Նավթ ու գազ կորոնեն ԲՀՊՏ-ներու՞մ

Նավթ ու գազ կորոնեն ԲՀՊՏ-ներու՞մ

ԷկոԼուր

«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն մտադիր է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում` Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի 8775 կմ2 ընդհանուր տարածքում: Նախատեսված տարածքներն ընդգրկում են մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)` «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերը, Մրտավարդենու, Զիկատարի, Գյուլագարակի, Իջևանի, Մարգահովտի, Գանձաքարի, Հանքավանի ջրաբանական, Ախնաբադի կենու և Գետիկի արգելավայրերը, որոնք ունեն հարուստ բուսական և կենդանական աշխարհ, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված: Ծրագրի ադզակիր համայնքները 43-ն են` ՀՀ Շիրակի մարզ. Ամասիա, Մարմաշեն, Ոսկեհասկ, Հայկավան, Կապս և Առափի համայնքներ, ՀՀ Լոռու մարզ. Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Սարալանջ, Մեծ Պառնի, Ծաղկաբեր, Շիրակամուտ, Կաթնաջուր, Գոգարան, Գեղասար, Ջրաշեն, Շենավան, Սպիտակ, Լեռնանցք, Արևաշող, Քարաձոր, Ղուրսալի, Նոր Խաչակապ, Արջուտ, Լեռնապատ, Գուգարք, Շահումյան, Լերմոնտովո, Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքներ, ՀՀ Տավուշի մարզ. Դիլիջան համայնք (Հովք, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան բնակավայրեր), Իջևան, Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր, Ակնաղբյուր, Լուսաձոր, Խաշթառակ, Գետահովիտ, Լուսահովիտ, Գանձաքար համայնքներ: Ուսումնասիրության համար նախատեսված տարածքներով ամենախոշոր գետերից հոսում են Դեբեդը, Աղստևը, Փամբակը և Ախուրյանը:

Բնապահպանական փորձաքննության ներկայացված ընկերության հայտի համաձայն` աշխատանքների տեխնոլոգիան թույլ է տալիս անտառային ծածկույթը չհատել, բացասական ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա չի լինելու: Աշխատանքները իրականացվելու են կողմային տեսադաշտի սեյսմիկ լոկացիայի մեթոդով: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2017-2020 թթ-ի ընթացքում:

Հայտի հանրային լսումները նշանակված են ս.թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզպետարանում, նույն օրը` ժամը 16:00-ին, ՀՀ Լոռու մարզպետարանում և դեկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարանում:

«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն հիմնադրել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ն 2017թ-ի հոկտեմբերին: Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է, որն էլ իր հերթին 100% բաժնետոմսերով պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

Նշենք, որ բացի «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ից, բնապահպանական փորձաքննություն է անցնում կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության` Վայոց ձորի մարզում` 5-րդ պայմանական տարածքում, նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության համար փորձաքննություն է անցնում հայտը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համաձայն` Հայաստանի տարածքում ներկայումս նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով ուսումնասիրության աշխատանքներ իրականացնում է միայն «Ինտեգրալ Պետրոլեում» ՍՊԸ-ն:

Նոյեմբեր 22, 2017 at 18:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր