

Լրագիր
Հերթական վթարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ում
Մայիսի 15-ի առավոտյան, ժամը 3-4 ընկած հատվածում վթար է տեղի ունեցել ԶՊՄԿ-ին պատկանող մի քանի մլն խորանարդ մետր տարողության լճում, ինչի հետեւանքով հսկայական քանակությամբ ջուր սկսել է հոսել դեպի Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի հարեւանությամբ հոսող Գեղի գետ, որի մակարդակը զգալիորեն բարձրացել է և քշել-տարել ափամերձ այգիները, ցանքսերը, քանդել թաղամասի կամուրջը, լցվել գոմերը: Հորդացած գետի ջրերը ողողել են նաև դպրոցի բակը:
Ի դեպ, վթարված լճի ջրի հոսքը գնալով ուժեղանում է և դեռեւս վտանգը չի անցել: Անելանելի վիճակում հայտնված բնակիչները զանգահարել են Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն իրավապաշտպան հկ-ի թեժ գծով և տեղեկացրել դեպքի մասին: Բարիկավան են ժամանել կազմակերպության ներկայացուցիչները, հանդիպել հուսահատ վիճակում հայտնված բնակիչների հետ:
Վթարից տուժած 17 բարիկավանցիներ գրավոր դիմում են ներկայացրել հկ-ի նախագահ Տիգրան Ստեփանյանին, որով խնդրել են պաշտպանել իրենց իրավունքները: Կազմակերպության նախագահը բնակիչներին խոստացել է, որ հնարավորինս արվելու է ամեն ինչ, որպեսզի չոտնահարվեն բնակիչների իրավունքները, հավուր պատշաճի հաշվարկվեն վնասի չափերը եւ ժամանակին ստանան փոխհատուցում` կրած վնասի դիմաց:
Ավելացնենք, որ վերջին 3 ամսում սա երկրորդ վթարն է, որ արձանագրվում է լճում: Այդ պատճառով թաղամասի բնակիչները արդեն սկսել են անհանգստանալ նաեւ իրենց կյանքի անվտանգության համար: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն և դժվար է ասել դրանք ճշտվելուց հետո կպատժվեն մեղավորները, թե ոչ:
Մայիս 17, 2010
