

ԷկոԼուր
Լարավածության հերթական շրջապտույտ Սյունիքի մարզի Քաջարան գյուղում: Այն կապված է նրա հետ, որ բնակիչները հրաժարվում են իրենց հողերը տալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` համաձայն ՀՀ կառավարության ս.թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշման:
Դեկտեմբերի 14-ին բնակիչները «ԷկոԼուր»-ին ահազանգեցին, որ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին տարել են ոստիկանություն: Մի քանի ժամ շարունակ գյուղապետից որեւէ լուր չկար, եւ նրա հեռախոսն անջատված էր: Բնակիչները մտավախություն հայտնեցին, որ փորձում են Աթայանի նկատմամբ ճնշում գործադրել եւ ստիպել ստորագրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համաձայնագիրը:
Նույն օրը Ռաֆիկ Աթայանը վերադարձավ տուն: «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ իրեն ոստիկանություն չեն տարել: Մանրամասների մեջ չմտնելով` նա հայտնեց, որ հողերի հանձնման հետ կապված եղել են բանակցություններ` բայց ոչ ոստիկանության հետ: «Միեւնույնն է, մենք մեր հողերը չենք տա»,- հայտարարեց գյուղապետը:
Բնակիչները պահանջում են հետ կանչել կառավարության որոշումը, քանի որ եթե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գյուղի կողքին սկսի հանքավայրի շահագործումը, ապա ամբողջ գյուղը ստիպված կլինի տեղափոխվել:
Քաջարան գյուղում տիրող լարված իրավիճակն արտացոլված է «S.O.S. Քաջարան` բացառիկ գերակա շահ 2» սոցիալական հոլովակում, որը նկարահանվել է դեկտեմբերի սկզբին Քաջարան գյուղում, շրջակա տարածքներում եւ Կապանում:
Դեկտեմբեր 15, 2011 at 11:51
