Արմավիրի մարզի Նորավանի համայնքապետը կարևորում է համայնքը ՀԱԷԿ-ին ազդակիր ճանաչելու հարցը

Արմավիրի մարզի Նորավանի համայնքապետը կարևորում է համայնքը ՀԱԷԿ-ին ազդակիր ճանաչելու հարցը

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Նորավան համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

Հայկական ատոմային էլեկտրակայանից (ՀԱԷԿ) 5-10 կմ հեռավորության վրա գտնվող Նորավանում բնակիչների մի մասը ճառագայթային վտանգի դեպքում անվտանգության անհրաժեշտ քայլերի վերաբերյալ ունի որոշակի գիտելիքներ, մի մասը ոչ:

«Տեղյակ չենք շչակի ազդանշանի դեպքում ինչ պետք է անել, ուր գնալ: Մենք ո՛չ ապաստարան ունենք, ո՛չ նկուղ, չգիտենք՝ որտեղ պետք է պատսպարվել»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասացին հարցված նորավանցիներից մի քանիսը: Նրանք նշեցին, որ ցանկալի կլիներ որոշակի նախապատրաստական դասընթացների մասնակցել և բարձրացնել համայնքում ճառագայթային վտանգի մասին իրազեկվածության մակարդակը:

Կան ընտանիքներ, որոնք ոչ միայն իրազեկված են, այլև պատսպարման համար հարմարեցված նկուղ ունեն: «Երկու նկուղ ունենք, հարևաններն էլ կարող են պատսպարվել: Մեկի մուտքն ավտոմեքենայի բոքսից է՝ տան միջից մտնում ենք նկուղ, մյուսի մուտքը՝ տան նախասրահից»,- նշեց Նորավանի բնակիչը:

Հարցին, թե պաշտպանական տեսանկյունից նկուղներն արդյունավետ են, վերջինս արձագանքեց. «Նկուղների վերևը բետոն է, կարող ենք մնալ, մնացած բաները լուծվող հարցեր են: Գիտեմ, որ ջուր պետք է պարտադիր լինի, մոմ, լուցկի, երեք օրվա սննդամթերք, յոդի պատրաստուկ»,- ասաց ԷկոԼուրի զրուցակիցը նշելով, որ հակաճառագայթային պաշտպանության վարժանքների մասնակցել է պատանի տարիքում: 

Նորավանի համայնքի ղեկավար Արթուր Միքայելյանը նշեց, որ այս տարվա գարնանը գյուղում կազմակերպվել են ուսումնական վարժանքներ, նաև՝ դասընթացներ են իրականացրել: «ԱԻՆ-ի հետ հաշվառում ենք արել, թե ով քանի հատ նկուղ ունի, քանի քառակուսի մետր է: Մեր դպրոցը նկուղ չունի, գրություն ենք ուղարկել մարզպետին ու Կառավարություն, որ նորմերին համապատասխան նկուղ կառուցվի: Վթարի դեպքում մենք պիտի գնանք Խանջյան: Մեքենա ունեցողներն իրենց մեքենաներով կգնան, ով էլ չունի՝ ավտոբուսներով: Ունենք տարհանման մշակված պլան, բայց եթե հանկարծ մի բան լինի, ամեն մեկն ինքնուրույն է անելու, ոչ էլ լսելու է… Կոնկրետ ուր գնալ, ուր հավաքվել, կենդանիներին ուր տանել, այդ ամենի մասին մարդիկ իրազեկված չեն: Պետք է իրազեկված լինեն, որպեսզի ամեն րոպեն ճիշտ օգտագործվի, ամեն մարդ իմանա, ուր պետք է գնա, ամեն մի վայրկյանը կյանք արժե»,- նշեց նա: 

Արթուր Միքայելյանը նշեց, որ շատ կարևոր է ՀԱԷԿ-ին ազդակիր համայնքի կարգավիճակ ստանալը: «Կարևոր հարցեր կան, կարող ենք ազդակիրության հանգամանքն օգտագործել: Բացի այդ, հոսանքը պետք է մեզ համար մատչելի լիներ»,- ընդգծեց նա: 

Գյուղատնտեսությունը Նորավանում

Նորավանում գյուղացիները զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ: Հարցին, թե երբևէ Նորավանում աճեցվող պտուղները ենթարկվել են լաբորատոր հետազոտության՝ Արթուր Միքայելյանն ասաց, որ տեղյակ չէ: 

Գյուղատնտեսության զարգացմանն այսօր խոչընդոտում է ոռոգման ջրի խնդիրը: «Ոռոգման ջուրը Ախուրյանից է գալիս կանալով՝ «Արմավիր» ՋՕԸ-ն է սպասարկում: Բայց չի հերիքում, քիչ է, մերն էլ վերջի գյուղն է: 200 հա տարածքի համար նաև երկու արտեզյան հոր ունենք, դա էլ չի բավականացնում: Գյուղացիները կիսատ-պռատ մշակում են: Գիտեն, որ ջուր չկա, բայց շիթիլը դնում են»,- ասաց համայնքապետը:

Նորավանը՝ Արմավիրի քաղաքային աղբավայրի ազդեցության գոտում

Նորավանի խնդիրներից է Արմավիրի քաղաքային աղբավայրի բացասական ազդեցությունը: Բնակիչները դժգոհեցին քամու հետ աղբավայրից տարածվող հոտից ու ծխից: «Նորավանը շատ մոտ է գտնվում Արմավիրին: Իսկ քաղաքային աղբավայրն ուղիղ գծով 600-700 մ հեռավորության վրա է գյուղից: Նախկինում գյուղի ու աղբավայրի միջև ընկած անտառի շերտը պաշտպանում էր մեզ ծխից ու տհաճ հոտից: Իսկ հիմա ամբողջ գյուղի վրա ծխի ամպը նստում է»,- նշեց Նորավանի համայնքապետ Արթուր Միքայելյանը:  

Օգոստոս 18, 2021 at 17:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր