«Seaside Startup Summit 2021»-ը չեղարկվում է հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի սահմանափակումների պատճառով

«Seaside Startup Summit 2021»-ը չեղարկվում է հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի սահմանափակումների պատճառով

Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարությունը սահմանել է խիստ սահմանափակումներ «Seaside Startup Summit 2021» միջոցառման անցկացման համար: ՇՄ փոխնախարար Աննա Մազմանյանի՝ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանին ուղղված նամակում մասնավորապես նշված է.

««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը չի առարկում «Sevan startup summit 2021» միջոցառումը Նորաշենի արգելավայրում անցկացնելուն՝ խստորեն պահպանելով օրենսդրությամբ սահմանված արգելոցային և արգելավայրային ռեժիմը, այն է.

-         մուտք չգործել արգելավայրին սահմանակից արգելոցի տարածք,

-         հնարավորինս կրճատել հյուրերի և այցելուների քանակը (արգելոցային և արգելավայրային գոտիներ մուտքը թույլատրվում է ժամը 10:00-18:00-ը՝ կազմակերպության կամ լիազորված պետական  մարմնի կողմից տրված անցագրերով),

-         սահմանափակել թռչունների հանգիստը խանգարող ձայնային և լուսային էֆեկտները (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն),

-         բացառել հրդեհածին գործունեությունը (այդ թվում՝ խարույկ վառելը),

-         ավտոմեքենաները կայանել արգելավայրի մուտքի մոտ,

-         նվազեցնել միջոցառման անցկացման համար նախատեսվող մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման համար սահմանված օրերի քանակը,

-         զերծ մնալ տարածքում աշխատանքների և միջոցառման ընթացքում աղբի կուտակումներից և պահպանել տարածքի մաքրությունը:

Պարտադիր պայման է նշված աշխատանքների կատարման ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչների ներկայությունը: Միջոցառման ամբողջ ընթացքը կվերահսկվի ՊՈԱԿ-ի տեսուչների կողմից»:

ՇՄ նախարարությունը ս.թ. հունիսի 24-ին տարածել է մամուլի հաղորդագրություն՝ «Seaside Startup Summit 2021» միջոցառման զարգացումների հետ կապված: Մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

««Seaside Startup Summit 2021»–ի անցկացումը թույլատրվել է խիստ սահմանափակումներով, ինչը չի գոհացրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի (խմբ.՝ միջոցառման կազմակերպիչներ) ներկայացուցիչներին:

«Seaside Startup Summit 2021»-ը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ «Սամմիթի» անցկացումն այս տարի չեղարկվում է համապատասխան գերատեսչության կողմից տարածք չտրամադրելու պատճառով, հարկ ենք համարում պարզաբանել․

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից Շրջակա միջավայրի նախարարությանը հասցեագրվել է երեք գրություն։

Առաջին գրությանն ի պատասխան, նախարարությունն առաջարկել է «Sevan Startup Summit 2021» միջոցառման կազմակերպման համար դիտարկել Ծովագյուղի համայնքին հարակից պարկի հանրային լողափի կամ Դրախտիկի հանրային լողափի տարածքները, ինչից վերջիններս հրաժարվել են և մեկ այլ գրությամբ տեղեկացրել, որ ցանկանում են այն կազմակերպել «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջապես հարևանությամբ՝ Նորաշենի արգելավայրի տարածքում։

Նորաշենի արգելոցի և արգելավայրի ստեղծման նպատակը Նորաշեն համայնքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես հայկական որորի, որպես Հայաստանում բնադրող միակ էնդեմիկ թռչունի, ինչպես նաև «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի ու ապրելակերպի բնական պայմանների ապահովումն է: «Սևան» ազգային պարկի տարածքում հայկական որորը հիմնականում ձվադրում է Նորաշենի արգելավայրի և նրան սահմանակից Նորաշենի արգելոցի հարակից կղզյակներում, բնակվում է և՛ արգելավայրում, և՛ արգելոցում։ Վերջին տարիների ընթացքում (2019-2020թթ.) Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով, ինչպես նաև 2020 թվականին համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ արգելոցի և արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում թռչունների ձվադրման վայրերը փոխվել են և դրանք սկսել են ձվադրել նաև արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում: Մարդկային գործոնի ազդեցությունը նվազեցնելու արդյունքում վերջին տարիներին ավելացել են նաև չվահյուր թռչունների տեսակները և քանակը:

Կազմակերպիչները ներկայացրել են մեկ այլ գրություն, որով խնդրել են վերանայել որոշումը և կից ներկայացրել միջոցառման կազմակերպչական, նախապատրաստական և ապամոնտաժման աշխատանքների մանրամասները և ժամկետները։

Այն է՝ հրավիրված 10000 հյուրերի և այցելուների մուտքը տարածք, միջոցառման անցկացման համար նախատեսվող մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներ (64 օր), 600 վրան, 2 բեմ, 40 բիոզուգարանների տեղադրում, ձայնային և լուսային ձևավորումներ։

Ինչին ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է որ, «Sevan Startup Summit 2021»-ի բավականին երկար տևողությամբ բազմահազարանոց միջոցառման անցկացումը լիովին կիմասատազրկի ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող արգելոցի և արգելավայրի պահպանությունը, նման ձևավորումներն ամբողջովին կխաթարեն ոչ միայն այնտեղ բնադրող և բնակվող թռչունների բնականոն ապրելակերպի պայմանները, այլև կվտանգեն և կվնասեն հայկական որորի պոպուլյացիան։

Ինչպես նաև հատուկ ռեժիմով պահպանության տարածքում նման մարդկային ծանրաբեռնվածությունը կհանգեցնի հանրային բացասական արձագանքի և խնդիրներ կստեղծի ՊՈԱԿ-ի տարածքում օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների կիրառման համար՝ այլ անձանց և կազմակերպությունների արգելավայրի տարածքում հանրային միջոցառումների կազմակերպման դիմումների մերժման համար:

Սակայն հարցը ևս մեկ անգամ մանրազնին քննարկելուց հետո և հաշվի առնելով միջոցառման կարևորությունը՝ կազմակերպիչներին այնուամենայնիվ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է այդ վայրում անցկացնել միջոցառումը, բայց մի շարք սահմանափակումներով (գրությունը կցվում է)՝ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող՝ արգելոցային ռեժիմով և արգելավայրերի (բնության հատուկ պահպանվող տարածքների) իրավակարգավորումներով, ինչից նրանք ևս հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ շուրջ 10 հազար մասնակից ենթադրող միջոցառումն այդպիսի սահմանափակումներով հնարավոր չէ իրականացնել։

Ցավում ենք, որ կազմակերպիչները Սամմիթը չեղարկելու որոշում են կայացրել։ Ուժի մեջ է մնում միջոցառման անցկացման առաջարկը ՇՄՆ «Սևան» ազգային պարկի տնօրինման տակ գտնվող այլ վայրում, որը չունի արգելոցի կամ արգելավայրի կարգավիճակ»։

Լուսանկարները՝ Շրջակա միջավայրի նախարարության

Հունիս 24, 2021 at 14:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր