ՀԱԷԿ-ի մասնագետները փոխառել են Բալակովոյի ԱԷԿ-ի փորձը

ՀԱԷԿ-ի մասնագետները փոխառել են Բալակովոյի ԱԷԿ-ի փորձը

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ուսումնամարզական բաժնի մասնագետները ատոմակայանները շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇՀԿԱ) Մոսկովյան կենտրոնի աջակցությամբ այցելել են Բալակովոյի ատոմակայան: 2021թ. սեպտեմբերի 6-11-ը տեղի ունեցած միջազգային այցը նվիրված էր անձնակազմի պատրաստման ոլորտում լավագույն փորձի ուսումնասիրմանը և փոխանակմանը, տեղեկացնում է www.rosenergoatom.ru կայքը:

Հնգօրյա հանդիպման ընթացքում Բալակովոյի ԱԷԿ-ի ուսումնամարզական կենտրոնի (ՈՒՄԿ) աշխատակիցները հայ գործընկերներին ծանոթացրել են անձնակազմի վերապատրաստման և որակավորման պահպանման համակարգին, դասերի թեմաներին և լսարանների և լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանը: «Մեր կրթական և վերապատրաստման կենտրոնը, որը ստեղծվել է 1987 թվականին, մասնագիտական կրթության լիարժեք հաստատություն է,- նշել է Բալակովո ԱԷԿ-ի ուսումնական կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Նեգոդյաևը, - Կենտրոնի բոլոր հրահանգիչները բարձրագույն կրթությամբ և ատոմակայանում աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ են: Կենտրոնի կառուցվածքի մեջ են մտնում անձնակազմի վերապատրաստման մի քանի ստորաբաժանումներ, ուսումնամեթոդական աջակցության բաժին, ուսուցման և տեխնիկական սպասարկման կազմակերպում: Կենտրոնի հրահանգիչները մշակում են ոչ միայն ուսումնական նյութեր, այլև կայանի աշխատակիցների մասնագիտական զարգացման ռազմավարություն: Միայն անցյալ տարի որակավորման պահպանման ծրագրով վերապատրաստվել է 2252 մարդ, իսկ որակավորումը բարձրացնելու համար՝ 2100 մասնագետ»:

Հայ փորձագետները ծանոթացել են Բալակովոյի ԱԷԿ-ի՝ կադրային սխալները կանխելու պրակտիկային, կրիտիկական կարևոր գիտելիքները պահպանելուն, որից կախված է ատոմակայանի անվտանգ աշխատանքը: Նրանք նաև մասնակցել են մի քանի գործնական դասընթացների, որոնք անց են կացվել լայնածավալ սիմուլյատորով` Բալակովոյի ԱԷԿ -ի նախատիպի էներգաբլոկի թվային անալոգով, դիտել են կառավարման սենյակի փոփոխման դասընթացը` ըստ ուսումնական տարբեր սցենարների:

«Այս գաղափարը  ծագել է դեռևս 2017թ.՝ մեր ատոմակայանում ՇՀԿԱ Մոսկովյան կենտրոնի տեխնիկական աջակցության առաքելության ժամանակ: Ուսումնական կենտրոնի գործունեության ուսումնասիրման նպատակով Բալակովոյի ատոմակայան այցելությունը ՇՀԿԱ-ի փորձագետների առաջարկներից մեկն էր, - ընդգծեց Հայկական ԱԷԿ-ի ուսումնատեխնիկական միջոցների գծով ուսումնամարզական ստորաբաժանման պետի տեղակալ Ահարոն Մանուկյանը,- Մեր կայանում մենք նաև համակարգված աշխատանքներ ենք տանում անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ, և այն գործելակերպերը, որոնց մենք ծանոթացանք այստեղ, շատ օգտակար կլինեն մեր աշխատանքը բարելավելու համար: Մեզ հատկապես հետաքրքրեց կրիտիկական կարևոր գիտելիքների պահպանման Բալակովոյի գործընկերների մեթոդաբանությունը»:

 

Սեպտեմբեր 15, 2021 at 16:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր