Տարվում են ՀԱԷԿ-ի գործարկման նախապատրաստական աշխատանքներ

Տարվում են ՀԱԷԿ-ի գործարկման նախապատրաստական աշխատանքներ

Ներկայում տարվում են ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ) հետո Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկի գործարկման նախապատրաստական աշխատանքներ: Ըստ  ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքի՝ ՊՆՎ-2023-ի շրջանակներում իրականացվել են կայանի շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Աշխատանքներում ներգրավվել են ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներն ու փորձառու մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից, Սլովակիայից և այլ երկրներից:

Այս ընթացքում իրականացվել են թիվ 2 էներգաբլոկի 2ԳՇՊ-1÷6 պոմպային ագրեգատների շրջակապի խողովակաշարերի փոխարինման, ռեակտորային տեղակայանքի հերմետիկ սրահի կիպացման, բորի հանգույցի օդահովացման նոր համակարգի մոնտաժման, ՏԱ-ի մեքենասրահի I և II անցուղիների ՊՍՀՀ հենակախովի համակարգի և խողովակաշարերի ապամոնտաժման/մոնտաժման, դեպի թիվ 1 հովացման աշտարակ տանող շրջանառու ջրատարների հատվածամասերի ապամոնտաժման/մոնտաժման աշխատանքներ:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում ՊՆՎ-2023-ի ընթացքում իրականացվել են էներգաբլոկի համակարգերում տեղակայված MAW տիպի փականների փոխարինում նոր տիպի փականներով և ռեակտորային տեղակայանքի հերմետիկ սրահի օդահովացման 2Р-1, 2В-2, 2В-4 համակարգերի ագրեգատների փոխարինում: Բացի այդ, կատարվել են թիվ 3-4 տուրբագեներատորների օժանդակ սարքավորումների մոնտաժման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեցվել է 2023թ․ մայիսի 5-ին` 75 օր տևողությամբ: Վերագործարկումը նախատեսվում է հուլիսի 18-ին:

Հուլիս 11, 2023 at 13:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր