«Դուք գիտեք, որ մեր ծրագրում կա Հայաստանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագիր: Ցավոք, մեր գործող ատոմակայանն ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել, և հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում: Այդ բանակցությունները տարվում են ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ինչպես նաև երրորդ երկրների հետ: Մենք հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես մեզ համար ավելի շահավետ: Էներգետիկայի մասնագետները շատ խորը վերլուծություն են անում, թե որ հզորությունն է մեզ անհրաժեշտ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ առաջիկայում Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ՝ տեղում ավելի մանրամասն ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին: «Մոդուլային ատոմակայանները կարող են ավելի ցածր հզորություն ունենալ: Մենք կարող ենք մի մոդուլ կառուցել, հետո 2-րդը, ասենք՝ 70 Մվտ: Հիմա մեր ատոմակայանը 400 Մվտ է։ 70, 70, այդպես կտորներով կառուցել, հետո ինչքան հնարավոր է այն մեծացնել»,- նշել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եղել են նաև այլ առաջարկներ, սակայն փոքր-ինչ խնդրահարույց: «Միանգամից 1000 Մվտ-անոց ատոմակայան են առաջարկում։ Մեր մասնագետներն ասում են, որ 1000 Մվտ-ը մեր էներգետիկ համակարգում տեղավորելու հետ կապված դեռ հարցեր կան։ Իհարկե, մոդուլայինի հետ կապված էլ հարցեր կան։ Եվ մենք պետք է դիտարկենք, թե որն է մեզ տնտեսապես ավելի շահավետ»,- նշել է վարչապետը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումներում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։
Մայիս 25, 2023 at 15:55