ԴԵՍՊԱՆԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

A1+, Արմեն Դավթյան, Սոսի հեռուստաընկերություն (Սյունիքի մարզ)

Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ այս անգամ Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ, մեր երեկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը բոլոր հանդիպումները անցկացրեց փակ դռների հետևում։ Ի տարբերություն, նախորդ այցի, տիկին դեսպանին այս անգամ հետաքրքրել էին ոչ միայն ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերը, սկսած բնապահպանական ու տնտեսական խնդիրները։ Մասնավորապես ուրանի հանքավայրերի հնարավոր շահագործման հարցը Մարի Յովանովիչը քննարկեց հակաուրանյան շարժմանը միացած 3 ՀԿ-ի հետ։

Հանդիպմանը չէր հրավիրվել Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, ով առաջինը սկսեց պայքարել։ Լինելով Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնում, մեր ունեցած տեղեկություններով,  դեսպանը հետաքրքվել է՝ իրականում թեժ է այս կառույցում գործող գիծը, թե՞ պարզապես ծրագիր են իրականացնում։ Կենտրոնում կայացած հանդիպմանը մասնակցել են  նաև  կանանց հիմնախնդիրներով զբաղվող մի ՀԿ-ի ներկայացուցիչներ։ Միայն նրանց հետ է դեսպանը  քննարկել  կապանցի կանանց հուզող հարցերը։

Ամեն անգամ, հարց է ծագում, ինչպես են ընտրում այն մարդկանց, ովքեր պետք է հանդիպեն ընդհանրապես դեսպանների, և մասնավորապես, Մարի Յովանովիչի հետ։ Որպես կանոն քաղաքացիական հասարակություն կոչվածի ավելի շատ  դրամաշնորհներով  հետաքրքրված մասն է արժանանում դիվանագետի հետ մի սեղանի շուրջ նստելու պատվին։ Մամուլի ասուլիսում տիկին դեսպանը փորձեց լույս սփռել մեր  կասկածներին, սակայն վերջին երկու օրերի հանդիպումները շատ ու շատ հարցեր են առաջացրել։

Միայն պարզ դարձավ, որ դեսպանատունն է ընտրում դեսպանի զրուցակիցներին։  Թե ինչ չափանիշներով՝ չասվեց։ Ամեն դեպքում, դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ եղել է Մեղրիում ու Ագարակում, հանդիպել քաղաքապետերի հետ։ Միայն Ագարակի մաքսակետում Միացյալ Նահագների կառավարության աջակցությամբ 400 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է արվել, սարքավորումներ են ձեռք բերվել, վերապատրաստվել են աշխատակիցները։ «Անվտանգ սահման ունենալը կարևոր է»,-ասաց տիկինը։ Ինչ վերաբերում է ուրանի հանքավայրին, ապա դեսպանի համոզմամբ, այդ հանքավայրերի շահագործումը որոշ առումներով շահեկան է. կստեղծվեն նոր աշխատատեղեր, տնտեսական աճ կապահովվի։ Սակայն կարևոր են մարդկանց անվտանգությունն ու առողջությունը։ «Ես ինքս փորձագետ չեմ, որ ասեմ, թե Սյունիքում ինչպես է իրականացվելու հանքերի հետազոտումը, բայց կարծում եմ, որ պետք է բոլոր փաստերը հավաքել, գնահատել ու գալ ընդհանուր եզրակացության»,-ասաց նա։

Այս անգամ էլ, ժամանակը սուղ էր, ու ԱՄՆ դեսպանը չհասցրեց շրջել Կապանում։ Բայց մարդկանց հետ զրույցից հասցրել էր պարզել, որ կյանքը մի փոքր բարելավվել է. աշխատում է կոմբինատը, փողոցներն ու բակերը անհամեմատ մաքուր են։ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի հետ հանդիպմանն էլ դեսպանը կիսեց իր այս մտքերը։ Խոսեցին նաև «Դինո Գոլդ Մայնիգ Քամփնիի» գործունեության, համայնքում իրականացրած սոցիալական ծրագրերի, ինչպես նաև բնապահպանության ոլորտում ներդրումների մասին։ Քաղաքապետը կարևորեց ընկերության օժանդակությունը համայնքին, միաժամանակ նշելով, որ պետք է բնապահպանական հարցերը չանտեսել։

Զրուցակիցներն անդրադարաձան նաև ուրանի խնդրին։ Դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկայում Կապան կայցելի ավելի երկար ժամանակով, իսկ քաղաքապետն  կրկին առաջարկեց դեսպանին ոչ աշխատանքային այցով  օրով լինել Սյունիքում, որ վայելի Կապանա տան գեղատեսիլ բնությունը։

Հուլիս 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր