ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՈՍԿՈՒ ԿՈՐԶՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՈՍԿՈՒ ԿՈՐԶՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

News.am

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը մտնում է «ԳեոՊրոՄայնինգ» խմբի մեջ եւ Հայաստանում շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը ու Արարատի ոսկու վերամշակման գործարանը, նախատեսում է ոսկու կորզման եւ վերամշակման նորագույն տեխնոլոգիաներ կիրառել։

Մասնավորապես՝ Արարատի ոսկու վերամշակման գործարանում կներդրվի «Ալբիոն» տեխնոլոգիան։ «ԳեոՊրոՄայնինգ» խմբի նախագահ Ռոման Խուդոլին հոկտեմբերի 29-ին լրագրողներին հայտնեց, որ նման տեխնոլոգիայով աշխատող գործարան աշխարհում դեռ չկա։ Առաջինը կառուցվում է Դոմինիկյան Հանրապետությունում, երկրորդը՝ Հայաստանում։ Նոր տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս մետաղ կորզել ցանկացած ծանր հանքաքարից, ինչը հին տեխնոլոգիաներով հնարավոր չէ։ Իսկ Սոթքի ոսկու հանքավայրում նման ծանր հանքաքարերը բարձր կշիռ են կազմում, հետեւաբար՝ «Ալբիոնը» հնարավորություն կտա էապես բարձրացնել հանքավայրի շահագործման արդյունավետությունը։ Ռ. Խուդոլին հայտնեց, որ Սոթքի հանքավայրում ոսկու պաշարները գնահատված են 5 մլն ունցիա, որը կարող է մեծանալ նոր ուսումնասիրությունների հաշվին։ Հանքավայրը շահագործվում է եւ բաց, եւ փակ եղանակով։

Ծրագրի շրջանակներում ընդհանուր ներդրումները, ըստ Խուդոլիի, կկազմեն մոտ 100 մլն դոլար։ Ծրագրի տեխնիկոտնտեսական հիմնավորումները կօգնի նախապատրաստել Xstrata technօlogy ընկերությունը, իսկ Core resources-ը կմատակարարի սարքավորումները։ Պոչամբարների ամրապնդման (այդ թվում՝ սեյսմակայունության տեսանկյունից) աշխատանքները վստահվել է Epoch ընկերությանը։ Նախատեսվում է Արարատի գործարանը գործարկել 2013 թ.։ Այնտեղ արտադրվող ոսկու սալիկները այնուհետ վերամշակվում են Կանադայում եւ դուրս բերվում համաշխարհային շուկա։

Ծրագրի հեղինակները վստահեցնում են, որ նոր տեխնոլոգիաների կիրառման հետեւանքով բնապահպանական որեւէ ռիսկ չի առաջանա։ Ոչ մի վտանգավոր գազ չի արտադրվի, իսկ արտադրական գործընթացները կընթանան նվազագույն ջերմաստիճանում։ «ԳեոՊրոՄայնինգ» խմբի առաջին փոխնախագահ Դիմիտրի Կալանդաձեն ասաց, որ ընկերությունը առաջնորդվում է բնապահպանական այն պահանջներով, որ առկա են Հայաստանում եւ այլ երկրներում։ Ըստ Կալանդաձեի՝ իրենք մերժել են մի շարք առաջարկներ, որոնք տնտեսապես շահավետ էին, սակայն չէին համապատասխանում բնապահպանական խիստ չափանիշներին։ «ԳեոՊրոՄայնինգ» խմբի անունից նա վստահեցրեց, որ որեւէ բնապահպանական խնդիր չի առաջանա։

Նոյեմբեր 01, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր