Չի բացառվում, որ մոտակա տարիներին էլեկտրաէներգիայի սակագինը կրկին կբարձրանա՝ պայմանավորված ՀԱԷԿ-ի վարկերով

Չի բացառվում, որ մոտակա տարիներին էլեկտրաէներգիայի սակագինը կրկին կբարձրանա՝ պայմանավորված ՀԱԷԿ-ի վարկերով

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման արդյունքում ՀԱԷԿ-ում օգտագործվող միջուկային վառելիքի ծախսը նվազել է 2,3 միլիարդ դրամի չափով: Սակայն ՀԱԷԿ-ի արդիականացման համար ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկի մայր գումարի մարման և սպասարկման ծախսն ավելացել է 15.23 միլիարդ դրամի չափով (առանց ԱԱՀ-ի): Այս մասին տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից:

Այս վարկային պարտավորությունը մեկն է այն գործոններից, որի պատճառով 2022թ. փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 4,7 դրամ/կվտժ-ով:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման համար ՀՀ կառավարությունը վարկ էր վերցրել Ռուսաստանի Դաշնությունից 270 միլիոն դոլարի չափով և դրամաշնորհ՝ 30 միլիոն դոլարի չափով, որից 2020թ-ի դրությամբ ծախսել էր 189 միլիոն դոլար: ՀՀ կառավարությունը 2020թ. հունիսի 11-ին որոշեց ՀՀ պետական բյուջեից 63 միլիարդ 200 միլիոն դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով՝ հրաժարվելով ՀԱԷԿ-ի արդիականացման համար ռուսական վարկի մնացած մասից:

«Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը)» համաձայն՝ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը շահագործել մինչև 2036թ., եթե հիմնավորվի նրա անվտանգ շահագործման ժամկետի երկարաձգումը: Ներկայումս ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացված է 2016թ-ից մինչև 2026թ-ը: Մինչև 2036թ. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար, ըստ կանխատեսումների, կպահանջվի լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար:

Սրանից կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում հնարավոր են էլեկտրաէներգիայի սակագնի նոր թանկացումներ՝ մարելու ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար վերցրած վարկերը, ինչպես նաև ատոմային նոր էներգաբլոկի համար նախատեսվող վարկերը: Ըստ «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը)»՝ ՀՀ կառավարությունը Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման վերջնաժամկետ է սահմանել 2035թ.: 

Հունվար 20, 2022 at 12:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր