Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն համայնքների բնակիչները Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման ռիսկերն առողջության համար գնահատում են շատ բարձր: Գլաձորի հանքավայրը ցանկանում է շահագործել «Վայկ մետալ» ընկերությունը: Ընկերության ներկայացրած առաջին հայտը բացասական եզրակացություն ստացավ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Սակայն սույն թվականի հուլիսի 18-ին ընկերության ներկայացուցիչները հանդիպում կազմակերպեցին երկու համայնքների բնակիչների հետ, որպեսզի ստանան համաձայնություն Գլաձորի հանքավայրի շահագործման նոր առաջարկի համար: Առողջության և շրջակա միջավայրի համար հնարավոր որևէ ռիսկերի մասին ընկերությունը չհայտնեց: Բնակիչները դիմեցին ԷկոԼուրին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն առողջության վրա հանքաքարում պարունակող մետաղների ազդեցության մասին: Երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» (ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2011թ.) մենագրության համաձայն` հանքաքարում ամենամեծ բաժինն ընկնում է կապարին: Միայն կանխատեսվող տվյալներով հանքավայրում կապարի պարունակությունը 861,5 հազար տոննա է: Հանքաքարում բարձր է նաև ծծումբի պարունակությունը` 3405500 տոննա: Ծծումբն այստեղ հանդես է գալիս որպես առողջության համար վտանգ ներկայացնող գործոն, միևնույն ժամանակ, այն առաջացնում է միացություններ, որոնք նպաստում են քիմիական գործընթացների ակտիվացմանը` կապված ծանր մետաղների հետ և շրջակա միջավայր դրանց ներթափանցմանը: Ցավոք, ՀՀ առողջապահության նախարարությունը չի զբաղվում մարդու առողջության վրա շրջակա միջավայրի բացասական գործոնների ազդեցության գնահատմամբ, իսկ մասնագիտական հիվանդությունների մասնագիտացված ինստիտուտը փաստացի փլուզված է: Ավելին, ՀՀ առողջապահության նախարարության հաստատությունները հրաժարվում են տրամադրել բնութագրական հիվանդությունների վիճակագրական տվյալներ այդ հիվանդությունների տարածվածության աշխարհագրության մասին:
Իրենց հնարավորությունների շրջանակներում, այդ գործառույթը մասամբ լրացնում են գիտական հաստատությունները: Մեջբերենք գիտական առանձին ուսումնասիրությունների տվյալները առողջության համար ռիսկերի վերաբերյալ, որոնք անցկացվել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից:
1. «Ախթալա քաղաքի գործողությունների պլանի պիլոտային նախագծի հաշվետվություն», 2014 թ.
Աշխատության մեջ, մասնավորապես, ասված է. «Անհրաժեշտ է ռիսկերի մանրամասն գնահատում և արյան մեջ կապարի մակարդակի գնահատում…Անհրաժեշտ է օգտագործել միայն արոտավայրերը, որտեղ հողը չի պարունակում ծանր մետաղներ…Ախթալայում դպրոցներում և մանկապարտեզներում անհրաժեշտ է ապահովել առողջ մթերքներով սնուցում, երեխաների` ծանր մետաղներով թունավորումը կանխելու համար…»
2. «Կապարի ցուցանիշները և IQ մակարդակը Ալավերդիի, Ախթալայի և Երևանի երեխանների շրջանում», Սիրան Գրբոյանի հետազոտական նախագիծը
Աշխատության մեջ, մասնավորապես, ասված է. «Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը դասակարգում է կապարի միացությունները որպես կարցինոգեններ: Որոշ ուսումնասիրություններում ցույց է տրված կապարի ազդեցության և թոքերի, ստամոքսի, գլխուղեղի, երիկամների, միզապարկի, հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղի միջև փոխկապակցվածությունը…Կենդանիների վրա լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տալիս կապարի ազդեցության և քաղցկեղի կապը: Մասնավորապես, կապարի մեծ չափաբաժինը կարող է առաջացնել երիկամների ուռուցք առնետների ու մկների մեջ:
Այն մարդիկ, ովքեր ապրում են վտանգավոր գոտիների մոտակայքում, կարող են ենթարկվել կապարի ազդեցությանը օդի, խմելու ջրի, սննդի կամ կապարով աղտոտված փոշի շնչելու միջոցով: Նորածինները և փոքր երեխաներն առավել զգայուն են փոշի կամ հող շնչելու առումով: Հղի կանայք ևս համարվում են խոցելի զարգացող պտղի վրա ազդեցության առումով»:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի մասնագետները նաև ցույց են տվել, որ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության շրջանակներում (ADHS), վիժումով ավարտված հղիությունների տոկոսը Լոռու մարզում 2010 թ-ին կազմել է 14,0տոկոս: Սա Հայաստանում ամենաբարձր ցուցանիշն է, միջինից գրեթե երկու անգամ ավելի: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ալավերդիում ապրող վերարտադրողական տարիքի կանայք վերարտադրողական առողջության խնդիրների նկատմամբ ունեն առավել բարձր ռիսկեր, համեմատած Արթիկում ապրող կանանց հետ, որտեղ հանքարդյունաբերություն չկա:
Հանքարդյունաբերության կամ մետաղների ձուլման գործունեությունից տուժածները: Արթիկի հետ համեմատած` Ալավերդիում ապրող կանանց շրջանում 2.38 անգամ ավելի հավանական է մեռելածնությունը և 2.67 անգամ ավելի հավանական է հղիության արհեստական ընդհատումը բժշկական նկատառումներով: McMichael et al., 1986; Wulff Marianne et al., 1995-ի տվյալներով` այն քաղաքներում, որտեղ կան ձուլարաններ, առկա է մեռելածնության և պերինատալ մահացության բարձր ռիսկ, որը կապված է ծանր մետաղների և ծծումբի երկօքսիդի արտանետումներով:
3. «Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիական համայնքներում երեխաների համար ռիսկի գործոնները` պայմանավորված արյան մեջ կապարի մակարդակով», հեղինակներ` Ռուզաննա Գրիգորյան, Վարդուհի Պետրոսյան, Ծովինար Մելքումյան:
«Արյան մեջ կապարի միջին պարունակությունը 6.0 մկգ/դլ է, Ախթալայում երեխաների արյան նմուշներում կապարի մակարդակը կազմել է 6.8 մկգ/դլ, Ալավերդիում` 6.4 մկգ/դլ, Երևանում` 5.1 մկգ/դլ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մետալուրգիական արդյունաբերական համայնքների երեխաները ենթարկվում են կապարի ազդեցությանը»:
4. Մամուլում կա նաև տեղեկատվություն այն տարածքներում առողջության վրա ծանր մետաղների ազդեցության մասին, որտեղ հանքարդյունաբերության արդյունքում մետաղներով աղտոտվածության մակարդակը բարձր է: Այսպես, «Սյունյաց երկիր» թերթի 2012թ. նոյեմբերի 30-ի № 12 համարում հրապարակվել է «Կապանում և Մեղրիում առանձին հիվանդությունների քանակը հասել է անհավանական մակարդակի» հոդվածը:
Հոդվածում, մասնավորապես, ասված է: «Կապանում, ըստ պաշտոնական վիճակագրության, շարունակում է աճել մի քանի հիվանդությունների տարածվածությունը՝ սիրտ-անոթային անբավարարություն (վերջին երեք տարում մոտ երեք անգամ ավելացել են առաջնային հիվանդները), օնկոլոգիական և էնդոկրին (ներզատական): Կապանում նկատելի է հաշմանդամների թվի արագ աճ (եթե, իհարկե, այդ երևույթն արհեստականորեն ուռճացված չէ համապատասխան հանձնաժողովի կողմից). պաշտոնական տվյալներով մարզկենտրոնի բնակչության մոտ 10%-ը հաշմանդամ է (նման ցուցանիշ հանրապետության ոչ մի համայնքում չկա): Նշենք, որ Կապանի համար վատ էկոլոգիան կապված է հանքարդյունաբերության արտադրական թափոններով հողի, ջրի, գյուղմթերքի բազմամյա աղտոտման հետ: Իսկ ինչ վերաբերում է Մեղրիին, ապա այստեղ հետազոտություններ չեն կատարվել, և տվյալներ չկան»:
Հուլիս 31, 2017 at 18:27
