Հայաստանը 1,5 միլիոն եվրո կստանա միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրման համար

Հայաստանը 1,5 միլիոն եվրո կստանա միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրման համար

Հայաստանին 1,5 միլիոն եվրո կտրամադրվի միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի հասնելու և միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության ամենաբարձր չափանիշներն իրականացնելու համար: Այս օժանդակությունը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. Հայաստան (Բաղադրիչ Ա)» 2020/042-470 ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում, որի ստորագրմանը գործադիրը համաձայնություն տվեց սույն թվականի հունիսի 17-ի նիստում:

«Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը ներդնել միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթ, ստեղծել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածք և իրավական դաշտ, որոնք համապատասխանում են ԵՄ դիրեկտիվներին, ինչպես նաև հնարավորինս բավարարում են Արևմտյան Եվրոպայի միջուկային անվտանգության կարգավորման մարմինների ասոցիացիայի անվտանգության չափանիշներին և կարտացոլեն եվրոպական լավագույն փորձը և միջազգային չափանիշները»,- մասնավորապես նշված է ՀՀ կառավարության որոշման հիմնավորման մեջ: Աղբյուրի համաձայն՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն պետք է մոտարկի միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ Այդ դիրեկտիվներն են.

  1. Խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 20-ի հրահանգը 2006/117/ԵՎՐԱՏՈՄ ռադիոակտիվ թափոնների և աշխատած վառելիքի փոխադրման վերահսկման և հսկման մասին
  2. Խորհրդի 2014 թվականի հուլիսի 8-ի հրահանգը 2014/71/ ԵՎՐԱՏՈՄ ԱԷԿ-ների միջուկային անվտանգության ենթակառուցվածք ստեղծելու մասին
  3. Խորհրդի 2011/70 / ԵՎՐԱՏՈՄ 2011 թվականի հուլիսի 19-ի հրահանգը աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների պատասխանատու և անվտանգ կառավարման ենթակառուցվածք ստեղծելու մասին
  4. Խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի 2013/51/ԵՎՐԱՏՈՄ-ի հրահանգը, որով սահմանվում են բնակչության առողջության պաշտպանության պահանջները՝ կապված մարդկանց սպառման համար նախատեսված ջրում ռադիոակտիվ նյութերի հետ
  5. Խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի 2013/59/ԵՎՐԱՏՈՄ-ի հրահանգը իոնացնող ճառագայթման ազդեցության արդյունքում առաջացող վտանգներից պաշտպանվելու համար անվտանգության հիմնական չափորոշիչների վերաբերյալ:

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն արդեն նախաձեռնել է նոր ատոմային օրենքի նախագծի մշակումը՝ հաշվի առնելով ԵՄ համապատասխան դիրեկտիվները, Արևմտյան Եվրոպայի միջուկային անվտանգության կարգավորման մարմինների ասոցիացիայի անվտանգության չափանիշները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջները։

Հունիս 24, 2021 at 11:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր