Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ծրագրի ռուսական վարկից

Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի  շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ծրագրի ռուսական վարկից

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը հունիսի 11-ին որոշեց ՀՀ պետական բյուջեից 63 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով:

Այսպիսով Հայաստանը հրաժարվում է ՀԱԷԿ-ի արդիականացման համար ռուսական վարկից: Ռուսաստանը, Հայաստանի հետ 2015թ-ին կնքել էր 270 միլիոն դոլարի վարկի և 30 միլիոն դոլարի դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար:

Ըստ պաշտոնական հաղորդագրության այս ընթացքում ՀԱԷԿ-ում կատարվել են կայանի անվտանգութան մակարդակի բարձրացման աշխատանքներ, թարմացվել են ՀԱԷԿ-ի հիմնական համակարգերը, ինչը տեխնիկապես ապահովում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման հնարավորությունը նաև 2016 թվականից հետո: Մեքենայացված սրահի սարքավորումները համալիր փոխվել և արդիականացվել են, ավարտվել է փոփոխման և արդիականացման ենթակա համակարգերի և սարքավորումների նախագծումը, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումեր:

Արդիականացման շնորհիվ ՀԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրողականությունը բարձրացել է 10-15%-ով:

Միջոցառումների համար ծախսվել է վարկային գծով – 173,6 մլն, դրամաշնորհի գծով - 19,3 մլն: Պատասխանելով ԷկոԼուրի հարցմանը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ մնացած ֆինանսական միջոցները, որոնք կազմում են 107,1 մլն ԱՄՆ դոլար (վարկային գծով՝ 96,4 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհի գծով՝ 10,7 մլն ԱՄՆ դոլար), պետք է ծախսվեն մինչև 2021 թվականի վերջը աշխատանքներն ավարտելու և մատակարարումների համար: 

Եթե մնացորդ 107,1 միլիոն դոլարը կազմում է ընդհանուր 300 միլիոն դոլարի գումարի մեկ երրորդ մասը, ապա hարց է առաջանում, թե ՀԱԷԿ-ի անվտանգության ի՞նչ աստիճան է հաջողվել ապահովել:

ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 

· Վարկի տրամադրման համաձայնագրով ֆինանսավորման վերջնաժամկետ է սահմանվել 31.12.2019թ.։

· Ծրագիրն իրականացնում են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն որպես պատվիրատու «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն որպես կապալառու:

· 2018թ. տարեվերջից սկսած Կապալառուի և Պատվիրատուի միջև չեն կնքվել պայմանագրեր, որոնց կատարման ժամկետները դուրս են վարկի հասանելիության ժամկետից, քանի որ ՌԴ ֆինանսների նախարարությունն այդ պայմանագրերը չի ընդունել ֆինանսավորման: Արդյունքում չեն կնքվել նույնիսկ այնպիսի պայմանագրեր, որոնց մասով կատարողականը կարող էր հասնել ընդհուպ մինչև 90 տոկոսի։

· Ծրագրի վերջնաժամկետի երկարացման նպատակով իրականացված բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը 2019թ. դեկտեմբերի 12-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» N 1785-Ա որոշումը:

Ռուսական կողմի խստացրած պահանջները 

· 2020թ. փետրվարին ՌԴ ֆինանսների նախարարության կողմից հայկական կողմին ներկայացվեց ժամկետի երկու տարով երկարաձգման վերաբերյալ արձանագրություն՝ խստացված պայմաններով։ Մասնավորապես, արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80%-ը պետք է ուղղվի ռուսական ընկերություններից ձեռքբերումներին (աշխատանքների, սարքերի, սարքավորումների, ծառայությունների և այլն), կիրառել միջանկյալ կոմիսիոն վճար 2020թ. համար նախատեսված վարկի չօգտագործված գումարի 1%-ի չափով, ինչպես նաև պետք է կատարվեր վարկի ապահովագրություն, որի վճարի չափն անհայտ էր:

· Ռուսական կողմին իրավունք է վերապահվել ժամկետանց պարտավորությունները 180 օրացուցային օրվա ընթացքում չմարելու դեպքում կոնսոլիդացնել հիմնական վարկը, վարկի տոկոսները, ժամկետանց պարտավորության վրա հաշվարկված տոկոսները և կոնսոլիդացված պարտավորությունը հայտարարել մարման ենթակա անհապաղ կարգով:

· Առաջարկվել է իրեն վճարել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ տարեկան մինչև 6,5 մլն ԱՄՆ դոլարի չափով, և քանի որ նախատեսված ամբողջ ծավալով աշխատանքների ավարտի համար պահանջվում է երեք տարի ժամանակ, Ծրագրի կառավարման վճարը կարող է հասնել մինչև 19,5 մլն ԱՄՆ դոլար:

Հայկական կողմի դիրքորոշում

· Ռուսական կողմի մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսական արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ և ծառայություններ ձեռքբերելու հնարավորությունները, ինչպես նաև հայկական կազմակերպությունների ներգրավումը:

· Գնահատելով ռուսական կողմի առաջարկը՝ Ծրագրի հաջող ավարտի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են մոտ 163 մլն ԱՄՆ դոլար:

· Ծրագիրը հնարավոր է ավարտել 123 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական միջոցներով՝ արդյունքում ունենալով մինչև 29 մլն ԱՄՆ դոլար տնտեսում՝ հաշվի առնելով 10,7 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհի կորուստը:

Առկա իրավիճակ և ռիսկեր

Եթե համապատասխան ֆինանսական միջոցներ չգտնվեն, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ավարտի համար, սա հանգեցնելու է 2021թ. պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքների գրաֆիկի շեղման և ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի կողմից Հայկական ատոմային էլեկտրակայանին շահագործման ժամկետի նոր լիցենզիա տրամադրելու մերժմանը:

Ծրագրի շրջանակներում ընդհանուր 300 մլն ԱՄՆ դոլար գնահատված արժեքով միջոցառումների ցանկը և դրանց արժեքները աշխատանքների իրականացմանը համընթաց ենթարկվել են փոփոխության՝ ըստ անհրաժեշտության: 2018թ. կատարված վերջին փոփոխությամբ՝ օրինակ չեն ներառվել.

- լրացուցիչ անվտանգության համակարգերի ներդրմամբ պայմանավորված նոր դիզել-գեներատոր կայանի կառուցումը և կահավորումը՝ 18,9 մլն ԱՄՆ դոլար նախնական գնահատված արժեքով

- ռեակտորի իրանի հուսալիության մասին եզրակացության կոնսերվատիվությունը հիմնավորելու համար ռեակտորի իրանի մետաղի նմուշ-վկաների համակարգի ներդրումը՝ 2 մլն ԱՄՆ դոլար նախնական գնահատված արժեքով

- 31.12.2019թ․ դրությամբ փաստացի մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 192,86 մլն ԱՄՆ դոլար, որից՝ վարկային բաղադրիչը 173,57 մլն ԱՄՆ դոլար: ՌԴ կողմից լիազորված վճարումներ իրականացնող «Վնեշէկոնոմբանկ»-ի տվյալների համաձայն՝ վարկից կատարված փաստացի վճարումները կազմում են 170,41 մլն ԱՄՆ դոլար, տարբերությունը՝ 3,16 մլն ԱՄՆ դոլար։

2022թ-ին ծրագիրը հաջող ավարտելու համար անհրաժեշտ է 126,4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Նախատեսվում է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներ ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր:

«Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից և դրա փոխարեն ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որն աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգրավվելու և մեծացնելու կառավարության լծակները …

…Երկար տարիներ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել ամենատարբեր կոնտեքստներում և ամենատարբեր պատճառներով: Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, և սա ոչ միայն կառավարման, այլև էներգետիկ անվտանգության խնդիր է»,- նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

17:39 Հունիս 11, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news