

ԷկոԼուր
Հունիսի 8-ին Ջերմուկ առողջարանային քաղաքի քաղաքապետ վերընտրվեց Հանրապետական կուսակցության անդամ Վարդան Հովհաննիսյանը։ Նա հավաքել է 2 286 ձայն: Քաղաքապետի մյուս թեկնածուն՝ անկուսակցական Կորյուն Ստեփանյանը, հավաքել է 1 059 քվե:
Նախքան ընտրությունները Maxinfo․am կայքի լրագրող Նարեկ Միրզոյանը հարցումներ է անցկացրել ջերմուկցիների շրջանում, որոնցից մեկն էլ եղել է այն՝ արդյոք բնակիչները դեմ են, թե կողմ են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը։ Հանքավայրը Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այն պատրաստվում է շահագործել «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս իր «Գեոթիմ» դուստր ընկերության: «Ամուլսարը մեզ համար արդեն մոռացված թեմա է դարձել: Մենք միանշանակ դեմ ենք, քանի որ հանքը շահագործող կազմակերպությունից ոչ ոք չի եկել ու բնակիչների կարծիքը չի հարցրել, չեն հարցրել՝ դեմ եք, թե՞ կողմ: Մենք էլ` բնապահպանությունից ոչ լավատեղյակ բնակիչներս, չգիտենք՝ էդ հանքում ինչ կա, էդ սարի ու հողի տակ ինչ կա: Դե բնապահպաններն ու ակտիվիստներն ասում են, որ հանքը վտանգավոր ա, հա, համաձայն եմ, ինչ հանեն, չհանեն, էդ ամբողջ փոշին քամու հետ կգա ու կլցվի Ջերմուկի «գլխին»»,- ասել են Ջերմուկի բնակիչները:
Ամուլսարի հանքի շահագործման վերջին նախագծով ազդակիր համայնքներ են ճանաչվել Գնդեվազ, Գորայք եւ Սարավան փոքր համայքները, սակայն Ջերմուկը չի ընդգրկվել ազդակիր համայքների շարքում:
Դեռևս 2013 թ-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման Ջերմուկի ազդակիր համայնք ճանաչելու հայցով Ջերմուկի բնակիչները դիմել են դատարան: «Հիմա Հայաստանում մենք բոլոր դատական ինստանցիաները անցել ենք` սկսած Առաջին ատյանի դատարանից մինչեւ Վճռաբեկ դատարան… Եվ մեզ մերժել են: Պատրաստվում եմ դիմել Եվրոպական դատարան»,- ասել է Մակեդոն Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ վերընտրված Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է․ «Ես ժամանակին դեմ էի, որպեսզի այդ հանքը շահագործվեր, սակայն նախնական այս պահին դա չի խանգարում մեր քաղաքի զարգացմանը»։
Հունիս 10, 2014 at 10:44