Հայաստանում «Ռոսատոմ»-ի առաջարկած մոդելի, հզորության ատոմակայանի էներգաբլոկ կառուցելու դեպքում նախատեսվում է, որ այն կարող է շահագործվել 60 տարի՝ 40 տարի երկարաձգման հնարավորությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին ասաց Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը «Ատոմէքսպո 2022»-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում:
«Շուրջ կես տարի այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք տանում ռուսական կողմի հետ: Եվ այս փուլում կարող ենք ասել, որ արձանագրել ենք հաջողություններ: Կոնկրետ հայկական ատոմակայանն իրականացնում է նախնական տեխնիկատնտեսական հաշվարկ: Այս պահին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում ընդգրկված «Rusatom Energy Projects»-ը մեզ հետ զուգահեռ զբաղվում է այդ աշխատանքներով: Մենք նախնական տվյալները տվել ենք իրենց, իրենք հաշվարկներ են իրականացնում: Եվ կարծում եմ, որ դեկտեմբեր ամսին արդեն ուրվագծված կունենանք այն մոտավոր գնային արժեքը, որը կպահանջվի ատոմակայանի կառուցման համար»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դա լինելու է խիստ մոտավոր:
Քննարկվող տարբերակը բավականին փորձարկված մոդել է, որն ունի անվտանգության շատ բարձր դաս: Ըստ նրա՝ «Ռոսատոմ» պետկորպորացիայի կողմից առաջարկվող 1000 կամ 1200 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկը բավականին անվտանգ է: Այդ պատճառով էլ նախնական ընտրությունը կանգնել է հենց այդ էներգաբլոկների վրա: Ըստ Մարտիրոսյանի՝ հզորությունների տեղավորման, բաշխման խնդիրը կարող է լուծվել էներգետիկ համակարգի ընդլայնման, այսինքն՝ հնարավոր վաճառքի, հարևան պետությունների հետ նոր հոսքագծերի կառուցման պարագայում:
Իսկ թե կառուցվելիք էներգաբլոկը որքա՞ն կարող է շահագործվել՝ Մարտիրոսյանն ասաց. «Ռուսական դիզայնի կայանները շահագործվում են 60 տարի՝ ևս 40 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Այսինքն խոսքը 100 տարվա կայանի մասին է: Դա մենք կառուցելու ենք մեր սերունդների համար»:
Նոր էներգաբլոկը կառուցվելու է նույն տեղում: Ըստ նրա՝ եթե պայմանագիրը կնքեն 2024-ին, կառուցումը կտևի 10-12 տարի, լինելու է մեծ մասշտաբային շինարարություն: Շուրջ 10 հազար մարդ միաժամանակ շինհրապարակում՝ 60-70 հա տարածքում աշխատանքներ է իրականացնելու: Այդ աշխատանքներում ներգրավված են լինելու անձինք թե Հայաստանից, թե Ռուսաստանից: Այսօր, նրա գնահատմամբ, Հայաստանում կան բավականին պատրաստված շինարարներ, որոնք կարող են մասնակցություն ունենալ ատոմակայանի հնարավոր կառուցման աշխատանքներում:
Հայաստանը հիմա շահագործում է ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորը: Մարտիրոսյանն ընդգծեց, որ Հայաստանն ամբողջ աշխարհում միակն է, որ երկարատև դադարից հետո շահագործել է կայանը: Այսպիսով՝ կարծում է, որ կա ներուժ՝ շարունակելու շահագործումը նաև նոր դիզայնի կայանում: «Սովոր ենք ռուսականի: Կարծում եմ՝ աշխատանքները կշարունակենք ռուսականով»,- նշեց ատոմակայանի տնօրենը:
Իսկ հիմա ատոմակայանի գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու, այսինքն` մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: «Այսինքն՝ 2026-ից հետո մենք ևս գնում ենք 10 տարով երկարաձգման: Սակայն դա չի նշանակում, որ 2036-ին կարող ենք կանգնել»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ամբողջը կախված է տարբեր հանգույցներից, էլեմենտներից և ատոմակայանի օժանդակ սարքավորումներից»,- ասաց ատոմակայանի տնօրենը:
Մարտիրոսյանի խոսքով՝ ըստ «Ռոսատոմ»-ի կազմում ընդգրկված «Հիդրոպրես» ընկերության՝ ռեակտորը մինչև 2039 թվականի ռեսուրս ունի:
Նոյեմբեր 23, 2022 at 15:37