«ԷկոԼուր»-ի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի. խնդիրներ, առաջարկվող լուծումներ» խորագրով աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Մարգարիտա Բալայանը, Արմավիրի մարզպետարանի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ Արտակ Կարապետյանը, Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը, Արմավիրի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Գոռ Մելիքյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի պետ Տիգրան Վարդազարյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ծառայության պետ Անուշ Սարգսյանը, Արմավիրի մարզպետարանի և «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի այլ աշխատակիցները, ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքների վարչական ղեկավարները, համայնքապետարանների աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ներկայացնելով հանդիպման նպատակը, ասաց. «Երկար տարիներ «ԷկոԼուր»-ը զբաղվում է ռադիացիոն անվտանգության հարցերով: Մենք անցկացրել ենք մոնիթորինգ ՀԱԷԿ-ից մինչև 10 կմ հեռավորության վրա գտնվող 25 համայնքներում, հանդիպել համայնքների ղեկավարների, բնակիչների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ իրավիճակ է այդ համայնքներում: Այդ համայնքներն ունեն հատուկ կարգավիճակ, բայց այն չի ենթադրում ազդակիր համայնքի կարգավիճակ: Նրանք չեն կարող օգտվել ազդակիր համայնքին հասանելիք արտոնություններից: Սա հակասություն է, և մենք փորձում ենք լուծել այդ հակասությունը, որպեսզի համայնքներն ունենան արտոնություններ, քանի որ նրանք կրում են ատոմակայանի շահագործման ազդեցությունը: Այս հարցով մի քանի տարի առաջ հասարակական կազմակերպությունները դիմեցին կառավարությանը և ստացան անորոշ պատասխան: Մինչ օրս այդ հարցը լուծում չի ստացել: Կա տեղեկատվության և երկխոսության պակաս, և ես հույս ունեմ, որ մենք կարող ենք աջակցել՝ փոխելու իրավիճակը»:
ՏԿԵՆ-ի էներգետիկայի բաժնի պետ Մարգարիտա Բալայանը նշեց. «Կարևոր է, որ հավաքվենք, հասկանանք՝ ինչ խնդիրներ ունենք, ինչ լուծումներ են հարկավոր: Մենք պատրաստ ենք հնարավորինս աջակցելու: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը կունենա իր դրական արդյունքը»:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը հանդես եկավ «ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքների խնդիրները» զեկույցով: Նա նշեց, որ ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավող գոտում գտնվող 95.771 բնակչությամբ 25 համայնքներն ունեն բազմաթիվ խնդիրներ: «Այդ համայնքներում չկան ֆունկցիոնալ նշանակության ճառագայթային թաքստոցներ, ժամանակավոր պատսպարման համար նախատեսված նկուղները և դպրոցների մարզասրահները մարդկանց չեն կարող պաշտպանել, համայնքները չունեն ֆինանսական միջոցներ թաքստոցների վերանորոգման համար, չկան անհատական պաշտպանության միջոցներ, վահանաձև գեղձի արգելափակման համար նախատեսված կայուն յոդի պատրաստուկներ, շչակները չեն գործում, հասանելի վայրերում փակցված չեն բնակչության տարհանման ուղեցույցներ և պաստառներ, տարհանման պլաններ, բնակչության մեծամասնությունը բավարար տեղեկատվություն չունի ճառագայթային վտանգից պաշտպանվելու մասին», - թվեց Վիկտորյա Բուռնազյանը:
Նա նշեց, որ 25 համայնքերից միայն Մեծամորն ունի ազդակիր համայնքի կարգավիճակ: Համայնքները զրկված են շրջակա միջավայրի բարելավման համար ՀԱԷԿ-ի վճարած բնապահպանական հարկի շրջանակներում նախատեսված սուբվենցիոն ծրագրերի իրականացման հնարավորությունից։ Նա նշեց, որ համայնքների հարցված բնակչությունը ցանկություն է հայտնել ավելի ցածր գնով էլեկտրաէներգիա գնել։
Տեղի բնակչությունը տեղեկացված չէ ՀԱԷԿ-ին վերաբերող որոշումների մասին, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետի երկարացման մասին, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի պահման մասին, ինչպես նաև չի մասնակցում նման հարցերի քննարկմանը։
«Համայնքներում նվազել է բերքատվությունը, ավելացել են քաղցկեղով հիվանդությունները, և բնակիչները մտավախություն ունեն, որ դա պայմանավորված է ՀԱԷԿ-ով: Բնակիչները մտահոգված են, որ չկա գյուղատնտեսության պլանավորում, որպեսզի ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքներում ճառագայթում կլանող մշակաբույսեր, օրինակ, ելակ չաճեցվեն: Նրանք չունեն տեղեկություն ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում օդի, ջրի և հողի աղտոտվածության մոնիթորինգի մասին: Որպեսզի բնակիչների մտավախությունները փարատվեն, անհրաժեշտ է նրանց տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն ՀԱԷԿ-ի ազդեցության վերաբերյալ», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը:
«Հայաստանում պետք է ստեղծվի շրջակա միջավայրի ճառագայթային լաբորատորիա, որն իրականացնի շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ՝ հողում, օդում, ջրերում, մթերքում, շինանյութում ռադիոակտիվ աղտոտվածությունը գնահատելու համար: Լաբորատորիայի ստեղծման վերաբերյալ «ԷկոԼուր»-ի հարցումը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին մնացել է անպատասխան», - նշեց նա:
Այս խնդիրների կարգավորման նպատակով «ԷկոԼուր»-ը ներկայացնում է հետևյալ առաջարկությունները՝ ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքներին անհրաժեշտ է տալ հատուկ կարգավիճակ, ֆինանսավորում հատկացնել բնակչությանը միջուկային վտանգից պաշտպանվելու միջոցներով ապահովելու համար, ներդնել օդի աղտոտվածության, մակերևութային ջրերի, ստորերկրյա ջրերի, հողի մոնիտորինգի, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի որակի վերլուծության մեխանիզմներ, համայնքներում առկա ապաստարանները համապատասխանեցնել հակաճառագայթային թաքստոցների պահանջներին, բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը ճառագայթային վտանգից պաշտպանվելու վերաբերյալ, բնակիչներին մշտական տեղեկատվություն տրամադրել շրջակա միջավայրի և ճառագայթային մոնիտորինգի արդյունքների մասին, ապահովել համայնքների մասնակցությունը ՀԱԷԿ-ի վերաբերյալ քննարկումների և որոշումների կայացման գործընթացին, ապահովել ՀԱԷԿ-ի և տեղի բնակչության միջև համագործակցությունը, բարձրացնել ՀԱԷԿ-ի կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության մակարդակը ազդակիր համայնքների նկատմամբ:
Արմավիրի մարզպետարանի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Արտակ Կարապետյանն արձագանքեց. «Գոյություն չունի «նկուղ-ապաստարան» տերմին: Միջուկային անվտանգության համար ուղղորդող պաստառներ պետք չէ տեղադրել բնակավայրերում, երբ չկա ճառագայթային վթար: Համապատասխան ուղղոևդող պլանները փակցվում են միայն վթարի դեպքում՝ բնակչության տարհանման գործողությունները սկսելուց առաջ: Տեսանելի վայրերում չպետք է լինեն տարհանման պլաններ: Այդ պլանը ունեն ՀՀ կառավարության 2005 թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 2328-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված տարհանման ենթակա մարզի բոլոր բնակավայրերը, և դրանք պահվում են համապատասխան համայնքապետարաններում:
ՀԱԷԿ-ի ճառագայթային ազդեցության գոտում կան հակաճառագայթային թաքստոցներ, որոնք տարին երկու անգամ ուսումնասիրվում են Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից, և դրանց վիճակի վերաբերյալ պարբերաբար զեկուցվում է փրկարար ծառայությանը: Ազդեցության գոտու բոլոր բնակիչներն ամրագրված են պաշտպանական կառույցներին: Յուրաքանչյուր ամիս իրականացվում է բազմաբնակարան շենքերի նկուղների ուսումնասիրություն՝ բնակչության պատսպարման համար դրանց պիտանելիության, սահմանված չափանիշների և սանիտարական վիճակի համապատասխանելիության ուղղությամբ: Պաշտպանական կառույցների օգտագործումը տնտեսական նպատակով՝ բացառությամբ մետրոպոլիտենի, թույլատրելի է պաշտպանական կառույցների ծավալի 40 տոկոսի չափով, և ազատման ժամանակը պետք է լինի ոչ ավելի, քան 6 ժամ», - ասաց Արտակ Կարապետյանը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր տարի մարզի համայնքներում անցկացվում է առնվազն 6 ուսումնավարժություն՝ «ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով: Նրա խոսքով՝ Արմավիրի մարզի 22 համայքններում տեղադրված են գործող ազդարարման սարքավորումներ՝ շչակներ և պարբերաբար իրականացվում են դրանց ուսումնական գործարկումները՝ համաձայն հաստատված պլան-ժամանակացույցի, որոնց մասին նախօրոք իրազեկվում է բնակչությանը:
«ԷկոԼուր»-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը բարձրացրեց հակաճառագայթային թաքստոցների հարցը՝ նշելով. «2020թ-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում՝ կապված թաքստոցների կառուցման անհրաժեշտության հետ: Այդ փաստը հստակ ֆիքսված է, որ դրա կարիքը կա, սակայն չկան համապատասխան տեխնիկական միջոցներ: Սակայն այդ թաքստոցներն այդպես էլ չկառուցվեցին, եկավ քովիդը, եկավ պատերազմը, և այդ աշխատանքները հետաձգվեցին: Մեր այսօրվա հանդիպման հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ ակտիվացնենք այդ աշխատանքները, որովհետև դա անհրաժեշտություն է մեր երկրի համար: Բացի այդ, մարդիկ պետք է նախօրոք ծանոթ լինեն տարհանման պլաններին, այլ ոչ վթարի դեպքում, որը կարող է գիշերը լինել: Եթե կա անհրաժեշտություն, ապա ենթաօրենսդրական ակտերը պետք է փոխել»: Ռոզա Ջուլհակյանը նշեց, որ բնապահպանական և բնօգտագործման վճարները պետք է ուղղվեն ազդակիր համայնքներում անվտանգության հարցերի լուծման համար:
«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ծառայության պետ Անուշ Սարգսյանը խոսեց «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի ֆինանսական ներդրումների մասին. «ՀՀ կառավարության թիվ 1404-Ա որոշմամբ՝ ընդունված 2015 թ-ի նոյեմբերի 26-ին, իրականացրել ենք ՀԱԷԿ-ի նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու ազդարարման համակարգի կառուցում, որի համար ծախսվել է 225.300 ԱՄՆ դոլար: Այս գումարը ծախսվել է այն բյուջետային վարկից, որը տրվել է ատոմակայանին շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն իրականացնելու համար: Հիմա պլանավորված է 10 կմ գոտու ազդարարման համակարգի կառուցում: Նախնական հաշվարկներով՝ 155 միլիոն դրամ տրամադրվելու է միայն սարքավորումների ձեռք բերման համար, որը չի ներառում նախագիծը և համապատասխան աշխատանքները»:
Հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ առկա է տեղեկատվության պակաս: Մարդիկ իրազեկված չեն՝ ինչ առաջնահերթ քայլեր պետք է իրականացվեն ռադիացիոն վտանգի դեպքում: Արագածոտնի մարզի ներկայացուցիչը նշեց, որ պետք է ազդակիր բոլոր բնակիչներն ապահովված լինեն յոդով. «Սա ամենահասարակ բանն է, որը պետք է արդեն արված լիներ»:
Ինգա Զարաֆյանն ասաց, որ պետք է հավաքագրվեն շահագրգիռ կողմերի առաջարկությունները և համապատասխան օրենսդրական փոփոխությունների տեսքով ներկայացվեն կառավարությանը: Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչը նշեց, որ պատրաստ են համագործակցության:
«Մեր խնդիրն է պատրաստ լինել վտանգի, ոչ թե սպասել՝ վտանգը գա, նոր մտածել՝ ինչ անել: Մեր նպատակն է ձեզ հետ միասին աշխատել և փոքր քայլերով լուծել առկա խնդիրները: Մենք ուզում ենք առողջ, կառուցողական աշխատանք, կառուցողական երկխոսություն, որպեսզի համայնքների բնակիչներն ավելի անվտանգ ու ապահով լինեն», - նշեց Վիկտորյա Բուռնազյանը:
Հունիս 29, 2022 at 11:36