

Հունիսի 17-ին ՀՀ կառավարությունը սահմանեց գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը: Այդ դեպքերը շուրջ 20-ն են: Որոշման ընդունումը, ըստ հիմնավորման, պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարություն դիմումներ է ստացվում գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրելու հետ կապված, որոնց վերաբերյալ տրամադրելով բացասական կարծիք` նախարարությունը բախվում է մի շարք խնդիրների. ներկայացվում են պարզաբանումներ, որ հողերը երկար տարիներ չեն մշակվել ու պիտանի չեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, կամ որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է տնտեսության այլ ճյուղերում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ վերջին 10 տարում շուրջ 80 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողեր փոխադրվել են ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի:
Այսպիսով գյուղտատնտեսական նշանակության հողերը կփոխադրվեն այլ կատեգորիա՝
- ընդերքօգտագործման աշխատանքների
- արդյունաբերական, էներգետիկ օբյեկտների կամ հասարակական նշանակության շինությունների կառուցման
-բնակելի տների և բնակելի շենքերի կառուցման և սպասարկման, ընդլայնման
-համայնքային գերեզմանատների կառուցման և ընդլայնման
- ջրամբարների, ոռոգման նպատակներով կառուցվող ջրավազանների, մաքրման կայանների, ջրօգտագործման թույլտվություն ստացած խորքային հորերի և պոմպակայանների կառուցման ու սպասարկման
- հատուկ պահպանվող և անտառային նշանակության տարածքների ստեղծման
- գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի (ճահճացած, գերխոնավացած, աղակալված, էրոզացված) հողամասերն անտառային, ջրային կամ պահուստային հողերի փոխադրման
- ճանապարհների, էլեկտրահաղորդման և կապի գծերի կամ ենթակայանների, գազատարների և այլ խողովակաշարերի, երկաթուղային գծերի, ցամաքուրդների և այլ նմանատիպ օբյեկտների (այսուհետ` գծային օբյեկտներ) կառուցման և սպասարկման
- ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցապատման
- ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման ապահովման
- երկրի պաշտպանության և պետության անվտանգության օբյեկտների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության և պահպանման նպատակով ինժեներատեխնիկական կառույցների կառուցման և սպասարկման
- ներդրումային ծրագրերի իրականացման
- մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման
- առողջապահական, կրթական, սպորտի և սոցիալական օբյեկտների կառուցման
- համայնքներին պետության կողմից անհատույց սեփականության իրավունքով հողերի փոխանցման ժամանակ առաջացած հողամասերի նպատակային նշանակություններին առնչվող անճշտությունների ուղղման
- ազատ տնտեսական գոտիների ստեղծման, ընդլայնման և շահագործման
-արտափողոցային (ճոպանուղու, մոնոռելսի) հասարակական տրանսպորտի, ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման
- տիեզերքի գործունեության բնագավառի օբյեկտների կառուցման և օրենքով նախատեսված այլ դեպքերում։
Նշենք, որ ՀՀ 2019 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ Հայաստանն ունի 2 044 200 հա գյուղատնտեսական նշանակության հող:
Հունիս 24, 2021 at 13:00
