

Արթուր Հովհաննիսյան, «Հայացք» շաբաթաթերթ
Փաստ առաջին. Հայաստանի ոսկու հայտնի և խոշոր հանքավայրերը (Սոթքի և Մեղրաձորի) շահագործման են հանձնվել մի ընկերության, որի միակ մասնակից, 100% բաժնեմասի սեփականատերն է Կայմանյան կղզիներում (օֆշորային գոտի) գրանցված «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» ՍՊԸ-ն:
Փաստ երկրորդ. հիշյալ ոսկու հանքավայրերը շահագործող այդ ընկերության` «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գործունեությունը հատկանշվում է ՀՀ օրենսդրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքով, այդ օրենսդրության բազմաթիվ ու բազմաբնույթ խախտումներով, ներդրումային և պայմանագրով սահմանված այլ պարտավորությունների չկատարմամբ:
Փաստ երրորդ. «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը նախկին` 2008թ. հուլիսի 22-ին վերանվանված «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» (ԱՈԱՁ) ՍՊԸ-ն է, որի հետ ՀՀ բնապահպանության, ինչպես նաև առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունները 2008 թ. փետրվարի 29-ին կնքել են Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքավայրերից «Հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման» համապատասխանաբար թիվ 368 և 369 լիցենզային պայմանագրերը:
Բնականաբար, հարց է առաջանում. նշված նախարարությունները, ՀՀ բնապահպանության, ինչպես նաև առևտրի և տնտեսական զարգացման նախարարներն առնվազն երեք տարի շարունակ ո՞ւր են նայել, ինչո՞ւ և ինչպե՞ս չեն նկատել հիշյալ ընկերության կողմից թույլ տրված ու թույլ տրվող կոպիտ խախտումները, որոնք պարզապես հնարավոր չէր չնկատել: Հետևաբար ինչ-ինչ շահագրգռվածության, կոռուպցիայի հետևանքով չէ՞, որ դրանք չնկատելու են տվել ու հանդուրժել:
ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ), վերահսկողություն իրականացնելով ընդերքի օգտագործման տրամադրման և ընդերքի օգտագործման նկատմամբ, ըստ էության, բացահայտել է ոչ միայն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի, այլև հիշյալ նախարարությունների տարբեր պաշտոնյաների թույլ տված բազմաթիվ կոպիտ խախտումներ: Ըստ Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվության` հաստատված ՀՀ ՎՊ խորհրդի 2010 թ. հոկտեմբերի 20-ի թիվ 29/2 որոշմամբ, ԱՈԱՁ ՍՊԸ-ի կողմից` սկսած 2004 թ. հուլիսի 1-ից մինչև լիցենզային պայմանագրերիկնքման պահը (2008 թ. փետրվարի 29-ը), Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործումը և հանքարդյունահանումը կատարվել է առանց ուժի մեջ մտած լիցենզիաների, օրենքով սահմանված ժամկետում չեն կնքվել լիցենզային պայմանագրեր, և չեն ներկայացվել համապատասխան նախագծեր, որոնք տվյալ հանքային իրավունքը հավաստող լիցենզիայի անբաժանելի մասն են: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից եթե ոչ մինչ այժմ, ապա 2010թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ հանքարդյունահանումն իրականացվել է առանց հանքավայրերի շահագործման աշխատանքների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված նախագծերի:
Դարձյալ ՎՊ-ի հաշվետվության համաձայն` վերոնշյալ «թիվ 368 և 369 լիցենզային պայմանագրերը, ըստ էության, պետք է համարվեն անվավեր, քանի որ հանքավայրերն ունեն պաշարների վերահաստատման անհրաժեշտություն, և պայմանագրերը կնքվել են սահմանված (մինչև 2004թ. հուլիսի 1-ը) ժամկետից ուշ»:
Ավելին. ընկերության կողմից Սոթքի ոսկու հանքավայրի անօրինական շահագործման իրողությունը փաստվում է նաև ՎՊ-ի կատարած մեկ այլ բացահայտումով: Չնայած այն հանգամանքին, որ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն` առանց լեռնահատկացման ակտի` արգելվում է օգտակար հանածոյի արդյունահանումը շահագործական նպատակով, ընկերությունը, հիշյալ նախարարությունների համապատասխան պաշտոնյաների թողտվությամբ, 2007 թ. հունվարի 1-ից մինչև 2009 թ. օգոստոսի 25-ը նշված հանքավայրը շահագործել է առանց լեռնահատկացման ակտի, այսինքն` անօրինականորեն: Այնուհանդերձ, ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարման այս փաստը, որքան էլ զարմանալի է, հիշյալ նախարարությունների պատասխանատուներին չի խանգարել, որ 2008 թ. փետրվարի 29-ին ընկերության հետ կնքեն թիվ 368 և 369 լիցենզային պայմանագրերը:
Ինչպես տեղեկանում ենք ՎՊ-ի ընթացիկ հաշվետվությունից, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2006 թ. փետրվարի 22-ի թիվ 34-Ա հրամանի համաձայն, մարտի 3-ից մինչև 5-ը (ներառյալ) ՀՀ կոնցեսիոն գործակալության աշխատակիցների կողմից ուսումնասիրվել է ԱՈԱՁ ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով ստանձնած պարտավորությունների կատարումը, որի վերաբերյալ կազմվել է հաշվետվություն: Համաձայն այդ փաստաթղթի` ընկերությունը չունի հանքային իրավունքների փաթեթը կազմող` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական փորձաքննություն անցած և հաստատված հանքավայրի շահագործման նոր նախագիծ, լիցենզային պայմանագիր և լեռնահատկացում: ԱՈԱՁ ՍՊԸ-ի կողմից առանց պետական փորձաքննություն անցած և հաստատված շահագործման նոր նախագծի և լեռնահատկացման ակտի, Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումը հանձնաժողովը առաջարկել է համարել անթույլատրելի:
Սակայն այն ժամանակ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, չսպասելով իր իսկ հրամանով կատարված ուսումնասիրության արդյունքին` հիշյալ հաշվետվությանը, ԱՈԱՁ ՍՊԸ-ին 27.02.2006 թ. տրամադրել է թիվ 01-16/6-232 գրությունը: Այդ փաստաթղթով, ինչպես ՎՊ-ի հաշվետվության մեջ է նշված, համարվել է, որ կոնցեսիոն գործակալությունը, ղեկավարվելով «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի պահանջով, կատարել է «Մեղրաձորի և Սոթքի ոսկու հանքավայրերը շահագործման հանձնելու մասին» 1999 թ. մարտի 13-ին ստորագրված պայմանագրի վերագրանցում, և, հետևաբար, պայմանագիրը համարվում է ուժի մեջ: Ավելին` նույնիսկ նշվել է, թե հանքարդյունահանման գործունեությունը սահմանող փաստաթղթերը համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը, ինչը, ինչպես արդեն հասկանալի է, իրականությանը չի համապատասխանում:
Ի՞նչ է նշանակում վերը նշվածը, եթե ոչ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և պաշտոնեական կեղծիք, որոնց պարագայում քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 308-րդ և 314-րդ հոդվածներով: ՎՊ-ի վերոնշյալ հաշվետվությունը, ինչպես նաև դրանում առկա տեղեկությունների սոսկ մի փոքր մասը ներկայացնող այս հոդվածը, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին, ինչի վրա հրավիրում ենք ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի ուշադրությունը:
ՎՊ-ն իր ընթացիկ հաշվետվության մեջ նշել է. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` ընկերությունը պարտավոր է տրամադրված տարածքի համար ՀՀ պետական բյուջե վճարել տարեկան Սոթքի համար` 3,830.0 հազ. դրամի, իսկ Մեղրաձորի հանքավայրի համար` 2,210.0 հազ. դրամի չափով կոնցեսիոն վճար, որն առ այսօր չի վճարվել: Կոնցեսիոն վճարի գծով պարտքը կազմում է Սոթքի հանքավայրի համար` 15,320.0 հազ. դրամ, իսկ Մեղրաձորի համար` 8,840.0 հազ. դրամ, կամ ընդամենը` 24,160.0 հազ. դրամ, որը ենթակա է վճարման ՀՀ պետական բյուջե»:
Խնդիրը, սակայն, միայն պարտքը չէ. ըստ նույն հաշվետվության` ընկերությունը 2009 թ. ընթացքում հանքավայրից մարել է 320.5 հազ. տ հանքաքար, ոսկին կազմել է 1,580.7 կգ, միջին պարունակությունը` 4.93 գրամ տոննայում, հաստատված պաշարի 6.3 գ/տ պարունակության փոխարեն, որի դեպքում ոսկու մարված պաշարը կկազմեր 2,019.2 կգ: Արդյունքում, համաձայն «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի, տարբերության` 438.5 կգ ոսկու մարված պաշարի համար լրացուցիչ բնօգտագործման վճարը հաշվարկելու դեպքում այն կկազմի 113,210.3 հազ. դրամ` գումարած 50% տուգանք` որպես թաքցված ծավալ:
2010 թ. առաջին եռամսյակում նույնաբնույթ տարբերության (166.45 կգ ոսկու մարված պաշարի) համար լրացուցիչ բնօգտագործման վճարը հաշվարկելու պարագայում գումարը կկազմի 50,339.2 հազ. դրամ` +50%` որպես թաքցված ծավալ:
ՎՊ-ի տեղեկացմամբ` ընկերությունը 2007թ. առաջին եռամսյակի համար ներկայացրած բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններով թելուրի (հազվագյուտ և թանկարժեք մետաղ) մարված պաշարի համար բնօգտագործման վճարների հաշվարկ չի կատարել: 2007 թ. տարեկան 5-0ՀՊՀ հաշվետվությամբ հանքաքարի մարված պաշարը կազմել է 16665 հազ. տոննա, թելուրի մասով մարված պաշարը կազմել է 0,322 տոննա, լրացուցիչ բնօգտագործման վճարը թելուրի մարված պաշարի համար հաշվարկելու դեպքում նույնպես հսկայական գումար է կազմում:
Այն ժամանակահատվածում, որ ընդգրկում է ՎՊ-ի ստուգումը, Սոթքի հանքի լաբորատորիայում մշակվել են 35420 շարքային նմուշներ: Համաձայն կառավարության 09.11.2006 թ. թիվ 1678-Ն որոշման` օգտակար հանածոների որակը գնահատելու նպատակով անալիզի ենթարկված շարքային նմուշների կրկնօրինակների առնվազն 5%-ը ենթակա է հսկողական անալիզների, որոնք պետք է իրականացվեն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Անալիտիկ» ՓԲԸ լաբորատորիա ուղարկված նմուշներն անալիզի ենթարկելու միջոցով:
Սակայն, ինչպես պարզել է ՎՊ-ն, հսկողական անալիզի ներկայացվել է ընդամենը 720 նմուշ` առնվազն 1771-ի փոխարեն, այսինքն` 1051-ով պակաս: Արարատի ոսկու կորզման լաբորատորիայում մետաղների կորզման նպատակով և պոչամբարների մասով թեև 2340 անալիզ է կատարվել, սակայն հսկողական անալիզի համար որևէ նմուշ չի ուղարկվել: Մի խոսքով` իրենք անալիզն արել, իրենք էլ որոշել են... Բայց չէ՞ որ խոսքը ոսկու մասին է:
Համաձայն «Ընդերքի մասին» օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի` ընդերքօգտագործողը պարտավոր է ապահովել հետախուզված, ընդերքից արդյունահանված և դրանում թողնված օգտակար հանածոների պաշարների, դրանց պարունակած բաղադրամասերի որակի ու քանակի մասին հավաստի տվյալների հավաքումը, պահպանումը և լիազորված մարմնին տրամադրումը: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից նշված պահանջները ոչ ամբողջությամբ կատարելը և անհրաժեշտ տվյալները մասնակի ներկայացնելը, ըստ ՎՊ-ի, հանգեցրել է տեղեկատվության անհավաստիությանը: Վերը շարադրվածը, կարծում ենք, թույլ է տալիս եզրակացնել, որ ընկերության կողմից ՀՀ օրենսդրության պահանջների հիշյալ խախտումները կատարվել են միտումնավոր:
Մարտ 03, 2011
