2020թ. դեկտեմբերի 24-ին «Ռոսատոմի» վառելիքային «ՏՎԷԼ» ընկերությունն ու Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) ստորագրել են 2021թ. միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիրը: Այս մասին նշված է «ՏՎԷԼ»-ի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՀԱԷԿ-ը ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը: 2020թ. առաջին երեք եռամսյակներում ՀԱԷԿ-ում արտադրվել է 1 միլիարդ 890 հազար 500 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
Հայաստանում գործող միակ ատոմային էներգաբլոկի համար, որն ունի 407,5 ՄՎտ դրվածքային հզորություն, մատակարարվում է Մեքենաշինական գործարանի (ք.Էլեկտրոստալ) արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք:
«Ռոսատոմի» «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը միջուկային վառելիք է մատակարարում աշխարհի 13 երկրների 73 էներգետիկ ռեակտորներին, աշխարհի 10 երկրների հետազոտական ռեակտորներին, ինչպես նաև ռուսական միջուկային նավատորմի տրանսպորտային ռեակտորներին:
Դեկտեմբեր 24, 2020 at 13:18