Արմավիրի մարզպետի պատասխանը՝ ՀԱԷԿ-ի վերաբերյալ քննարկում կազմակերպելու «ԷկոԼուրի» առաջարկին

Արմավիրի մարզպետի պատասխանը՝ ՀԱԷԿ-ի վերաբերյալ քննարկում կազմակերպելու «ԷկոԼուրի» առաջարկին

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն դիմել էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհանիսյանին՝ առաջարկելով կազմակերպել քննարկում Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման, ազդակիր գոտում գտնվող բնակչության անվտանգության, սոցիալական աջակցության վերաբերյալ:  

Լուսանկարում՝ ՀԱԷԿ-ը, որը կանգնեցվել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման համար

«2018-2021 թթ-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն անցկացրել է հանդիպումներ ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող 25 (որից 22-ն Արմավիրի մարզում) համայնքների բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Բարձրացվել են ՀԱԷԿ-ի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում համայնքների մասնակցության, ճառագայթային վտանգներից բնակչության պաշտպանության ապահովման, բնակչության նկատմամբ ՀԱԷԿ-ի սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության, պետական կառույցների պատասխանատվության հարցերը։ Արդյունքները հրապարակված են www.ecolur.org կայքում և ներկայացված միջազգային հանրությանը Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հետ համագործակցության շրջանակներում։ Համայնքների կարգավիճակի և ճառագայթային անվտանգության հետ կապված խնդիրները 2021 թ-ին նաև ներկայացվել են ՀՀ վարչապետին, 2019 թ-ին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, 2020 և 2021 թթ-ին «Ռոսգոսատոմ» կորպորացիայի և ՀԱԷԿ-ի կողմից կազմակերպված հանդիպման մասնակիցներին:

Հայաստանում էներգետիկ զարգացման նոր ռազմավարությամբ ՀԱԷԿ-ին վերապահված էներգետիկ անվտանգության ապահովման դերի, կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության նոր ծրագրերում ՀԱԷԿ-ին առնչվող մարտահրավերների, ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող համայնքների՝ ՀԱԷԿ-ին ազդակիր համայնքի կարգավիճակ չունենալու չլուծված հարցերը կարիք ունեն քննարկման»,- նշված է «ԷկոԼուրի» նամակում:

2022թ. մայիսի 13-ին Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հանդիպումը Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի և մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի հետ:

Հանդիպմանը ներկայացվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտում գտնվող համայնքներում անցկացված սոցիալական հետազոտության միջանկյալ հաշվետվությունը, ՀՀ կառավարության որոշումները՝ ՀԱԷԿ-ի երկորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված: Հատուկ ուշադրություն դարձվեց ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող համայնքների, ՏԻՄ-երի իրազեկվածության բարձրացման և որոշումների ընդունման գործընթացում մասնակցության, կառավարության և ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ երկխոսության հարցերին: 

«ՀԱԷԿ-ի ազդակիր գոտում գտնվող բնակավայրերը պետք է ստանան հատուկ կարգավիճակ, որը թույլ կտա պաշտպանել իրենց իրավունքները, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ճառագայթային անվտանգության վերաբերյալ, օգտվել սոցիալ-տնտեսական օժանդակություններից»,- ասաց Ինգա Զարաֆյանը: Նա նշեց, որ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումը հնարավորություն կտա մեկ հարթակում քննարկել այդ հարցերը և լուծումներ նախանշել

Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը նշեց, որ կքննարկեն այս առաջարկը մարզպետի հետ: «Մարզպետին կներկայացնենք այս ամենը, օրակարգային հարցերը, կքննարկենք առաջարկություններ՝ համագործակցության հետ կապված»,- ասաց նա: 

Մայիսի 19-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նամակով պատասխանեց ԷկոԼուրի առաջարկին: «Քանի որ Ձեր կողմից բարձրացվել է ՀԱԷԿ–ի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում համայնքների մասնակցության, ճառագայթային վտանգներից բնակչության պաշտպանության ապահովման, բնակչության նկատմամբ ՀԱԷԿ–ի սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության, պետական կառույցների պատասխանատվության հարցերը և այն ներկայացվել է ՀՀ Վարչապետին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ուստի ներկայացված հարցերը բազմակողմանի քննարկելու և ավելի հիմնավոր մոտեցումներ ցուցաբերելու նպատակով նպատակահարմար ենք գտնում նախատեսված քննարկմանը անդրադառնալ ՀՀ կառավարությունից հնարավոր ստացվելիք հանձնարարականներից կամ կայացրած որոշումներից հետո»,- նշված է Արմավիրի մարզպետի պատասխան նամակում:

Այս առնչությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն պատրաստվում է դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ առաջարկելով քննարկում կազմակերպել Ամավիրի մարզպետարանում:

Մայիս 20, 2022 at 11:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր