ՀԱԷԿ-ին հարակից Ծիածան համայնքի բնակիչները պահանջում են ուսումնասիրություններ անցկացնել՝ գնահատելու ճառագայթման ազդեցությունը

ՀԱԷԿ-ին հարակից  Ծիածան համայնքի բնակիչները պահանջում են ուսումնասիրություններ անցկացնել՝ գնահատելու ճառագայթման ազդեցությունը

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Ծիածան համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

ՀԱԷԿ-ից 9 կմ հեռավորության վրա գտնվող Ծիածան համայնքում մարդիկ առողջական վիճակի խնդիրներ ունեն: Նրանք ցանկանում են, որ համայնքում ուսումնասիրություններ իրականացվեն՝ պարզելու ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա: «Մենք տեղյակ չենք ատոմակայանի ազդեցության մասին: Կարող է՝ ազդում է, բայց մենք չենք հասկացել….Մենք միշտ մեր ցանածը կերել ենք, բայց կցանկանայինք հետազոտություն արվեր, չիմանա՞նք ինչ ենք ուտում… Կարող է՝ մեր պարարտանյութը, ճառագայթման հետ գումարած, ազդում է: Պետք է ուղղություն ցույց տան մեզ ինչպես անել», - ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին բնակիչները: 

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման դեպքում վտանգների տեսնում են հարցին, Ծիածանի համայնքապետի տեղակալ Արտյոմ Եղիազարյանն արձագանքեց. «Որքան համակարգը հնանում է, այնքան ավելի շատ միջոցառումներ պետք է իրականացնեն: Եթե մենք ատոմակայանի գործունեությունից տեղյակ չենք, վտանգի աստիճանն ինչպե՞ս իմանանք: Մենք հասկանում ենք, որ վտանգ կա, բայց աստիճանը չենք կարող պատկերացնել»:

Նա կարևորեց համայնք-ՀԱԷԿ երկխոսությունը ու հանդիպումների անցկացումը, ինչը ներկայումս բացակայում է: «Ես կցանկանայի տեղեկացված լինել՝ ապահով ենք, թե՞ ապահով չենք: Տեղեկացված լինեինք վտանգների ու արտանետումների մասին: Մենք տեղյակ չենք անվտանգության գոտու մասին: Չգիտենք՝ ի՞նչ ազդեցություն ունի գյուղմթերքի վրա, վտանգավո՞ր է մեր համայնքում աճեցվող ելակը, որը մենք ուտում ենք: Ի վերջո, ի՞նչ ազդեցություն ունի ատոմոկայանն արտադրության և բնակչության առողջության վրա: Մենք նկատում ենք բացասական երևույթներ, բայց չգիտենք ատոմակայանի հետ կապենք, թե՝ ոչ»,- իրենց մտահոգությունների մասին նշեցին համայնքապետարանի աշխատակիցները:

Համայնքապետարանում ԷկոԼուրին տեղեկացրին, որ համագործակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ: «ԱԻՆ-ի հետ նախապատրաստական վարժանքներ են անցկացնում: Քաղպաշտպանության մատյան ունենք: Ցուցում ունենք, որ վթարի դեպքում բնակիչներին պետք է Մրգաստան տարհանենք: ժողովրդին այդ մասին տեղեկացրել ենք: Այս տարվա ապրիլին փորձարկել ենք շչակը: Դպրոցի անձնակազմն ու աշակերտները պատսպարվել էին դպրոցի նկուղում ու հարևանությամբ գտնվող նկուղներում, մենք էլ՝ համայնքապետարանին հարակից նկուղներում: 1350 բնակչություն ունեցող մեր համայնքում 170 նկուղ ունենք: Նրանք, ովքեր չունեն նկուղ, տեղյակ են, թե որտեղ են պատսպարվելու», - ասաց Արտյոմ Եղիազարյանը: 


Ըստ նրա՝ նկուղները նորմալ վիճակում են: «Դպրոցի նկուղի վերևը բետոնապատած է, պատուհաններ չկան: Մյուսներն էլ բնակիչների տների նկուղային հարկերն են», - ասաց Եղիազարյանը: Բնակիչները նույնպես հաստատեցին. «Որպես ապաստարան կծառայի: Երկաթե դուռ ունի: Մոտ 70-80 մարդ կարող է պատսպարվել ինձ մոտ: Երկու նկուղ ունեմ: Տան ամբողջ մակերեսով է»: Դիտարկմանը, թե մի քանի օր կկարողանան մնալ, ծիածանցի բնակիչը արձագանքեց. «Ձմեռվա ամբողջ պահուստն այնտեղ է, որ ուրիշ բան էլ չլինի, երկու օր կարող ենք դրանով դիմանալ: Պարզապես առաջին բուժօգնության համար ոչինչ չունենք»:

ԷկոԼուրը իրազեկման թերթիկներ է փակցրել Ծիածանում՝ ճառագայթային վտանգի ազդանշանի դեպքում անհրաժեշտ գործողությունների մասին

Գյուղատնտեսության զարգացման խոչընդոտները Ծիածանում

Ծիածանում հիմնականում բանջարաբուծությամբ զբաղվող բնակիչների համար առաջնային է մթերքի իրացման ու ոռոգման ջրի խնդիրը: «Ջուրը Սևանից է գալիս: Կարող են մի շաբաթով կտրել: Մեզ ասում են՝ ոչինչ, համբերենք: Ես բույսին ինչպե՞ս ասեմ՝ համբերի, մի շաբաթ հետո ջուր կստանաս: Հիմնականում մշակում ենք ցորեն ու կարտոֆիլ: Տարվա մեջ չորս անգամ ենք ջրում: Բայց 4-5 օրով ջուրը փակում են, ամբողջ գյուղինը կուտակվում է իրար վրա»,- նշեց ծիածանցի բնակիչը:

Օգոստոս 09, 2021 at 15:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր