2021թ. օգոստոսի 4-ին և 5-ին Հայական ատոմային էլոկտրակայանում (ՀԱԷԿ) կայացավ թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցերի վերաբերյալ առաջին աշխատանքային հանդիպումը:
Ինչպես տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից, աշխատանքային խմբում հայկական կողմից ներառված են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, ՀՀ ՄԱԿԿ-ի, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ-ի և «ՄՌԱ ԳՏԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ և АО «Русатом Сервис»-ի, АО «Концерн Росэнергоатом»-ի, АО ОКБ «ГИДРОПРЕСС»-ի, АО «Атомэнергопроект»-ի և НИЦ «Курчатовский институт»-ի ներկայացուցիչներ՝ ռուսական կողմից:
Հանդիպման օրակարգում թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԿԵ) Հայկական ԱԷԿ-ի մշակած հայեցակարգի նախագծի քննարկումն էր: Դիտարկվեցին ՇԺԿԵ հայեցակարգի նախագծում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվող միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ընթացքում կիրառված մոտեցումները, արդիականացման իրականացված միջոցառումները, ինչպես նաև կրկնակի երկարացման դեպքում առաջացող խնդիրները: Խորհրդակցության մասնակիցները փոխանակվեցին կարծիքներով և նախանշեցին հայեցակարգի նախագծի լրամշակմանը և աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հետագա քայլերը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ համատեղ աշխատանքային խմբի հանդիպումները կլինեն շարունակական և կուղղվեն կոնկրետ թեմատիկ հարցերի քննարկմանը:
Լուսանկարը՝ www.armeniannpp.am
Օգոստոս 06, 2021 at 11:42