

Գայանե Մկրտչյան,www.iwpr.net
Հայաստանի հարավային մարզի բնակիչների խոսքերով`ուրանի արդյունահանման ծրագիրը շարունակելու դեպքում կյանքն այստեղ անտանելի կդառնա:
Հայաստանի ամենահարավային շրջանի բնակիչները սպառնում են փակել գլխավոր միջպետական ճանապարհը, եթե կառավարությունը շարունակի ուրանի արդյունահանման ծրագիրը տարածաշրջանում:
Խորհրդային տարիներին կատարված նախնական ուսումնասիրություններից ի վեր, Երեւանից 340 կիլոմետր հարավ գտնվող, Իրանին սահմանակցող Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղը շրջապատող լեռները ռադիոակտիվ հանքանյութի պոտենցիալ աղբյուր են համարվում:
Ուրանի ուսումնասիրության ծրագիրը նախատեսվում է շարունակել մինչեւ 2014 թվականը`չնայած տեղացիներն անհանգստանում են, որ հորատման աշխատանքները եւ հետագա հանքարդյունահանումը կարող են աղտոտել ստորերկրյա ջրերը եւ լուրջ սպառնալիք ստեղծել առողջության համար:
«Մենք կփակենք Հայաստանը Իրանի հետ կապող միակ ճանապարհը: Կպառկենք ասֆալտին, բայց թույլ չենք տա: Մենք ենք այս տարածաշրջանում ապրում եւ մենք ենք ուրանի ցավը մեր մաշկի վրա զգալու», - ասում է «Ազատամարտ» կոմիտեի նախագահ, Կապանի ավագանու անդամ Խորեն Հարությունյանը:
Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակելը նշանակալի սպառնալիք է, քանի որ այն երկիրն արտաքին աշխարհի հետ կապող երկու ճանապարհներից մեկն է հարեւան Ադրբեջանի հետ ներկայիս սառը հարաբերությունների պայմաններում: Հայաստան-Իրան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի առանց այն էլ թույլ տնտեսություն ունեցող Հայաստանի համար: Տարեկան այս ճանապարհով 400 հազար տոննա բեռնափոխադրումներ են կատարվում դեպի Հայաստան:
Բնապահպանները եւ տեղական համայնքի անդամները նշում են, որ պատրաստ են այս կտրուկ քայլին դիմել, քանի որ կառավարությունը լուրջ չի ընդունում նրանց մտավախությունները:
Լեռնաձորցի Ռաֆիկ Պետրոսյանն ասում է. «Լեռնաձորցու կարծիքը մի հատ հարցնեին էլի, դա նույն է, որ Ղարաբաղի հարցը լուծեն առանց ղարաբաղցիների: Առաջինը մեր կյանքն է վտանգվելու: Նույնիսկ Ղափան տեղափոխվելը չի փրկի, բոլորս էլ կիրթ մարդիկ ենք ու լավ հասկանում ենք, որ պետք է նվազագույնը 60 կմ հեռու բնակվել ուրանի շահագործվող հանքերից»:
Անցյալ շաբաթ մարզի գլխավոր` Կապան քաղաքի քաղաքապետարանի ավագանին հրավիրեց արտահերթ նիստ, որի ընթացքում ձայների մեծամասնությամբ հաստատվեց ՀՀ նախագահին, Հայաստանի խորհրդարանին եւ կառավարությանը ուղղված ուղերձը: Ուղերձով կոչ է արվում չեղյալ ճանաչել ՀՀ կառավարության 2008թ. մարտի 6-ի 234-Ն` «Ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում»` որոշումը:
Այս պահին Կապանում հանքերի շահագործման դեմ սկսված ստորագրահավաքին միացել է 7000 մարդ:
«Հասկացող մարդը լավ գիտի, որ այստեղ ուրանի շահագործման պայմաններում չի կարող բնակվել եւ վտանգի ենթարկել իր եւ իր սերունդների կյանքը», - ասում է Կապանի «Խուստուփ» բնապահպանական հկ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:
Հայաստանում կան նաեւ որոշ այլ տեսակի բնական պաշարներ, եւ իշխանությունները ուրանի պաշարներն ատոմային արդյունաբերություն ունեցող երկրներ արտահանելը լավ հնարավորություն են համարում, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական պատճառներով:
«Ուրանի արդյունահանումը կբարձրացնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։ Ուրանը նաեւ լուրջ եկամուտների աղբյուր է, քանի որ միակ բնական պաշարն է, որի գինը վերջին մի քանի տարիներին աճել է 20 անգամ (1 կգ՝ շուրջ \\\$ 300) », - նշում է Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հայաստանում մեկ ատոմակայան կա, սակայն Լեռնաձորի շրջակայքում հայտնաբերված ցանկացած հանքանյութ ուղարկվելու է Ռուսաստան`հարստացման նպատակով:
Հայաստանում ուրանի հանքավայրերի երկրաբանահետախուզական աշխատանքները իրականացնում է «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը», որի հիմնադիրներն են «Ռոսատոմը» եւ Հայաստանի կառավարությունը` հավասար մասնաբաժիններով:
Նախարար Մովսիսյանը պնդում է, որ ուրանի արդյունահանումը անվտանգության խնդիրներ չի առաջացնի, եթե կատարվի ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ռադիացիոն ճառագայթման վտանգ առաջանում է ոչ թե արդյունահանման, այլ հարստացման ժամանակ:
Նա կարծում է, որ հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները մի քանի քայլ առաջ են ընկել, քան պետք է ու մեծ աղմուկ բարձրացրել:
«Հիմա այնտեղ ընդամենը գնում են որոնողագնահատողական ուսումնասիրություններ: Նախ պետք է որոնել, գնահատել` արդյոք կան այնպիսի նշաններ, որ այնտեղ ուրանի հանքավայրեր կան, հետո պետք է կատարել երկրաբանահետախուզական աշխատանքներ, արդյունքում ճշտել` ուրան կա թե չկա: Գտնել, թե ինչպիսի պաշարներ կան, այդ պաշարների դեպքում արդյո՞ք կան այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք տվյալ չափի ուրանի արդյունահանման համար էֆեկտիվ են»,-ասում է Մովսիսյանը:
«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ եթե սկսեն ուրանի արդյունագործական աշխատանքները, ապա Հայաստանը պարզապես կդառնա աղետի գոտի:
«29-30 հազար ք/կմ տարածք զբաղեցնող երկրի համար էկոլոգիական տեսանկյունից այն կործանարար կլինի: Ի վերջո, չի կարելի նման փոքր երկրում բոլոր հանքերը բացել, բնությունը իր վրեժը կլուծի մի օր», - ասում է Սանասարյանը:
Կապանի «Խուստուփ» բնապահպանական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը ասում է`իհարկե, լավ կլինի, որ հարցը չհասնի ճանապարհ փակելուն:
«Բայց եթե հաշվի չնստեցին մեր կարծիքի հետ ու դեմ գնացին մեր կամքին, ապա կփակենք ճանապարհը: Ես իմ ժողովրդի կողքին եմ միշտ ու ես նրանց հետ կգնամ այդ քայլին», - ասում է Մարտիրոսյանը:
Հուլիս 15, 2010
