2021թ. մարտի 18-ին Երևանում կայացավ արդեն ավանդական դարձած «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկումը՝ էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շրջանակում։ Միջոցառուը նվիրված էր Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին: Այն կազմակերպվել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի («ԱՐՄԱՏՈՄ» ԳՀԻ ՓԲԸ) կողմից:
Քննարկման ժամանակ բարձրացվեցին ՀԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման անվտանգությանը, 2026թ-ից հետո շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հնարավորությանը և ատոմակայանի արդիականացման համար իրականացվող հստակ միջոցառումներին վերաբերող հարցեր:
Ըստ Հայկական ԱԷԿ-ի տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնоրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանի՝ անհրաժեշտ է մշակել 2026թ-ից հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նոր կոնցեպտ՝ հիմնավորելով ատոմակայանի անվտանգությունը: Մովսես Վարդանյանը նշեց, որ 2021թ. նախատեսվում է կանգնեցնել ՀԱԷԿ-ը 141 օրով՝ անվտանգության բարձրացման նպատակով: Այդ ընթացքում մոնտաժային աշխատանքներից բացի կիրականացվեն նաև միջուկային վառելիքի վերալիցքավորում, լվացում, ռեակտորի թրծման հետ կապված աշխատանքներ և այլն: Նա նշեց, որ ռեակտորի կորպուսի թրծումից հետո ատոմակայանը կարող է շարունակել աշխատել մինչև 1936թ.՝ առանց անվտանգության վրա անդրադառնալու: «Կարծում եմ, որ կարող ենք ամեն ինչ ժամանակին ավարտել և լիցենզիա ստանալ 2026թ. հետո ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման համար: Այս նպատակով նախատեսվում է ստեղծել տեխնիկական խումբ՝ «Ռուսատոմ» սերվիսի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ԱՐՄԱՏՈՄ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնակցությամբ»,- ասաց Մովսես Վարդանյանը:
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն ներկայացրեց ВВЭР-440 տիպի բլոկերի շահագործման ժամկետի երկարաձգման միջազգային փորձը: Ըստ նրա՝ այս տիպի Կոլսկու և Վորոնեժի ատոմակայանների երեք էներգաբլոկերի ժամկետը երկարաձգվել է մինչև 60 տարով: «Վենգրիայում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում ութ էներգաբլոկի շահագործման ժամկետ երկարաձգվել է մինչև 50 տարով: Այս առումով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումն ընդամենը 10 տարով հեռանկարային է»,- ասաց Սվիրիդենկոն:
ՀԱԷԿ-ի արդիականացման և անվտանգության բարձրացման համար տրամադրվել էր 270 միլիոն դոլարի չափով ռուսական վարկ, որից արդեն իսկ ծախսվել էր 173,6 միլիոն դոլարը: Եվս 19,3 միլիոն դոլար գումար ծախսվել է Ռուսաստանի կողմից տրամադրված դրամաշնորհային գումարից: Դրամաշնորհային գումարի ընդհանուր չափը կազմում է 30 միլիոն դոլար:
2020 թ. ՀՀ կառավարությունը հրաժարվեց այս վարկի մնացորդից և հատկացրեց 63 միլիարդ դրամ պետական բյուջեից:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանն ասաց, որ պետական բյուջեով նախատեսվող 63 միլիարդ դրամ ֆինանսավորումն ուժի մեջ է և այդ գումարից 20 միլիարդ դրամը ծախսվում է ներկայումս իրականացվող աշխատանքների վրա:
Այսպիսով, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը մինչև 2026 թ. կարելի է համարել լուծված, իսկ ժամկետի կրկնակի երկարաձգումը ևս 10 տարով և ավելին օրակարգում է:
Նոր ՀԱԷԿ-ի կառուցումը կարևորվում է «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով (մինչև 2040 թվականը)»: Սակայն բացի 2009թ. հոկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի/ների/ կառուցման մասին» ՀՀ օրենքից ոչ մի նոր փաստաթուղթ այս հարցի վերաբերյալ առկա չէ: Ավելին, օրենքով հաստատված նոր էներգաբլոկի հզորությունը՝ 1200 ՄՎտ, համարվում է արհեստականորեն գերագնահատված:
Քննարկումից հետևում էր, որ դեռ պարզ չէ, թե ինչ տեսակի և հզորության ատոմակայան է կառուցվելու: Հստակ ընդգծվեց միայն, որ տարբեր տեխնոլոգիաների առկայության պայմաններում առավելությունը կտրամադրվի ռեֆերենտային՝ արդեն իսկ երաշխավորված ատոմակայաններին:
Հայտնի չէ նաև նոր ատոմակայանի կառուցման համար ֆինանսավորման աղբյուրը, քանի որ Հայաստանը չի կարող կառուցել ատոմակայան սեփական միջոցներով: Հստակ առաջարկներ դեռևս չկան:
Մյուս չլուծված խնդիրները կապված են ռադիոակտիվ թափոնների հետ:
Պատասխանելով ԷկոԼուրի հարցին՝ Մովսես Վարդանյանը նշեց, որ ներկայումս սպառված միջուկային վառելիքը (ОЯТ) պահվում է ՀԱԷԿ-ի տարածքում գտնվող գերեզմանոցում, որը կառուցվել է ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերության կողմից: Արդեն իսկ լցված են երեք հերթեր, և այժմ նույն տեխնոլոգիայով կառուցվում է չորրորդ հերթը:
«Ներկայումս «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությամբ մշակվում է մի նախագիծ՝ սպառված վառելիքի մի մասը Ռուսաստան տեղափոխելու վերաբերյալ»,- ասաց նա: Ըստ նրա՝ հեղուկ թափոնների պահման համար կօգտագործեն սերտիֆիկացված տարաներ՝ կիրառելով երկարաժամկետ պահման ռուսական փորձը:
ԷկոԼուրը ներկաների ուշադրությունը հրավիրեց ճառագայթային անվտանգության մոնիթորինգի համակարգի վրա՝ նշելով այս մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությունը ոչ միայն ՀԱԷԿ-ի տարածքում, այլև՝ ՀԱԷԿ-ից 5-10 կմ հեռավորության վրա գտնվող ազդակիր համայնքներում:
ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանն արձագանքեց. «Այլ երկրներում կա ճառագայթային իրավիճակի վերահսկման ավտոմատ համակարգ, ոչ միայն ատոմակայանի շուրջ, այլև՝ հարակից տարածքներում: Այդպիսի համակարգ մենք դեռևս չունենք: Կարգավորող մարմինը նախատեսում է ներդնել նման համակարգ նաև մեր երկրում, որի շնորհիվ կարող ենք ստանալ տեղեկատվություն, որը, կարծում եմ, փակ չի լինի: Մենք վերահսկում ենք իրավիճակը ատոմակայանի տարածքում, ինչպես նաև ատոմակայանից դեպի Սևջուր գետ և Մեծամորի քաղաք դուրս եկող խողովակներում»,- նշեց նա:
Ներկայումս Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանում ստեղծվում է ճառագայթային իրավիճակի վերաբերյալ մոնիթորինգային ցանց, որը կներառի ոչ միայն ՀԱԷԿ-ը, այլև՝ Հայաստանի այլ տարածքներ:
Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, «Օրբելի» կենտրոնի ավագ փորձագետ Արա Մարջանյանն ուշադրություն դարձրեց Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրից (CEPA) բխող պահանջների վրա:
Ցիտելով Համաձայնագրի 42-րդ հոդվածը (խմբ.՝ ՀԱԷԿ-ի վերաբերյալ)՝ նա ասաց. «Այս հոդվածում նշված չեն կոնկրետ ժամկետներ ՀԱԷԿ-ի փակման վերաբերյալ: Միտքն այն է, որ Եվրամիության և Եվրոատոմի տեսանկյունից ՀԱԷԿ-ը պետք է փակվի, բայց փոխարինվի հզորություններով, որոնք կերաշխավորեն Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու կապահովեն դրա զարգացումը: Ատոմակայանը Հայաստանի համար առաջին հերթին էներգահամակարգի երաշխավորված աղբյուր է: Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսանկյունից կա միայն երկու օբյեկտ, որոնք պահպանում են այդ անվտանգությունը՝ Որոտանի հիդրոկասկադն ու ՀԱԷԿ-ը»: Այս առումով Արա Մարջանյանը նկատեց, որ «Հայաստանում Էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրն (մինչև 2040թ.)» ամրագրում է Հայաստանում ատոմային գեներացիայի բաղադրիչը:
Մարտ 31, 2021 at 17:13