ԹԶԱՉԱՓ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԵԼԻ՞ Է ՈՒՐԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼ

ԹԶԱՉԱՓ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԵԼԻ՞ Է ՈՒՐԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼ

Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ

Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակչությունը լրջորեն անհանգստացած է համայնքի տարածքում ուրանի պաշարների հնարավոր շահագործման հետեւանքների համար։
  
«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն այս տարի շարունակում է ուրանի հետ կապված երկրաբանական հետազոտությունները։ Այս ընկերությունը հիմնադրվել է Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ կառավարության եւ ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում, իսկ նպատակը՝ Հայաստանի ողջ տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանա-հետախուզական աշխատանքների իրականացումն է։
  
Հիշյալ աշխատանքների, ինչպես նաեւ ուրանի հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման ասպարեզում ռուսական կողմի հետ համագործակցության հիմքը դրվել է Հայաստանի բնապահպանության նախարարության եւ ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջեւ 06.02.2008թ© ստորագրված հուշագրով։ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին տրամադրված թիվ 88 լիցենզիայով նշված ընկերությունը 2009թ. օգոստոսի 5-ից մինչեւ 2014թ. օգոստոսի 23-ը ստացել է ուրանի հանքաքարի պաշարների հետազոտության իրավունք՝ օգտակար հանածոների մշակման նպատակով։
 
Կապանի տարածաշրջանային հիմնադրամը եւ «Ազատամարտ» կոմիտեն ս.թ. մայիսի 14-ից ստորագրահավաք են անցկացնում հանքավայրի հետախուզական աշխատանքները եւ հնարավոր շահագործումը դադարեցնելու պահանջով։ Նրանց են միացել բնապահպանական եւ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող մի շարք ՀԿ-ներ։
  
Ճիշտ է, ուրանի հանքաքարի պաշարների հետազոտության համար նշված ՓԲԸ-ն բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ստացել է պետական բնապահպանական փորձաքննության թիվ ԲՖ-78 դրական եզրակացություն։ Սակայն «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի եւ բնապահպանության նախարարության միջեւ եղած պայմանագիրը չի անցել հասարակական լսումներ, թեեւ Հայաստանը 2001թ. վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որով հասարակությունը էկոլոգիային առնչվող որոշումներին տեղեկացված լինելու եւ այդպիսի կարեւոր որոշումների ընդունման գործընթացին մասնակցության իրավունք ունի։
  
Բազմաթիվ հարցեր կան, որ մարդկանց ոչ միայն հետաքրքրում, այլեւ անհանգստացնում են։ Օրինակ, այս տարվա երկրաբանական հետազոտությունների շրջանակում նախատեսված են ոչ միայն հետախուզական հորատումներ, այլեւ հետախուզաառուների անցկացում։ Ի՞նչ է արվելու կամ որտեղ է պահվելու ընդերք մղված եւ այնտեղից որոշ չափով ռադիոակտիվ վիճակում դուրս եկած հեղուկը։ Այս հարցի պատասխանը բնակչությանը դեռ հայտնի չէ։
  
Ընդհանրապես անորոշությունը շատ մեծ է, մինչդեռ լեռը, որտեղ հիշյալ ՓԲԸ-ն ուրանի հանքաքարի հետ կապված աշխատանքներն է շարունակում, Լեռնաձոր գյուղի դիմաց է գտնվում, Լեռնաձորի եւ Քաջարանի միջեւ։ Կասկածից գրեթե դուրս է, որ ուրանի բավարար պաշարների հայտնաբերման դեպքում, կսկսվի հանքավայրի շահագործումը, որի դեպքում վտանգներն անհամեմատ մեծ են։
  
Կա՞ երաշխիք, որ ճառագայթված աշխատանքային հեղուկը, որը դուրս է գալու 50-250 մետր խորության ապարների միջից, տեխնածին վթարի կամ այլ պատճառով չի խառնվի այն գետին, որն անցնում է Կապան քաղաքով, եւ որից մի քանի հարյուր մետրի վրա մարդիկ են ապրում, այդ ջուրն անասուններին տալիս, այդ ջրով բոստան ջրում։
  
Բացառված չէ նաեւ ճառագայթված հեղուկի ներթափանցումը ստորգետնյա ջրային համակարգ, ի՞նչ հետեւանքներ կարող են լինել ստորգետնյա ջրերին դրա խառնվելու հետեւանքով։ Ընդգծենք, որ եթե ռադիոակտիվ հանքաքարը ներթափանցի ջրային ավազան, այն այլեւս հնարավոր չի լինի մաքրել, աշխարհում պարզապես չկա այդպիսի տեխնոլոգիա։ Բնակչությանը մեկ այլ հարց էլ է հետաքրքրում. թափոնը, որի մեջ ուրանի պարունակությունը քիչ է, որտե՞ղ են թափելու։
  
Ըստ շահագրգիռ կողմի հավաստիացումների, նոր տեխնոլոգիաների կիրառման պարագայում ուրանի հանքաքարի արդյունահանումը որեւէ վնաս չի կարող տալ մարդկանց եւ շրջակա միջավայրին, սակայն թե ինչ նոր տեխնոլոգիաների մասին է խոսքը, դեռ անհայտ է։ Փոխարենը՝ միջազգային փորձից հայտնի են այն վնասները, որ պատճառվել եւ արձանագրվել են ուրանի հանքի նույնիսկ փակ շահագործման դեպքում։
  
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն հունիսի առաջին կեսին պատրաստ է խնդրով հետաքրքրված կազմակերպությունների հետ քննարկել առկա հարցերը։ Հուսանք, որ Հայաստանում ուրանի ծրագրի հետ կապված հիշյալ եւ այլ հարցերին այդ քննարկման ընթացքում կտրվի սպառիչ պատասխան։

Հունիս 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր