

NEWS.am
Օգոստոսի 20-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին: Փաստաթղթի ստորագրումը կայացել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների արդյունքում: Հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ինչպես փաստաթղթի ստորագրության նախաշեմին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանում նոր ատոմակայանի 20 տոկոսը, իսկ ընդհանուր արժեքը կազմում է 5 մլրդ դոլար:
«Համաձայնագիրը ենթադրում է, որ մենք կհամագործակցենք նաեւ տեխնիկական տեսանկյունից... Բացի այդ, համաձայնագիրը ենթադրում է, որ մենք կմասնակցենք համատեղ ֆինանսավորմանը»,- ասել է Կիրիենկոն:
Նրա խոսքով, արդեն ստեղծվել է ԱԷԿ-ի շինարարության հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն: Այն կապահովի ատոմակայանի արժեքի 40 տոկոսը, եւս 60-ը ծրագրվում է ներգրավել ներդրողների միջոցով:
Ներդրողների մասով բանակցությունները վարում է Հայաստանի կառավարությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր Ինտեր ՌԱՕ» հայ-ռուսական ընկերության բաժնետեր: Ընկերությունն իրականացնելու է Մեծամորի ՀԱԷԿ-ի նոր, 2-րդ էներգաբլոկի շինարարությունը՝ ռուսական արտադրության ՎՎԷՐ-1200 ռեակտորով:
«Ընկերությունը պետք է ապահովի այդ բլոկի շինարարությունը եւ շահագորման հանձնի՝ ներկայումս գործող բլոկների շահագործումից դուրս գալուց հետո»,- ասել է Նովիկովը: Նա նաեւ հաղորդել է, որ «Ռոսատոմի» ձեռնարկություններում Հայաստանի համար արդեն սարքավորումներ են պահեստավորվել նոր ԱԷԿ-ի «ատոմային կղզու» համար: «Ռոսատոմում» վստահ են, որ տվյալ համաձայնագրի ստորագրումը Ռուսաստանի նախագահի այցի կարեւորագույն իրադարձություններից կլինի:
Նախագծի արժեքը կազմելու է 4,5 մլրդ դոլար, շահագործման ժամկետը 60 տարի է: Էներգաբլոկը ապահովված է լինելու պասիվ անվտանգության համակարգով: Ատոմային վառելիքով վերալիցքավորման ժամկետը 18 ամիս է: Բլոկը նախատեսվում է շահագորման հանձնել մինչեւ 2017թ. վերջը: Մինչ այդ գործող ՀԱԷԿ-ի բլոկը դուրս է գալու շահագործումից:
Օգոստոս 20, 2010