Երևանում անցակցվեց  Clean Energy Talk՝ «Հայաստանի կանաչ քառակուսի» միջոցառումը

Երևանում անցակցվեց  Clean Energy Talk՝ «Հայաստանի կանաչ քառակուսի» միջոցառումը

2021թ. մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ Clean Energy Talk` «Հայաստանի կանաչ քառակուսի» միջոցառումը, որը կազմակերպել էր «Ռոսատոմ» պետկորպորացիան` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուվածքների նախարարության և Երևանում գիտության ու մշակույթի ռուսաստանյան կենտրոնի հետ համատեղ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040թ.), անդրադարձավ Հայաստանում քամու, արևային և հիդրոէներգետիկայի զարգացման հեռանկարներին:  Նա նշեց, որ առաջնային է վերականգնվող էներգետիկ պաշարների տնտեսապես արդյունավետ և ողջամիտ օգտագործումը՝ բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան: Ըստ նրա՝ նախատեսվում ՝ Էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովում` 2030 թվականին առնվազն 15% արևային էներգիայի մասնաբաժնով, էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների լայնածավալ իրականացում, էներգախնայողության և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրում կանաչ և գիտելիքահենք տնտեսության անցման գործում:

Տիգրան Մելքոնյանն անդրադառնալով հիդրոէներգետիկայի զարգացմանը՝ նշեց «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» փոքր ՀԷԿ-երի կառուցման մասին: «Մի քանի ներդրողներ են եղել կայանը կառուցելու, բայց ինչպես Շնողն ու Մեղրին՝ առաջիկա տասը տարում առանց դրանց ենք պլանավորել մեր էներգետիկ համակարգի զարգացումը: Եթե լինեն առաջարկներ բնապահպանականին ենք առաջնահերթություն տալու, հետո միայն էլեկտրաէներգետիկային: Դրանք որպես ռեզերվներ մնացել են մեր ռազմավարական ծրագրում, բայց այս պահին բնությունը վնասող քայլ չի արվում և միանշանակ չի արվի», -ասաց նա: Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից 2021թ. ապրիլի 8-ին ընդունած որոշման համաձայն, Ձորագետը, որի վրա նախատեսվում էր «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» ՓՀԷԿ-երի կառուցումը, ընդգրկվել է այն 25 գետերի ցանկում, որոնց վրա արգելվում է նոր  ՓՀԷԿ-երի կառուցումը: Դրանք ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերն են: 

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն ներկայացրեց «Ռոսատոմ» պետկորպորացիայի գործունեությունը, էներգետիկ ոլորտում ունեցած հաջողությունները, խոսեց էլեկտրաէներգիա արտադրող կայանների՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասին: Սվիրիդենկոն անդրադարձավ նաև Հայկական ատոմային էլեկտրակայանի պատմությանը՝ երբ է կառուցվել ու շահագործման հանձնվել: 

Նշենք, որ մայիսի 15-ից ՀԱԷԿ-ը 141 օրով դադարեցրել է իր աշխատանքը: Դադարի ընթացքում անվտանգության բարձրացման միջոցառումներ են նախատեսվում՝ մասնավորապես՝ ռեակտորի իրանի թրծում: «ԷկոԼուրի» այն դիտարկմանը, որ գրեթե հինգ ամսով ՀԱԷԿ-ի աշխատանքների դադարեցումը Արցախից դեպի Հայաստան 330 միլիոն կիլովատ ժամ հոսանքի մատակարարումից զրկվելուն զուգահեռ ինչպիսի էներգետիկ ռիսկեր կարող է ստեղծել երկրում և ինչ քայլեր են արվում դրանք կանխելու համար: Տիգրան Մելքոնյանն ի պատասխան ասաց. «ՀՀ կառավարությունը պատշաճ պատրաստվել է, որպեսզի մեր էներգետիկ անվտանգությունը, մեր սպառողների էլեկտրաէներգիան անխափան մատակարարվի: Ծանր ժամանականեր են, բայց մեր առկա հզորությունները բավարար են, որպեսզի 24 ժամ անխափան էլեկտրաէներգիա մատակարարենք այս ընթացքում: Նաև պայմանագիր ունենք Վրաստանի հետ, անհրաժեշտության դեպքում կներկրենք էժան էլեկտրաէներգիա: Ռեզերվում ունենք նաև Հրազդանի ՋԷԿ-ը, որը անհրաժեշտ պահին կմիանա էներգոհամակարգին: Բայց այս պահին մեր էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքը հստակ պլանավորել ենք, որևէ խնդիր չկա»: 

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայացրեց կլիմայի փոփոխության պատճառներն ու հետևանքները, խոսեց ջերմոցային գազերի մասին: Այնուհետ բանախոսը նշեց, թե ինչպես է անդրադարձել կլիմայի փոփոխությունը Հայաստանի վրա, ինչպիսի պարտավորություններ է ստանձնել մեր երկիրը Փարիզի համաձայնագրի շրջանակներում և ինչպես է դրանք կատարում:

«Մենք գտնվում ենք լավագույն մակարդակում ջերմոցային գազերի արտանետումների տեսանկյունից: Մեր պարտավորությունները, որոնք առկա էին մշակված սցենարներում, հստակ իրականացրել ենք՝ ունենք ջերմոցային գազերի արտանետումների նվազում: Մենք կարող ենք առաջիկա տարիներին նույնպես զգալիորեն նվազեցնել արտանետումները, ինչը խոսում է այն մասին, որ չկան ռիսկեր, որ չենք կատարի Փարիզյան համաձայանգրով ստանձնած պարտավորությունները»,- նշեց նա: 

Մայիս 18, 2021 at 16:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր