

2022թ. փետրվարի 8-ին ճանաչողական նպատակով Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) էր ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Վիլիամ Լայթինենի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից:
ՀԱԷԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ հյուրերը տեխնիկական շրջայց կատարեցին կայանի տարածքում՝ ծանոթանալու ամերիկյան կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքներին: Թիվ 2 էներգաբլոկի վերաթողարկումից հետո մինչ օրս ՀԱԷԿ-ում բազմաթիվ նախագծեր են իրագործվել ԱՄՆ աջակցությամբ թե՛ ֆիզպաշտպանության համակարգի, և թե՛ անվտանգ շահագործման համար պատասխանատու այլ համակարգերի արդիականացման ուղղությամբ: Առանցքային նախագծերից մեկը լայնամասշտաբ վարժասարքի ներդրման նախագիծն է, որի շրջանակներում ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ֆինանսավորմամբ 2019 թվականից ՀԱԷԿ-ում իրականացվում են վարժասարքի ծրագրային ապահովման և նոր մոդելների մշակման աշխատանքներ՝ Western Services Corporation (WSC) ընկերության, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և ՀԱԷԿ-ի համապատասխան մասնագետների ներգրավմամբ։ Ներկայումս իրականացվում է մոդելների փորձարկման և կարգաբերման փուլը, որից հետո նախատեսվում են վարժասարքի նախագործարանային փորձարկման աշխատանքները։
Հաջորդիվ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին երկկողմանի հետաքրքություն ներկայացնող ոլորտային հարցեր: «Մենք գնահատում ենք ՀՀ կառավարության հետևողական ջանքերը ատոմակայանի անվտանգ շահագործման հարցում։ Գրեթե երեք տասնամյակ է, ինչ Միացյալ Նահանգներն անվտանգության ապահովմանն ուղղված տարբեր ծրագրերի միջոցով աջակցում է Հայաստանին կայանի անվտանգ, կայուն և hուսալի շահագործման ապահովման հարցում»,- ընդգծեց փոխդեսպան Վիլիամ Լայթինենը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին համակողմանի համագործակցության համար՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրագործել կայանի անվտանգության բարձրացմանն ուղղված նոր ծրագրեր և նախագծեր:
Լուսանկարը՝ www.armeniannpp.am կայքի
Փետրվար 10, 2022 at 15:27