ՄԱԳԱՏԷ՝ Հայաստանը կարող է ատոմային էլեկտրակայանի շնորհիվ ամբողջությամբ կատարել Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները

ՄԱԳԱՏԷ՝ Հայաստանը կարող է ատոմային էլեկտրակայանի շնորհիվ ամբողջությամբ կատարել Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները

Հայաստանը կարող է իր ատոմային էլեկտրակայանի շնորհիվ ամբողջությամբ կատարել Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները ջերմոցային գազերի կրճատման մասով: Այս մասին գրում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները՝ հղում կատարելով 12 երկրներում անցկացված նոր ուսումնասիրությունների արդյունքներին։ Հայաստանը մեկն է այն 12 երկրներից, որտեղ գիտահետազոտական խմբերն իրականացրել են ուսումնասիրությունները: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից:

Ըստ այդմ, Հայաստանի գիտահետազոտական խումբը բացահայտել է միջուկային էներգիայի զգալի ներուժը՝  երկրում կլիմայի փոփոխությունը մեղմելու համար՝ պայմանով, որ նախնական ներդրումային ծախսերի և ֆինանսական խոչընդոտների հետ կապված խնդիրները լուծվեն: Նմանատիպ բացահայտում են արել նաև Պակիստանի, Լեհաստանի և Թուրքիայի գիտահետազոտական թիմերը:

«Հայաստանի համար, որն արդեն շահագործում է մեկ միջուկային ռեակտոր, որն ապահովում է իր էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը, էներգետիկ մի քանի սցենարների գնահատումը ցույց տվեց, որ միջուկային էներգիայի օգտագործումը կարող է երկրին հնարավորություն տալ ամբողջությամբ կատարել Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման հիմնական ուղղություններից է էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկայում ինտեգրված արտահանմանն ուղղված էներգետիկ համակարգի ստեղծումը։

Նախատեսվում է ստեղծել էլեկտրաէներգիայի առևտրի և էներգետիկ կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման կառավարության ծրագրում ներառված են մի շարք նախագծեր էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման, միավորման և բաշխման ոլորտներում, որոնք ուղղված են այդ նպատակին: Միաժամանակ առանցքային դեր է հատկացվում ատոմային էներգիայի զարգացմանը։ Հայաստանը նաև դիտարկել է նոր առաջնահերթություններ Ազգային մակարդակով սահմանված  գործողություններում, առաջին անգամ 2021 թվականին ներառելով դրանցում միջուկային էներգիան»,- գրել են ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները՝ հիմնվելով գիտահետազոտական թիմի ուսումնասիրությունների արդյունքների վրա:

Ընդհանուր առմամբ շուրջ 30 երկիր ներառել է միջուկային էներգիան 2015 թվականի Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ներկայացված ծրագրերում:

Փետրվար 11, 2022 at 10:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր