Հայաստանում էներգետիկ ոլորտի վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցության գնահատումը ներկայացրեց «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի փորձագետ, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ռուբեն Մուրադյանը 2021թ. դեկտեմբերի 21-ին՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագիր» աշխատաժողովի ժամանակ։
Ռուբեն Մուրադյանը նշեց. «Խափանումներ հաճախ առաջանում են վտանգավոր երևույթների համակցությամբ։ Անվտանգության սահմաններն այլևս բավարար չեն և չեն կարող հուսալի լինել ենթակառուցվածքի համակարգի ամբողջ գործառնական կյանքի ընթացքում։ Համակարգի յուրաքանչյուր ակտիվ պահանջում է երկարաժամկետ պլանավորում»,- ասաց նա։
Հայկական ատոմային էլեկտրակայան
Օդի ջերմաստիճանի փոփոխությունը, ջրի քանակի նվազումը, սողանքները, քամու արագության փոփոխությունը էներգետիկ ոլորտի օբյեկտների սթրեսորներ են, այդ թվում՝ ՀԱԷԿ-ի համար, որը շահագործվում է երկրորդ սերնդի մեկ ջրի ճնշման ռեակտորով՝ ՋՋԷՌ-440/V-270:
«Կլիմայի փոփոխության առումով Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) զգայուն օբյեկտ է: 2021թ. ՀԱԷԿ-ում իրականացված վերազինումը կայանի հզորությունները 15%-ով բարձրացնելու հնարավորություն է ստեղծել: Միևնույն ժամանակ 15%-ով բարդանում են կլիմայի փոփոխության ազդեցության հետ կապված խնդիրները»,- ասաց Ռուբեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ ատոմակայանում ջրային հովացման համակարգի կիրառման դեպքում օդի ջերմաստիճանի 5ºC-ով և օդային հովացման համակարգի դեպքում՝ 1ºC-ով բարձրացումը կարող է բերել ատոմակայանի՝ համապատասխանաբար 1 և 0.1%-ով արտադրանքի նվազման:
Միջուկային ռեակտորի ջերմության տարածման տարածքը չափազանց սահմանափակ է: Վեց հզոր առաջնային հովացուցիչ պոմպ իրականացնում է ջերմության աբստրակցիա: Շեղումներն առաջնային շղթայի ջրային հաշվեկշռում կարող են հանգեցնել ռեակտորի իրանի կրիտիկական ջերմային դեֆորմացման:
Մյուսը՝ բնորոշ է ինչպես ՀԱԷԿ-ին, այնպես էլ նույն տիպի այլ ատոմային կայաններին։ Միջուկային տեխնոլոգիաները կարողանում են արտադրել գոլորշի ցածր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում։ Տուրբինային համակարգը հագեցած է ցածր ճնշման տուրբիններով։ Տուրբինից առաջ գոլորշու ճնշումը ընդամենը 44.0 Բար է: Ջրի կաթիլների խտացումը տեղի է ունենում ցածր ճնշման պայմաններում ջերմային տուրբինայի վերջնամասում: Կաթիլները կարող են հարվածել ցածր ճնշման հատվածի տուրբինի թիակներին: Պետք է զգույշ լինել, որպեսզի այս երևույթը չառաջանա, որպեսզի թիակներն ու տուրբինը աշխատեն նորմալ ռեժիմով։
Կայանում կուտակված ռադիոակտիվ թափոնները մշտական սառեցման կարիք ունեն։ Սա հատկապես վերաբերում է հովացման ավազաններին և օգտագործված վառելիքի չոր պահեստարաններին: «Կայանի աշխատանքի հետևանքով առաջանում են տարբեր մակարդակի թափոններ: Երբ վառելիքի ջերմաստիճանը բավական նվազում է, մի քանի տարի հետո ուղարկում են չոր պահեստարաններ: Եթե օդի ջերմաստիճանը փոփոխվում է, այստեղ խնդիրներ կարող են առաջանալ»,- բացատրեց նա: ՀԱԷԿ-ի տարածքում տեղակայված է օգտագործված միջուկային վառելիքի չոր պահեստարան։
Ըստ Ռուբեն Մուրադյանի՝ մեկ բլոկի հովացման աշտարակների կայուն աշխատանքի համար պետք է ապահովել 30 տոննա ջուր 1 ժամում: «Պոմպերի ջրային ռեժիմը խախտվելու դեպքում կարող են ի հայտ գալ ատոմակայանի իրանի ճեղքվածքներ, ինչը հնարավոր է բացահայտել հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ»,- ասաց նա:
Ծայրահեղ եղանակային պայմանները և տեղումների պակասը կարող են խաթարել ատոմակայանի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների և գործընթացների աշխատանքը:
Մյուս խնդիրն ըստ Ռուբեն Մուրադյանի այն է, որ ջերմաստիճանի նորմայի խախտման դեպքում սենսորները և չափիչ սարքերը կարող են առաջացնել ՀԱԷԿ-ի տեխնոլոգիական և էլեկտրական ավտոմատ աշխատանքի կեղծ արձագանք։ «Օդափոխման համակարգի խախտումը կարող է հանգեցնել ՀԱԷԿ-ում ֆոնային ճառագայթման փոփոխության: Պահուստային դիզելային գեներատորների աշխատանքը կարող է խափանվել սեփական հովացման համակարգի խնդիրների դեպքում»,- բացատրեց նա:
Երևանի ջերմաէլեկտրակայան
Անդրադառնալով Երևանի ՋԷԿ-ի աշխատանքի վրա կլիմայի փոփոխության ազդեցությանը՝ Ռուբեն Մուրադյանն ասաց, որ կայանի սարքավորումները խոցելի կետեր ունեն: «Առաջին հերթին դա կայանի բարձրությունն է: ՋԷԿ-ն ունի 900 մ բարձրություն ծովի մակերևույթից: Ամեն 1000 մ-ը նվազեցնում է այդպիսի կայանների արդյունավետությունը 10%-ով: Մյուս խոցելի կետը օդի ջերմաստիճանի բարձրացումն է: Ամեն 3ºC բարձրացման դեպքում արդյունավետությունը նվազում է 1%-ով»,- նշեց նա:
ՀԷԿ-եր և ՓՀԷԿ-եր
Մթնոլորտային օդի ջերմաստիճանի յուրաքանչյուր 3ºC բարձրացման դեպքում 1%-ով արդյունավետության նվազում կարող է դիտվել նաև ՀԷԿ-երի ու ՓՀԷԿ-երի աշխատանքում:
Արևային էներգետիկա
Օդի ջերմաստիճանի 1ºC-ով բարձրացումը բյուրեղային սիլիցիումի Ֆոտովոլտային բջջի փոխակերպման արդյունավետությունը կարող է փոփոխել 0.08%-ով, կարող է հանգեցնել տրանսֆորմատորների բեռնվածքի ավելացմանը 1%-ով, հաղորդման գծի հաղորդունակության բեռնվածքի հզորության փոփոխության 0.5-1%-ով և դիմադրության ավելացմանը՝ 0.4%-ով:
Հունվար 03, 2022 at 11:08