ԱՀԿ-ն ահազանգում է՝ COVID-19 պանդեմիայի դեմ պայքարում առաջացած բժշկական թափոնները սպառնում են մարդու առողջությանը և շրջակա միջավայրին

ԱՀԿ-ն ահազանգում է՝ COVID-19 պանդեմիայի դեմ պայքարում առաջացած բժշկական թափոնները սպառնում են մարդու առողջությանը և շրջակա միջավայրին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում ուտիլիզացնել  COVID-19-ի դեմ պայքարում առաջացած թափոնները:

ԱՀԿ-ն  հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ COVID-19 պանդեմիայի դեմ պայքարում օգտագործված անձնական պաշտպանիչ սարքավորումները, պատվաստման ներարկիչները, թեստային ձողիկներն ու փորձանոթները, հարյուր հազարավոր լիտր քիմիական լուծույթներն առաջացած բժշկական թափոններից միայն մի մասն են։ Դրանք սպառնում են մարդու առողջությանը և շրջակա միջավայրին և պետք է պատշաճ կերպով ուտիլիզացվեն:

Զեկույցի համաձայն՝ 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում մոտ 87,000 տոննա անհատական պաշտպանության միջոցներ են ձեռք բերվել: Պատվիրվել է ավելի քան 140 միլիոն թեստ, որոնցից կարող է առաջանալ 2600 տոննա ոչ վարակիչ թափոն՝ հիմնականում պլաստիկ  և 731,000 լիտր քիմիական թափոն: Բացի այդ, ամբողջ աշխարհում կիրառվել է պատվաստանյութի ավելի քան 8 միլիարդ չափաբաժին, ինչի արդյունքում ևս 144 տոննա թափոն է առաջացել ներարկիչների, ասեղների և դրանք անվտանգ հավաքելու համար տարաների տեսքով: Ըստ զեկույցի հեղինակների՝ վերլուծությունը միայն մոտավոր պատկերացում է տվել COVID-19 պանդեմիայի հետ կապված թափոնների մասշտաբի մասին։ Այն հաշվի չի առնում, օրինակ, ամբողջ աշխարհում օգտագործվող միանգամյա օգտագործման բժշկական դիմակները։

Այսօր առողջապահական հաստատությունների 30 տոկոսը, իսկ քիչ զարգացած երկրներում՝ առողջապահական հաստատությունների 60 տոկոսը չունի COVID-19 թափոնների ուտիլիզացման օբյեկտներ։

«Ասեղներով, քիմիական նյութերով և բժշկական այլ թափոններով լցված աղբավայրերի կույտերը հանգեցնում են օդի, ջրի և հողի աղտոտմանը և վարակների տարածմանը հիվանդություն կրող վնասատուների միջոցով»,- ահազանգում է ԱՀԿ-ն:

Զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս. «Օգտագործել էկոլոգիական փաթեթավորում և շրջակա միջավայրի համար անվտանգ տեղափոխման մեթոդներ, օգտագործել անվտանգ և բազմակի օգտագործման անձնական պաշտպանիչ սարքավորումներ, վերամշակելի կամ կենսաքայքայվող նյութեր, ներդրումներ ոչ այրման թափոնների հեռացման տեխնոլոգիաներում, ինչպիսիք են ավտոկլավները, թափոնների կենտրոնացված կառավարման համար «հակադարձ լոգիստիկայի» մեխանիզմների ակտիվացում և վերամշակման ոլորտում ներդրումներ, որոնք կօգնեն երկրորդ կյանք տալ այնպիսի նյութերին, ինչպիսին է պլաստիկը»:

Լուսանկարը՝ www.unep.org

Փետրվար 04, 2022 at 16:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր